Սպառողական կոոպերատիվներ` գյուղատնտեսության զարգացման նոր ուղի

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | March 31, 2010 16:09

Գյուղացիները փաստում են, որ միասնական պայքարում խնդիրներն ավելի հեշտ են լուծվում

Լուկաշին գյուղի բնակիչ Զարուհի Գևորգյանը, որ մասնագիտությամբ ուսուցիչ է, արդեն մի քանի  տարի է` «Լուկաշին» սպառողական կոոպերատիվի անդամ է: Նա չի հիշում, թե սրանից հինգ տարի առաջ իրենց գյուղում կոոպերատիվ ստեղծելու գաղափարն ինչպես ծագեց: Սակայն  ասում է, որ առաջին հավաքներն իսկ  մեծ ոգևորությամբ էին անցնում. հավաքվում էին դպրոցում ու քննարկում իրենց համատեղ անելիքները: «Երևի ուրիշ կոոպերատիվի հաջող փորձով էինք ոգևորված, բայց այդ ոգևորությունն արդյունք ունեցավ»,- ասում է Զարուհին:

Կոոպերատիվի ստեղծումից ի վեր  կառույցի անդամները մի շարք ձեռքբերումներ են ունեցել:  «Մի վայրկյան իսկ չենք զղջացել, որ անդամագրվել ենք կոոպերատիվին,- ասում է Զարուհին` թվարկելով, թե մյուս համագյուղացիների համեմատությամբ ինչ արտոնյալ վիճակում են:- Համեմատաբար ցածր տոկոսադրույքով գյուղվարկեր  ենք վերցնում, շուկայականից ցածր գնով թունաքիմիկատ, պարարտանյութ ու սերմնացու ենք ձեռք բերում և էլի լիքը ուրիշ բաներ»:

Զարուհին ասում է, որ կոոպերատիվը ոչ միայն օգնում է իր անդամներին ճիշտ և արդյունավետ  կազմակերպել գյուղացիական տնտեսությունը, այլև ձեռք է մեկնում կյանքի այլ ոլորտներում. գյուղում հիմնվել է Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիային  կից գործող «Լուսաշող» կանանց ակումբը, որտեղ կանանց կրթության անհրաժեշտության, հասարակությունում նրանց դերի  մասին դասընթացներ են կազմակերպվում, բացվել են կար ու ձևի և այլ արհեստների խմբակներ:

Զարուհի Գևորգյանը հավատացած է, որ կոոպերատիվը հետագայում էլ կշարունակի զարգանալ և գյուղացուն ավելի կօգնի  նրա առօրյա գործունեության մեջ:  Նա նշում է, որ առաջիկայում գյուղում կգործի կաթի վերամշակման արտադրամաս, կարգի է բերվում նաև սառնարանային տնտեսությունը, որտեղ բնակիչները կկարողանան պահել և՛ կաթնամթերքը, և՛ գյուղմթերքը` ձմռանն ավելի թանկ գնով վաճառելու համար: «Սա բոլորովին նման չէ խորհրդային տարիներին գործող կոլխոզային համակարգին: Եվ ամենակարևորը, հասկացել ենք, որ համատեղ աշխատանքով ավելի շատ օգուտ կարող ենք ստանալ»,- ասում է Գևորգյանը:

Ձախից՝ Վարդան Համբարձումյան, Վարդգես Դավթյան

«Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» (ԳԱՖ)  իրավաբանական անձանց միությունը հիմնադրվել է 2001-ին տեղական ութ ֆերմերային կազմակերպությունների նախաձեռնությամբ: Ներկայումս ասոցիացիայի կազմում ընդգրկված է 21 սպառողական կոոպերատիվ` 1700 անդամներով, որոնցից տասներկուսը Արմավիրի մարզում են: Կոոպերատիվների  անդամներն ամեն ամիս 300 դրամ անդամավճար են տալիս: Կոոպերատիվի մատուցած ծառայությունները վճարովի են,  սակայն, ըստ ԳԱՖ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի, ասոցիացիան և կոոպերատիվները շահույթ չհետապնդող կազմակերպություններ են, և գանձված գումարն անհրաժեշտ է միայն ինքնածախսածածկման համար:

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում 2005 թ-ից գործում է «Լուկաշին» սպառողական կոոպերատիվը: Սկզբնական շրջանում կոոպերատիվն ուներ 42 անդամ, տարիների ընթացքում կոոպերատիվի անդամների թիվը հասել է 84-ի: Բազմաթիվ են նաև կառույցին անդամագրվել ցանկացող գյուղացիները, սակայն կառույցը անդամակցության գործընթացը սառեցրել է: «Շատ գյուղացիներ կան, որ ուզում են անդամակցել մեր կոոպերատիվին, բայց չենք ընդունում, քանի որ նրանց համար ծառայություններ մատուցելու համար բավարար ֆինանսական միջոցներ չունենք»,- ասում է «Լուկաշին» սպառողական կոոպերատիվի նախագահ Վարդգես Դավթյանը՝ հավելելով, որ շրջանառու միջոցների աճի դեպքում այդ խնդիրը կլուծվի:

ԳԱՖ-ի նախագահ Վարդան Համբարձումյանն ասում է, որ կոոպերատիվն արդյունավետ գործունեության համար պետք է ունենա նվազագույնը 42 անդամ, իսկ անդամների թվի սահմանափակման խնդիր չկա. «Եթե շրջանառու միջոցները բավարար են, անդամների թիվը կարող է առանց սահմանափակման անընդհատ ավելանալ»:

Կոոպերատիվը դրական է ներկայացնում նաև Լուկաշին գյուղի մեկ այլ  բնակիչ` կոոպերատիվի անդամ Լյովա Իսկանդարյանը: Նա   կոոպերատիվին անդամագրվել է առանց ինչ-որ ակնկալիքների: «Մասնագիտությամբ գյուղատնտես եմ, ու հնարավորություն էր ստեղծվում իմ խորհուրդներով օգնել համագյուղացիներիս, հրաժարվելու պատճառ չունեի»,- ասում է Իսկանդարյանը: Նա հիմա  մշակում է երկու հա հողատարածք. աճեցնում  խաղող, ծիրան, սալոր և այլ մրգեր ու բանջարեղեն:

Իսկանդարյանը պատմում է, որ մինչև կոոպերատիվին անդամագրվելը պարարտացնում էր միայն իր խաղողի տնկիները, քանի որ պայմանագիր ուներ կոնյակի գործարանի հետ և նրանից ամեն տարի 40 ար հողատարածքի համար պարարտանյութ և թունաքիմիկատ  էր ստանում: «Մեկ հեկտարի համար 10-12 պարկ պարարտանյութ է պետք, այդքան ոչ մի կերպ չէի կարող գնել:  Հիմա կոոպերատիվը շուկայականից ցածր գնով պարարտանյութ է ապահովում, վճարն էլ միանգամից չի գանձում: Տարվա ընթացքում` հիմնականում աշնանը, երբ գումար ենք ունենում, մաս-մաս վճարում ենք: Ցածր գներով ձեռք ենք բերում նաև թունաքիմիկատներ, դիզելային վառելիք, այն ամենը, ինչ նախկինում մատչելի չէր հասարակ գյուղացուն»,- ասում է նա:

Իսկանդարյանը նշում է նաև, որ չնայած կոոպերատիվը բազմաթիվ առավելություններ ունի, սակայն չի կարողանում լուծել գյուղացու առջև ծառացած բոլոր խնդիրները. «Ծիրանի ամբողջ բերքը ցուրտը տարել է: Մյուս մրգատեսակների ճակատագիրն  էլ դեռևս հայտնի չէ, առաջիկայում պարզ կդառնա: Արդեն օրինաչափություն է, որ գյուղացին նորմալ բերք չպետք է ունենա. եթե ցրտահարություն չլիներ, կարկուտը կամ մի այլ աղետ ամեն ինչ կփչացներ: Լավ կլինի, որ գյուղացին կարողանա ապահովագրել իր բերքը: Պատրաստ ենք վճարել, միայն թե ամեն անգամ ճակատագրական պահին դատարկաձեռն չմնանք »,- ասում է նա:

Դավթյանի խոսքերով՝ կոոպերատիվում համատեղ գործունեության արդյունքում գյուղացու ծախսերը մոտ 20 տոկոսով կրճատվել են: Խորհրդատվությունների շնորհիվ  էլ հաջողվել է բարձրացնել և՛ բերքատվությունը, և՛ անասունների կաթնատվությունը: Կոոպերատիվների անդամների համար պարբերաբար կազմակերպվում են անվճար մասնագիտական խորհրդատվություններ, գյուղացիներին ներկայացվում են հողը ճիշտ մշակելու, ոռոգման, հետբերքահավաքային շրջանի ճիշտ կազմակերպման կամ արդյունավետ անասնապահության նոր մեթոդներ:

Դավթյանն ասում է, որ կոոպերատիվի անդամները նաև աստիճանաբար սկսում են զբաղվել օրգանիկ գյուղատնտեսությամբ: Արդեն  18 հա օրգանական ցանքատարածություններ ունեն: Ըստ նրա՝ օրգանիկ գյուղմթերքի համար 40-50 տոկոսով ավելի շատ գումար են ստանում, միայն թե դեռևս չեն կարողանում սպառող ընկերությունների պահանջած քանակով արտադրանք ապահովել:

Իսկանդարյանը կարևորում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելը` այն համարելով ավելի ձեռնտու, սպառողի համար էլ` անվտանգ: Սակայն ներկայումս հողի  միակողմանի պարարտացումը արդյունավետ չէ ու նաև վտանգավոր.  «Խորհրդային տարիներից հետո միայն միակողմանի պարարտացնում ենք իրականացնում ու բերք պահանջում, մինչդեռ ազոտական պարարտանյութից բացի, անհրաժեշտ է նաև ֆոսֆորական, կալիումական և այլ պարարտանյութեր օգտագործել»:

Սպառողական կոոպերատիվի առավելությունները տեսանելի են նաև Արմավիրի մարզի Վանանդ և Տալվորիկ գյուղերում: Այս երկու գյուղերի 63 գյուղացիական տնտեսություններ միավորվել են «Վանանդ» սպառողական կոոպերատիվում` միասին լուծելով գյուղմթերքի արտադրման և իրացման խնդիրները: Այստեղ էլ համատեղ արտադրության ոլորտում հաջողությունների են հասել, սակայն իրացման ոլորտում դեռևս շատ խնդիրներ կան: «Մեկ լիտր կաթը մեզանից գնում են 90 դրամով, այն դեպքում, երբ մեկ լիտր ջուրն արժի 150 դրամ»,- ասում է Տալվորիկի գյուղապետ Կիրակոս Սաղաթելյանը` ներկայացնելով իրացման ոլորտում առկա խնդիրները: Գյուղի բնակիչների կարծիքով` խնդիրը կլուծվի, եթե գյուղում կամ շրջակա որևէ բնակավայրում հիմնվի կաթի և գյուղմթերքի վերամշակման կետ:

2009-ի դեկտեմբերից ԳԱՖ-ի ջանքերով Մալաթիա  տոնավաճառի հարևանությամբ գյուղմթերքի հավաքման կենտրոն է ստեղծվել: Լուկաշին, Նիզամի և Հովտաշատ գյուղերում ստեղծված մթերքի հավաքման կետերից գյուղմթերքը պետք է սառնարանային բեռնատարներով հասցվի այստեղ և մեծածախ վաճառք իրականացվի: «Այսպիսով գյուղացին հանգիստ կկարողանա զբաղվել հողագործությամբ, շուկա հասնելու համար ժամանակ և գումար չի վատնի, միջնորդ-վերավաճառողների հետ գործ չի ունենա և սովորականից 2,5 անգամ ավելի եկամուտ կստանա»,- ասում է Վարդանյանը և ավելացնում, որ ԳԱՖ-ը մտադրություն ունի նաև ձեռք բերել լոլիկի, ծիրանի, դեղձի վերամշակման կետ, որպեսզի բերքի իրացման շրջանում գյուղացուց մինչև սպառող ընկերություն  ճանապարհն ապրանքն ավելի օպտիմալ տարբերակով անցնի` առանց որակական կորուստների: «Եթե ֆինանսական միջոցներ հայթայթենք, ծրագիրը կիրականացվի այս տարվանից սկսած»,- ասում է Վարդանյանը:

Դիտվել է 4706 անգամ:
Print Friendly

Leave a Reply