«Ընդամենը ձևական հայտարարություն է». Արծվիկ Մինասյանը` գենդերային հավասարությանը վերաբերող մայր օրենքի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 4, 2013 14:16

Խորհրդարանում երկրորդ ընթերցման ներկայացվեց Կառավարության և ՕԵԿ-ական պատգամավորներ ՀԵղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի կողմից ներկայացված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» մայր օրենքի նախագիծը:

Նախորդ տարի առաջին ընթերցմամբ ընդունված և հանրային լսումների դրված օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու առաջարկով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը: Նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացրած ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթի ժամանակ օրենքի նախագիծը բնորոշեց ուշացած, բայց անհրաժեշտ: Միաժամանակ նա նշեց, որ այն  ըստ էության ձևական բնույթ է կրում` բացառելով իրական հավասարության գործադրումը:

«Օրինակ, նախատեսված ազգային մեխանիզմը պարզապես բացառում է: Երկրորդ` այդ իրավահավասարությունը պետք է առնվազն կառավարությունը, գործադիր իշխանությունը կիրառեն, սակայն նման բան օրենքով նախատեսված չէ. դա թողնված է քաղաքականության պրակտիիկ իրականացմանը, սակայն կյանքը ցույց է տալիս, որ դա տեղի չի ունենում»:

ՀՅԴ պատգամավորի դիտարկմամբ` խնդիրը ոչ թե կնոջ և տղամարդու իրավունքների միջև հավասարությունն է, այլև հնարավորություն է ընձեռում, որպեսզի հասարակության մեջ երկու սեռերն իրենց ռեսուրսներով հավասար հնարավորություններով կարողանան իրացվել մեր երկրում:

«Ցավոք, օրենքի նախագիծը ձևական կդառնա, որովհետև այն չի ներառում նաև այնպիսի փոփոխություններ, որոնք նախատեսվում են այլ օրենքներում:  Այլ կերպ ասած, դուք հիմա քվերակելու եք մի օրինագիծ, որն ընդամենը ձևական մի հայտարարությւոն է, իսկ բովանդակային և էական առումով որևէ լուրջ փոփոխություն մեր երկրում տեղի չի ունենալու: Հերթական թռչնակն ենք նկարելու միջազգային հանրության համար»:

Հեղինե Բիշարյանը, որոշ հարցերի հետ կապված կողմ լինելով գործընկերոջ դիտարկումներին, այնուամենայնիվ նշեց, որ չի կարելի այս օրենքի նախագծի վերաբերյալ միայն բացասական խոսել:

Հեղինե Նաղդալյանն էլ ավելացրեց, որ խնդիրը կարծրատիպերը հաղթահարելն է:

«Ցավում եմ, որ կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ռացիոնալ առաջարկներ չեն ընդունել նախագծում,-ավելացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը,-սակայն պետք չէ զարմանալ, քանի որ մեր կառավարությունը բազմաթիվ ռացիոնալ առաջարկներ չի ընդունում»:

Վերջում Զոհրաբյանը հայտարարեց, որ չնայած օրենքը դեկլարատիվ բնույթ է կրում, սակայն ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու անգամ այս տարբերակին:

 

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply