Վթարի է ենթարկվել Պարույր Հայրիկյանի անվտանգությունն իրականացնող ոստիկաններից մեկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 4, 2013 23:42

Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում վիրահատության ենթարկված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի անվտանգությունն իրականացնող ոստիկաններից մեկը վթարի է ենթարկվել: Մեր տեղեկություններով` փետրվարի 3-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ոստիկանը` 43-ամյա Կոստյա Բուդաղյանը, վթարի է ենթարկվել: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ նա վթարի է ենթարկվել իր մեքենայով տուն գնալու ճանապարհին, մեկ այլ մեքենա հարվածել է նրա մեքենային: Վթարի հետեւանքով Կոստյա Բուդաղյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից NEWS.am-ի թղթացին հայտնեցին, որ նա կողերի բազմաթիվ կոտրվածքներ է ստացել, առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Վաղը կամ մյուս օրը Հայրիկյանի անվտանգությունն իրականացնող ոստիկանին կտեղափոխեն Կրծքային վիրաբուժության բաժանմունք, որտեղ, ի դեպ, այսօր տեղափոխել են հենց Պարույր Հայրիկյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Նախագահի թեկնածուն վաղը կհայտարարի` դիմում է ՍԴ նախագահական ընտրությունները 15 օրով հետաձգելու պահանջով, թե ոչ: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Դիտվել է 2335 անգամ:
Print Friendly

Leave a Reply