Ինձանից յետոյ՝ թէկուզ ջրհեղեղ…

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 4, 2013 17:30

Չափաւորական օրէնսդիրի հակահարւածը՝ արմատական գործադիրին

Երէկ Իրանի Իսլ. խորհրդարանի դռնբաց նիստը հանդիսացաւ վերջին տարիների ընթացքում օրէնսդիր-գործադիրի միջեւ շարունակւող տարաձայնութիւնների գագաթնակէտը:

Ճիշտ է, մեջլիսը քննարկեց ու բուռն կերպով հարցապնդեց եւ ի վերջոյ անվստահութեան համոզիչ քւէով հերթական եւ այս անգամ՝ պաշտօնից հեռացրեց աշխատանքի նախարարին, ինչպէս նման դիրքորոշումներ նախկինում էլ որդեգրել էր Իսլ. խորհրդարանը՝ Ահմադինեժադի մի քանի այլ նախարարների նկատմամբ: Սակայն, այս վերջին անվստահութեան քւէն պահի ու ժամանակի առումով (մի բան, որ հոգեւոր առաջնորդ Խամենէիի կողմից բազմիցս կարեւորւել էր) զանազան մտահոգութիւնների տեղիք է տալիս:

Ահմադինեժադը անցնող շուրջ 8-ամեայ պաշտօնավարման ընթացքում միշտ էլ աչքի է ընկել սենսացիոն-սպառնալից յայտարարութիւններով, որոնցից  հերթականը կատարւեց երէկւայ մեջլիսի ամբիոնում, երբ փորձում էր պաշտպանել իր պաշտօնազրկւող նախարարին: Այդ հերթական սպառնալիքը, որը, ի դէպ, ուղղւած էր խօսնակ Լարիջանիին ու վերջնիս 2 եղբայրներին, թողեց խիստ հակառակ ազդեցութիւն, որով մեղմ ասած՝ աւելիով նսեմացւեց նախագահի առանց այդ էլ բեկւած վարկանիշը… «Լաւ էր, որ այս ֆիլմը (իբր Լարիջանիների մեղսակցութիւնը տւեալ նախարարին հարցապնդել-չհարցապնդելու գործարքը բացայայտող) ցուցադրեցիք, դրանով ժողովրդի մօտ աւելիով բացայայտեցիք ձեր իրական դէմքը…», այսպիսին եղաւ օրէնսդիրի խօսնակ Լարիջանիի պատասխանը՝ նախագահ Ահմադինեժադին:

Պահի ու ժամանակի առումով, սակայն, յատկանշելին այն է, որ օրէնսդիր-գործադիր «հակամարտութեան» երէկւայ աննախադէպ իրադարձութիւնը պատահում է ընդամէնը 4 ամիս նախագահական ընտրութիւններից առաջ: Չէ՞ որ նոյնինքն հոգեւոր առաջնորդն ուղղակի արգելել էր նմանատիպ կրքերի բորբոքման վերնախաւային հնարաւոր միջադէպերին ընթացք տալը՝ մինչ սոյն ընտրութիւններ…

Միւս կողմից՝ մօտալուտ շրջանաւարտ նախագահը, որ մինչ այդ շատ ջանքեր էր ի գործ դրել, որպէսզի իրեն իսկ համախոհ ճամբարի (արմատական պահպանողական) ներկայացուցչին փոխանցէր նախագահական աթոռը, յատկապէս այս վերջին անվստահութեան քւէն (չափաւոր պահպանողականների) ծանրակշիռ հակահարւած համարելով՝ դիմում է սպառնալիքների լեզւի՝ թիկունքում թողած կիսաքանդ կամրուրջներն ամբողջապէս փլուզելու միտումով եւ ակամայից տուրք տալով «ինձանից յետոյ թէկուզ ջրհեղեղ…» արկածախնդրութեանը…

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply