Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումները Արարատի մարզում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 5, 2013 18:02

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Արարատի մարզում էր եւ իր նախընտրական քարոզարշավը սկսեց հենց մարզկենտրոնից, որտեղ բավական հոծ բազմություն էր հավաքվել՝ ծանոթանալու թեկնածուի ծրագրի սոցիալական հատվածի հիմնադրույթներին: Դիմելով ներկաներին, Հովհաննիսյանը հավաստիացրեց. «Մասնագիտական հաշվարկներն ու վերլուծությունները վկայում են, որ միանգամայն հնարավոր է բյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ, ինչը թույլ կտա 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, էապես մեծացնել գիտության ու կրթության, առողջապահության եւ պաշտպանության ֆինանսավորումը: Բոլոր ոլորտներում կոռուպցիոն երեւույթներն ու մենաշնորհները արմատախիլ անելու միջոցով առաջիկա նախագահության տարիներին օտարերկրյա ներդրումները կաճեն շուրջ 6 անգամ, կստեղծվի 180 հազար նոր աշխատատեղ, կապահովվի տարեկան 10 տոկոս տնտեսական աճ, ինչի շնորհիվ կավելանան աշխատավարձերը եւ շուրջ 600 հազար քաղաքացի դուրս կգա աղքատությունից»:

Այնուհետեւ նախագահի թեկնածուն՝ իրեն ուղեկցող կամավորականների հետ, այցելեց Վեդի, Արտաշատ եւ Մասիս քաղաքները, փողոցներում ու զբոսայգիներում սրտաբաց զրույցի բռնվեց մարդկանց հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: «Պարույր Հայրիկյանի՝ նախագահական ընտրությունները հետաձգելու հարցով Սահմանադրական դատարան չդիմելու որոշումը նրա իրավունքի ու հայեցողության տիրույթում է»,- ի պատասխան ընտրողների հետաքրքրության, Վեդիում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply