«Դու երբեք քո ուղին մինչև վերջ չես անցնի, եթե կանգ առնես՝ քար նետելու ամեն մի վայրահաչողի վրա». Շարմազանովի մեջբերումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 5, 2013 18:15

Խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին` նշելով, որ այն թևակոխում է վճռական փուլ:

«Քարոզարշավ, որը նաեւ միջազգային փորձագետների կողմից բնութագրվում է որպես ծրագրային մրցապայքար՝ քաղաքական կոռեկտության սահմաններում, զերծ անձնական վիրավորանքից: Կարճ ասած` քարոզարշավ, որը բնորոշ է կայուն ժողովրդավարական երկրներին»,-նշել է նա:

Նրա խոսքով` ՀՀԿ-ն` որպես քաղաքական իշխանություն, անելու ենք մեզանից կախված ամենը, որպեսզի այս ընտրություններն իրենց որակով լինեն լավագույնը: Եվ պատահական չէ, որ մեր թեկնածուն ասել է. “Պարտավոր ենք լավ ընտրություններ անցկացնել: Դա օդ ու ջրի պես մեզ անհրաժեշտ է”:

Դիմելով գործընկերներին` նա ասել է.«Փետրվարի 18-ին մենք կընտրենք մեր Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարին և Արցախյան հարցով գլխավոր բանակցողին: Մենք համոզված ենք, որ հայոց բանակը մեր պետականության և հայության անվտանգության հիմնական երաշխավորն է և Արցախի հուսալի թիկունքը»:

Շարմազանովն ասել է, որ արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ քաղաքական կարգավիճակով պետք է ապրեն ապագայում` նկատի ունենալով, որ ԼՂ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության:

«Ավելին՝  խնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչումը»,-ընդգծել է նա:

Շարմազանովն անդրադարձել է նաև Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպին` որակելով այն զազրելի հանցագործություն, որն ուղղված էր ոչ միայն նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի, այլեւ մեր պետականության դեմ: «Այս սադրանքի հեղինակները նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Բայց մենք պարտավոր ենք այս փորձությունից դուրս գալ ավելի վճռական եւ միասնական: Ոչինչ եւ ոչ ոք չի կարող մեզ խանգարել կառուցելու ապահով, ուժեղ եւ ժողովրդավարական Հայաստան»,-ասել է Էդուարդ Շարմազանովը` միտքն ավարտելով ավանդական մեջբերումով` այս անգամ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Սըր Ուինսթոն Չերչիլի խոսքերից. “Դու երբեք քո ուղին մինչեւ վերջ չես անցնի, եթե կանգ առնես՝ քար նետելու ամեն մի վայրահաչողի վրա”:

 

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply