Ղարաբաղյան հարցը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում. երկընտրանք

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 5, 2010 10:24

Եթե Ադրբեջանը հրապարակավ հայտարարել է, թե ընդունում է նորացված «մադրիդյան սկզբունքները», ուրեմն փաստաթուղթը հայկական կողմի շահերից չի բխում, hետևաբար, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պարտվում է, կամ Ղարաբաղը տալիս ենք ևն: Նման տեսակետներ սկսեցին շրջանառվել, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ նորացված «մադրիդյան սկզբունքները» ընդունելի են Ադրբեջանի համար:

Տեսակետները, սակայն, խոցելի են մի քանի պատճառներով:

Առաջին` Ադրբեջանը 2 տարի առաջ էլ հայտարարել էր, որ համաձայն է 2007 թ. առաջարկված «մադրիդյան սկզբունքներին»: Ուստի, նորացված տարբերակի հավանությամբ,  ինչ-որ տարօրինակ բան տեղի չի ունեցել:

Երկրորդ` հայտարարելով, թե կողմ է ինչ-որ փաստաթղթի, Ադրբեջանը նույն հաջողությամբ կարող է հետագայում հայտարարել հակառակը. դրա փորձը կա, և համաձայնության մասին հայտարարությունն ընդամենը հայտարարություն է: Եթե բոլոր հայտարարությունները իրականությանը համապատասխանեին, հիմա հակամարտությունը լուծված կլիներ:

Երրորդ` Ադրբեջանի ԱԳՆ-ի համաձայնության մասին հայտարարությունը ներքին սպառման ու հայ հանրության մեջ անորոշություն սերմանելու նպատակ ունի. նկատի են ունեցել, որ Հայաստանի ներքաղաքական ուժերը կօգագործեն այդ հայտարարությունը, ու Հայաստանում հաստատված կայունությունը կսրվի, իշխանության հասարակական բազիսը կթուլանա և այլն: Այսինքն` այս քայլը նաև սոցիալական-տեղեկատվական զենքի արժեք ունի Ադրբեջանի համար:

Նույն իրողությունն էր հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեպքում, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ողջունեց այն` ասելով, որ կստորագրեն, և հայ հանրության մեջ կասկած առաջացավ. եթե Թուրքիան ողջունում է, ուրեմն այն չի բխում հայկական կողմի շահերից: Բայց հետո, ինչպես տեսանք, Թուրքիան սկսեց աստիճանաբար հետ կանգնել իր իսկ ողջունած ու ստորագրած արձանագրություններից:

Չորրորդ` Մադրիդյան սկզբունքները, իրենց թե՛ նախկին ու թե՛ նորացված տարբերակներով ձեռնտու չեն Հայաստանին, քանի որ ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրսբերման ու դրանք Ադրբեջանին վերադարձնելու մասին կետ կա: Այսինքն` Ադրբեջանի համաձայնությունը լինի թե չլինի, այդ սկզբունքները ձեռնտու չեն Հայաստանին ու անընդունելի են Հայաստանի, Ղարաբաղի ու Սփյուռքի հայության համար:

Հինգերորդ` եթե անգամ Մադրիդյան սկզբունքները չեն բխում Հայաստանի կենսականորեն կարևոր շահերից, դրանք ընդամենը մնում են որպես հիմնարար սկզբունքներ, որոնց շուրջ դեռ պետք է բանակցություններ ընթանան: Այսինքն` միջնորդ երկրները կամ Ադրբեջանը կարող են առաջադրել ինչ-ինչ զիջումներ, սակայն դրանք նույն հաջողությամբ կարող են չընդունվել Հայաստանի կողմից:

Այլ հարց է` ինչու է բանը հասել նրան, որ Հայաստանին այդպիսի առաջարկներ են անում: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացի սկզբից էլ համանախագահների շրջանում միշտ եղել են տարածքների հաձնման ու հայկական ուժերի դուրսբերման մասին սկզբունքները: Դրանք եղել են և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջաններում: Իսկ ցանկացած նոր իշխանություն հիմնականում և անուղղակիորեն ժառանգում է նախորդ իշխանությունների ստանձնած պարտավորություններն ու բանակցությունների փորձը. Լևոն Տեր-Պետրոսյանից այդ փորձը փոխանցվեց Ռոբերտ Քոչարյանին, Քոչարյանից էլ` Սերժ Սարգսյանին:

Ինչքան էլ արդիականացվեին ու վերափոխվեին այդ սկզբունքները, դրանք հիմնականում մնալու էին նույնը: Միայն ռազմական էլիտայի կողմից իշխանափոխության պարագայում է հնարավոր, որ դրանք ըստ էության փոփոխվեն (որն իր դրական արդյունքներով հանդերձ, կունենար բացասական հետևանքներ):

Այսպես թե այնպես, սա է իրականությունը: Եվ պարբերաբար առաջարկվող սկզբունքները հայկական կողմը միշտ էլ կարող է մերժել: Եթե մինչև 1990-ականների վերջն այդ մերժողական գործառույթը կատարում էր Լեռնային Ղարաբաղի կողմը, ապա դրանից հետո Հայաստանն էր մերժում: Այժմ նույնպես Հայաստանը կարող է մերժել ցանկացած ոչ հայանպաստ առաջարկ: Ավելին, եթե հաշվի առնենք Ղարաբաղի կողմի հնարավոր ներգրավումը բանակցություններում, կրկնակի մերժման հնարավորություն կունենանք:

Ուրեմն, ինչո՞ւ Ղարաբաղը դուրս մնաց բանակցային շրջանակից, եթե Ղարաբաղի մասնակցությամբ հայկական կողմի դիրքերը կրկնակի ուժեղ լինեին,  բանը չէր հասնի նման զիջումների առաջարկներին: Այս փաստարկով են քննադատում նախկին իշխանություններին, թե նրանց մեղքով է, որ Ղարաբաղը դուրս մնաց կարգավորման գործընթացին մասնակցելուց:

Առաջին հայացքից, իսկապես, քննադատելի է փաստը. հայկական կողմն ինքն է որոշում կայացրել Ղարաբաղին դուրս թողնել բանակցություններից և ներկայանալ թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի Հանրապետության անունից:

Սակայն, ԼՂՀ-ի դուրս գալը նաև դրական արդյունք ունի, ինչն էլ միգուցե հաշվի է առել Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը: Ղարաբաղը, դուրս գալով գործընթացից, մնում է որպես «պահեստային ձայնի իրավունք ունեցող կողմ»: Այսինքն` եթե ենթադրենք, որ Հայաստանին պարտադրեն զիջումներ անել ղարաբաղյան հարցում, ԼՂՀ-ն միշտ կարող է «ակտիվանալ» ու «փրկել» Հայաստանին` մերժելով օրակարգում դրված այդ փաստաթուղթն ու այդպիսով խափանելով ցանկացած ձեռք բերված պայմանավորվածություն: Այսինքն` Հայաստանը ձեռք է բերել լրացուցիչ ձայնի իրավունք:

Իսկ քանի որ 1990-ականների վերջերին արդեն կար ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրսբերման մասին սկզբունքը, որը ինչպես նշեցինք, փոխանցվել է դրանից առաջ գործող իշխանությունների փորձի միջոցով, Ղարաբաղի մնալը գործընթացում ավելի արդյունավետ չէր լինի, քան նրա` դուրս գալը:

Մեր խնդիրը, սակայն, չպետք է լինի մերժելը: «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակն ավելի վտանգավոր է, քան պատերազմի իրական սպառնալիքը, որն ավելի կանխատեսելի ու որոշակի է:

Իսկ ինչ վերաբերում է «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա ժամանակաշրջանի բեկումնային լինելուն` Հայաստանի համար հղի հետևանքներով, այն բացարձակ չէ: Հակամարտող կողմերն այսօր ոչ մի համաձայնության չեն հասել, ուստի, մոտ ապագայում, կարգավորման հարցում իրական բեկում կանխատեսելը սխալ կլինի: Այդուամենայնիվ, հաշվի առնելով տարածաշրջանային հարափոփոխ զարգացումները, կարևոր ու օգտակար է դիտարկել բոլոր հնարավոր սցենարները:

Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության քննադատների ռազմավարությունը հետևյալն է. եթե առաջադրված սկզբունքները չեն բխում Հայաստանի շահերից, ուրեմն կառավարությունը սխալ քաղաքականություն է վարել, հետևաբար պետք է դուրս գալ գործընթացից ու ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել` ամեն ինչ սկսելով նոր տողից: Իսկ արմատական ընդդիմությունն ավելի է սրում վիճակը և որոշակի այլընտրանքային ռազմավարություն չառաջարկելով` պնդում «դուրս գալ բանակցություններից, որպեսզի չկորցնենք Ղարաբաղն ու Հայաստանի մի մասը»:

Հայաստանում այս փակ ու բաց քննարկումների ընթացքում Ադրբեջանը 2 միլիարդ դոլարի ծախսեր է անում սեփական զինուժի զարգացման վրա և սպառնում Լեռնային Ղարաբաղին: Ռազմական նախաձեռնության հնարավոր սպառնալիքով հանդերձ (որը հակամարտության լուծման քաղաքական կամքին հակադարձ համեմատականն է), Ադրբեջանը նաև շարունակում է ակտիվորեն ներգրավվել բանակցություններում և հրապարակավ կողմ լինել կոնֆլիկտի լուծման խաղաղ տարբերակին:

Այդպիսով, Ադրբեջանն անկանխատեսելի է, իսկ Հայաստանը, սեփական հաստատուն շահերն ունենալով հանդերձ, պետք է նաև տիրապետի հակառակ կողմի վարքագծի ու հետագա քայլերի մասին տեղեկատվությանը: Ըստ այդմ, որոշվում ու ձևափոխվում է որոշակի ժամանակաշրջանում Հայաստանի վարքագիծը միջազգային հանրության, մասնավորապես միջնորդ երկրների ուղղությամբ: Վերջիններս էլ, իրենց հերթին, գնահատում են կողմերի վարքագծերն ու ըստ դրա առաջարկում այս կամ այն սկզբունքը, քվեարկում այս կամ այն կողմի օգտին:

Այս պարագայում Հայաստանի ու Ադրբեջանի համար ստեղծվում է վարորդների երկընտրանքի իրավիճակը, երբ երկու ավտոմեքենա կանգնած են դեմ դիմաց, և երկու վարորդն էլ չգիտեն, թե որ ուղղությամբ շարժվեն. եթե ուղիղ գնաս, հնարավոր է, որ դիմացինն էլ ուղիղ գնա, ու բախում լինի` դրանից բխող բոլոր հետևանքներով, եթե աջ թեքվես, հնարավոր է` դիմացինն էլ ձախ թեքվի ու կրկին բախում լինի, աջ թեքվելու դեպքում էլ` նույնը: Ամենաճիշտ տարբերակն այն կլինի, որ երկու կողմն էլ նույն ուղղությամբ շարժվեն, որ բախում չլինի: Այս տարբերակը, սակայն, նույնքան հավանական է, որքան մնացած բոլոր տարբերակները:

Ուստի, կողմերի համար դժվար է այնպիսի որոշում կայացնել, որ շահած դուրս գան գործընթացից:

Հայաստանի համար կարևոր է բախման չգնալ, ավելի հարթ ճանապարհ ընտրել ու այդ ամենով հանդերձ, նվազագույնի հասցնել Ադրբեջանի ստանալիք դիվիդենտների չափն ու շահել միջնորդ երկրների հայանպաստ դիրքորոշումը:

Շարունակելի

Դիտվել է 4528 անգամ:
Print Friendly

Leave a Reply