Թուրք-հայկական միջպետական սահմանի վերաբացման համատեքստը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 2, 2010 10:08

ԽՍՀՄ-ի փլուզումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մշտապես բախվել է թուրքական նախապայմանների խնդրին: Այդ նախապայմաններից մեկն էլ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն է Արցախի հիմնահարցի ադրբեջանանպաստ կարգավորման խնդրում: 1993 թ., ի նշան այդ հարցում Ադրբեջանի հետ «համերաշխության», Թուրքիան փակեց իր պետական սահմանը Հայաստանի հետ: Սահմանների փակումը միջազգային պատժամիջոցի (սանկցիայի) տարատեսակ է, որը կիրառվում է միջազգային կազմակերպությունների (մասնավորապես ՄԱԿ-ի) թույլտվությամբ կամ առանձին պետությունների կողմից: Եվ այս առումով չափազանց կարևոր է այդ պատժամիջոցի կիրառման պատճառաբանությունը:

Թուրքիայի պատճառաբանությունն Արցախյան հիմնախնդիրն է, հետևաբար, նրա կիրառած պատժիչ միջոցը ռազմական է, որը լրացվում է նաև տնտեսական բովանդակությամբ` ուղղված Հայաստանի տնտեսաքաղաքական հզորության թուլացմանը, որն իբր պետք է հանգեցներ նաև Արցախի հիմնահարցում Հայաստանի դիրքերի թուլացմանը: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նմանատիպ պատժիչ ռեժիմ չի գործում: Փաստորեն, սահմանի փակումը ոչ թե պետք է դիտվի որպես միջազգային հանրության պատժիչ գործողություն, այլ միմիայն Թուրքիայի կողմից Արցախի հիմնահարցում Հայաստանի դեմ կիրառված միակողմանի «պատասխան գործողություն»: Բայց Թուրքիան երբևէ պաշտոնապես չի հանդիսացել և հիմա էլ չի հանդիսանում Արցախյան հակամարտության կողմ, հետևաբար առաջ է գալիս այդ «գործողության» օրինականության` միջազգային իրավունքի նորմերին համապատասխանության հարցը: Հենց սրա վրա պետք էր մշտապես շեշտադրել սահմանի վերաբացման հարցում:

Այդուհանդերձ, Հայաստանի` սահմանի վերաբացման հարցը միջազգային նորմերի հարթության վրա լուծելու ջանքերը մինչ այժմ հաջողությամբ չեն պսակվել, թեև Թուրքիային ուղղված այդպիսի կոչերով հանդես են եկել ինչպես առանձին երկրներ, այնպես էլ միջազգային կազմակերպություններ: Այդ հարցը տեղ գտավ նաև հայ-թուրքական արձանագրություններում: Դրանցից մեկում կողմերը պարզապես կարևորում են սահմանը բացելու (իրականում` վերաբացելու) իրենց որոշումը, իսկ մյուսում հենց առաջին կետով համաձայնում են արձանագրությունների ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում բացել ընդհանուր սահմանը:

Ինչպիսի՞ն է կողմերի ներկայիս պաշտոնական դիրքորոշումն այս հարցում: Հայաստանը մշտապես հայտարարել և հայտարարում է, որ հայ-թուրքական և արցախյան կարգավորման գործընթացները փոխկապակցված կամ փոխպայմանավորված չեն: Ավելին, ինչպես բազմիցս հայտարարել են Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը, այդ գործընթացների փոխկապակցումը կարող է բացասաբար անդրադառնալ երկուսի վրա էլ: Միջազգային կառույցները, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես զգուշացնում են դրանց փոխկապակցման վտանգավորության մասին: Թուրքական պաշտոնական շրջանակները, հատկապես` վարչապետ Ռ. Թ. Էրդողանը, բազմիցս,  արձանագրությունների ստորագրումից հետո հայտարարել են, որ Թուրքիան կբացի իր սահմանը Հայաստանի հետ միայն արցախյան կարգավորման գործընթացում որոշակի առաջընթացի դեպքում: Անշուշտ, այս պահանջը քաղաքական լուրջ հիմք ունի. Թուրքիայի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը, ադրբեջանական հզոր լոբբին Թուրքիայում, դրանցով և «էթնիկ եղբայրության» պատկերացումներով պայմանավորված թուրքական հանրային լայն շրջանակների տրամադրությունները, որոնք չափազանց մեծ նշանակություն ունեն հատկապես նախընտրական շրջանում և այլն: Սակայն դա միայն Թուրքիայի գործն է, ըստ որում, դրանց թվում բացակայում է ամենակարևորը` իրավական հիմնավորումը:

Եվ  ահա տրամաբանական հարց է ծագում. եթե Թուրքիան իր սահմանը Հայաստանի հետ փակել է Արցախի հիմնահարցի պատճառով, ապա ի՞նչ կապ ունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Արցախի հիմնախնդրով պատճառաբանված թուրք-հայկական փակ սահմանի վերաբացումը: Այս համատեքստում հատկանշական է մի քանի հանգամանք.

Առաջին` «կողմերը համաձայնում են» ձևակերպումն իրականում այնքան էլ ճշգրիտ չէ, քանզի Հայաստանը երբեք չի փակել իր սահմանը Թուրքիայի հետ:

Երկրորդ` արձանագրություններում, ի տարբերություն կարգավորման ենթակա մյուս հարցերի, սահմանի վերաբացման վերաբերյալ մանրամասն հատուկ ընթացակարգ չկա, այն ամրագրված է «մի տողով»: Բնականաբար, այստեղ ոչ մի խոսք չկա սահմանի վերաբացման և Արցախյան հիմնահարցի փոխկապվածության մասին:

Երրորդ` առհասարակ որքանո՞վ էր տեղին Հայաստանի և Թուրքիայի միջպետական հարաբերությունները կարգավորելուն ուղղված այդ արձանագրություններում ներառել սահմանի վերաբացման հարցը, եթե ի սկզբանե հայտնի էր Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցի լուծման գործում:

Ի՞նչ կարելի է եզրակացնել այս ամենից և ի՞նչ կարելի է անել: Նախ, այո, հայ-թուրքական և արցախյան կարգավորման գործընթացները փոխկապակցված են, փոխկապակցված են հենց Թուրքիայի դիրքորոշմամբ և պատճառաբանությամբ: Այսինքն` կա դրանց քաղաքական փոխկապակցություն, փոխպայմանավորում: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ կա նաև իրավական փոխկապվածություն: Հակառակը, եթե միջազգային իրավունքին հակասում է Թուրքիայի` Հայաստանի հետ սահմանը փակելու պատճառաբանությունը, ապա նույն կերպ պետք է գնահատվի նաև արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիայի պաշտոնական շրջանակների դիրքորոշումը, որը, փաստորեն, արձանագրությունների ստորագրումից առաջ և հետո էական փոփոխության չի ենթարկվել: Եվ եթե Հայաստանի շահերի հետ համընկնում է իրավական մոտեցումը, ուրեմն մեր ապագա գործողությունները պետք է ներառեն ոչ այնքան թուրք պաշտոնյաների պարբերական և մշտական քաղաքական հայտարարությունները հերքելը, այլ այդ հարցին վերջնական իրավական լուծում տալը` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Եվ, կարծում ենք, չարժեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանց այդ էլ բարդ գործընթացը «ծանրացնել» այդ հարցով:

Չնայած արձանագրությունների մեջ սահմանի վերաբացումն ու դրա որոշակի ժամկետի ամրագրումն ինքնին դրական է, սակայն Թուրքիայի կողմից այդ հարցի փոխկապակցումն Արցախի հիմնախնդրի հետ կարող է դառնալ (թերևս հենց դա էլ հիմնականն է այսօր) արձանագրությունների վավերացման ամենամեծ խոչընդոտը: Այդ իսկ պատճառով առավել նպատակահարմար կլինի սահմանների վերաբացման հարցը քննարկել ոչ այնքան արձանագրությունների, այլ միջազգային իրավունքի ընդհանուր ձևաչափով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև արձանագրությունների ձևաչափից դուրս: Թուրքիան արդեն իսկ ձգձգում է արձանագրությունների վավերացման գործընթացը, այսինքն` արհեստականորեն ձգձգվում է նաև սահմանների վերաբացման հարցը: Եվ եթե Թուրքիան, ի վերջո, չվավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանի առաջին իսկ քայլը պետք է լինի սահմանների վերաբացման հարցն առանձին ձևաչափով ներկայացնելը:

Նարեկ Ս. ԳԱԼՍՏՅԱՆ

Քաղաքական գիտությունների թեկնածու

Դիտվել է 2216 անգամ:
Print Friendly

Leave a Reply