«Այս աննախադեպ իրավիճակը լրջագույն ախտանշան է Հայաստանի ընտրական համակարգում առկա խորը ճգնաժամի». Ա. Ռուստամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 5, 2013 17:48

«Առաջին անգամը լինելով` ՀՅԴ և երկու այլ ուժեր հայտ չեն ներկայացրել` մասնակցելու այս ընտրություններին: Այս աննախադեպ իրավիճակը լրջագույն  ախտանշան է այն խորը ճգնաժամի, որ առկա է Հայաստանի ընտրական համակարգում»,-այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով` այդ ճգնաժամի հիմնական պատճառները հայտնի են՝ իշխանության լիակատար չարաշահումը, որը իրականացվում է իշխող քաղաքական ուժի կողմից պետության վարչաֆինանսական ռեսուրսի անվերահսկելի և անսանձ օգտագործման միջոցով, ընտրությունների նկատմամբ հասարակության ծայրահեղ անվստահությունը,  ինչն արմատավորվել է իշխանությունը ընտրությունների միջոցով փոխելու նախադեպի չգոյությամբ:

«Ահա այս ծայրահեղ անհավասար և անմրցակցային պայմաններն են անիմաստ և անարդյունավետ դարձնում, իշխող քաղաքական ուժից բացի, որևէ այլ քաղաքական ուժի նպատակային մասնակցությունը այս ընտրություններին»,-ասաց նա:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը սրանից բացի, այլ բացատրություններ փնտրելը համարում է կա’մ ինքնախաբեություն, կա’մ այս կամ այլ կերպ իշխանական սցենարի ամբողջացմանը ծառայել:

Նա նաև նշել է, որ իրենք ամենևին չենք դադարեցնելու պայքարը հանուն 7 կետերով հռչակած նպատակների: Պարզապես նույն այդ 7 կետերի իրականացմանը հասնելու նպատակահարմարությունից ելնելով, այս պայմաններում հրաժարվում են պարտադրված կանոններով խաղեր խաղալուց: «Երբ, այս ամենը իմանալով, մեզ քննադատում են իշխանությունները, ինչ-որ առումով հասկանալի է, որովհետև հակառակ դեպքում նրանք ստիպված պիտի ընդունեն այսպիսի ընտրություններից հրաժարվելու մեր փաստարկները»:

Սակայն, երբ իրենց մասնակցությունն արդարացնելու համար այդ քննադատություններին միանում են նրանք, որոնք թվում է, թե իշխանության դեմ պետք է պայքարի ելած լինեին, ըստ ռուստամյանի, առնվազն տարօրինակ է: «Թվում է, թե նրանք պետք է ուրախ լինեին, որ դաշտը մնացել է միայն իրենց և կարող են միավորել ու լիովին տնօրինել ընդդիմադիր ընտրազանգվածը»,-նկատում է նա:

Իսկ եթե փորձելու են իրենց առաջադրումը հիմնավորել նրանով, որ ավելի շատ տոկոս ունեն, քան չմասնակցողները, ապա Ռուստամյանը հիասթափեցնում է նրանց, որովհետև չմասնակցողների գումարային տոկոսը կազմում է շուրջ 45 տոկոս, որից իրենք անհամեմատ  ավելի հեռու են:

«Իսկ եթե կարծում են, որ պայմանները բավարար են նորմալ ընտրություններ անցկացնելու և, որպես քաղաքական ուժ, բնական են համարում իրենց քաղաքական պայքարի մեջ մտնելը,  ուրեմն ընդունում են, որ պայքարը քաղաքական է, հետևաբար պետք է ընդունեն նաև  ընտրությունների արդյունքներ և շնորհավորել կանխորոշված հաղթողին»:

Հակառակ դեպքում, ըստ Ռուստամյանի, ստիպված են լինելու կրկնել իրենց նախապես արված  գնահատականները, բայց արդեն իշխանություններին  մեծ ծառայություն մատուցելուց հետո:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply