Շուտով ԿԸՀ աշխատանքներին կարող է հետևել յուրաքանչյուր ոք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 5, 2013 16:33

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ներկայացրել է ԿԸՀ նիստերի առցանց հեռարձակման համակարգը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (ԱՅ ԷՖ Ի ԷՍ/IFES) հայաստանյան մասնաճյուղի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համագործակցության արդյունքն է:
Նշված նախաձեռնությունն ընձեռում է հնարավորություն` հետևելու հանձնաժողովի նիստերի աշխատանքին, պատկերացում կազմելու դիմում(բողոքների) քննության վարույթների, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման վերաբերյալ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ նիստերի առցանց հեռարձակման համակարգը լրացուցիչ միջոց է` ուղղված հանձնաժողովի գործունեության թափանցիկության, հանրային իրազեկման և անձանց իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ողջունելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությունը, նշել է, որ այն կխթանի ընտրական գործընթացի մյուս մասնակիցների աշխատանքը և կբարձրացնի հանրային վստահությունը:
ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ստիվեն Բրեգերն իր խոսքում նշել է, որ բարձր է գնահատում կատարված աշխատանքը` հույս հայտնելով, որ նմանատիպ նախաձեռնությունները կկրեն շարունակական բնույթ:

Դիտվել է 627 անգամ:
Print Friendly

Leave a Reply