Պարույր Հայրիկյանը նախագահական ընտրությունները չի հետաձգի. նա արդեն գործի մեջ է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 5, 2013 12:15

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան  փետրվարի 18-ին կայանալիք  նախագահական ընտրությունները երկու շաբաթ հետաձգելու պահանջով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Հայրիկյանի նախընտրական գրասենյակի միջազգային կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանի խոսքով` ի սկզբանե  պարզ էր, որ ոճրագործների նպատակը Հայրիկյանին վերացնելն էր, որի հետևանքը պետք է լիներ նոր ընտրական գործընթացը, որը պարտադիր էր, եթե Հայրիկյանը մահանար:

«Մենք ուզում ենք, որ իրենք իրենց նպատակին չհասնեն: Մեր գործն է խոչընդոտել իրենց նպատակներին: Դրա համար էլ բացառում ենք նոր ընտրությունները»,- ասում է Եղնուկյանը:

Իսկ հետաձգելու առումով, ըստ Եղնուկյանի, թեև պարզ է, որ կատարվածը Հայրիկյանի համար անհաղթահարելի երևույթ է, «բայց Հայրիկյանը չի ուզում դա շահարկել: Բայց թույլ է տալիս, որ մնացած բոլոր թեկնածուներն իրենք որոշեն`  բանակցային եղանակով կամ կարող են իրենք դիմել ՍԴ»:

Անդրադառնալով Հայրիկյանի ռեյտինգին` Եղնուկյանն ասում է, որ այս օրերին տեղաշարժ գրեթե չի եղել: « Թեկնածուի հիվանդանոցում երևալը բացասական իմիջ է ստեղծում, որ նա խոցելի է, դա նրան ռեյտինգ չի տալիս: Հիվանդանոցում երևալը այն կերպարը չէ, որ  Հայրիկյանը միշտ ունեցել է: Դա, համենայնդեպս, իր դեմ է աշխատում»:

Եղնուկյանը տեղեկացրեց նաև, որ նախագահի թեկնածու Հայրիկյանը  չի հրաժարվի  թիկնապահներից. քանի դեռ ոճրագործը չի բացահայտվել, նրա կյանքը վտանգի տակ է:

Ասուլիսի կեսին ժամանեց նաև Պարույր Հայրիկյանը, իր իսկ խոսքով` ցույց տալու որ « ներկա եմ ոչ միայն քաղաքական դաշտում, այլ նաև ֆիզիկապես, որ ամեն հայ հասկանա, որ որևէ ահաբեկչություն հայ քաղաքական կյանքը իր բնականոն ուղուց չպետք է շեղի և ամեն մեկս անելիք ունենք»:

Հայրիկյանը նշեց, որ  առաջին անգամը չէ, որ փորձում են իրեն  սպանել,  «բայց իրականում փորձել  են սպանել այն արժեքները, որ փորձել եմ դարձնել իմ ժողովրդի սեփականությունը` ժողովրդավարություն, ինքնորոշում: Նույնը ևս այս փուլում»:

Անդրադառնալով հնչեցրած մեղադրանքներին, թե իշխանությունների հետ համաձայնության է եկել ընտրությունները չհետաձգելու հարցում, Հայրիկյանն առաջարկեց մյուս թեկնածուներին ցանկացած տարիքում համեմատել իրենց ու Հայրիկյանի գործունեությունը, «հետո նոր հիմարություններ դուրս տալ»:

«Տիրոջ կամքով կենդանի մնացի, բայց դա չի նշանակում, որ դիմացինը սխալ է արել: Հրեշտակները չթողեցին, որ դա կատարվի, երևի ինչ-որ բան կա, որով դեռ  պիտի օգտակար լինեմ,- ասում է  Հայրիկյանը:- Կատարյալ ժողովրդավարության մոդելը մարդկության ապագան է: Եթե հայ քաղաքական գործիչներն իրենց ամբիցիաները թողնեն, որևէ մեկի հետ դաշինք կազմելով մեկ-երկու տարում կկարողանանք Հայաստանը դարձնել աշխարհի ամենաօրինակելի երկիրը»:

Վերջում Հայրիկյանը հավելեց, որ ինքն արդեն գործի մեջ է:

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply