Հանրային խորհրդում քննարկվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Թուրքիա տեղափոխելու հարցը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 4, 2013 18:24

Այսօր՝ փետրվարի 4-ին, Հանրային խորհրդի Կրոնի, Սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Ստամբուլ հնարավոր տեղափոխման հարցը:

Նիստին մասնակցել են Հանրային խորհրդի անդամ, Կրոնի, Սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը, Հանրային խորհրդի անդամներ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը, Կարինե Դանիելյանը, ՀԽ Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, Ինտեգրման ենթահանձնաժողովի նախագահ Աղավնի Կարախանյանը, կրոնի ենթահանձնաժողովի նախագահ Սամվել Նադարյանը, հանձնաժողովի անդամներ:

Ներկաներն իրենց մտահոգությունն են հայտնել հարցի վերաբերյալ՝ փաստելով, որ այդ հանգամանքն ուղղակիորեն հակասում է Հայաստանի և տարածաշրջանի որոշ պետությունների շահերին, ուստի հանձնաժողովն անհրաժեշտ է համարել բոլոր հնարավոր միջոցներով և պետական ու հասարակական կառույցների համատեղ ջանքերով հակազդել Թուրքիայի այդ վտանգավոր գործունեությանը:

Նշենք, որ խնդրի վերաբերյալ իր մտահոգությունն են արտահայտել նաև ՄԱԿ-ի կառույցների հետ ակտիվ համագործակցող հայաստանյան տասնհինգ հասարակական կազմակերպություններ՝ անտրամաբանական և ոչ նպատակահարմար համարելով այդ գրասենյակի տեղափոխումը մի երկիր, որն իրագործել է հայ ժողովրդի ցեղասպանությունը, 20 տարի շարունակ Հայաստանը պահում է շրջափակման մեջ, պահպանում է 301 հոդվածը, որ սահմանափակում է այդ երկրում խոսքի ազատությունն ու ազգային փոքրամասնությունների ազատ զարգացումը, չունի դիվանագիտական հարաբերություններ տարածաշրջանի որոշ պետությունների հետ՝ ներառյալ այն պետությունների, որոնք գտնվում են ՄԱԶԾ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի իրավասության ներքո և խնդիրներ ունի տարածաշրջանի որոշ պետությունների հետ:

Այս մտահոգությունները ներառելով՝ այդ կազմակերպությունները նամակ են հղել ՄԱԿ-ի գխավոր քարտուղար Բան-Կի-մունին և ՄԱԿ-ի այլ պաշտոնյաների՝ համոզմունք հայտնելով, որ այդ գրասենյակի տեղափոխումը Թուրքիա կտրուկ կնվազեցնի նրա գործունեության արդյունավետությունը և անբարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանի երկրների համագործակցության ոլորտում:

Հանրային խորհրդում այս հարցի վերաբերյալ առաջիկայում նախատեսվում է նաև քննարկում Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply