Ընթացքից շեղումներ և դիրքերի հերթափոխություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 4, 2013 13:36

Դամասկոսի դեմ իսրայելյան օդուժի կատարած սահմանափակ գործողությունը Սիրիայի հարցի զարգացման նոր հունաւորում տվեց։ Ռուսական, թուրքական, ընդհանրապես արեւմտյան երկրների եւ որոշ չափով իրանյան համեմատաբար աշխույժ ներգրաւվածության դիմաց Թել Ավիւի երեւութական կրաւորականությունը դուրս եկաւ իր վիճակից։ Մինչ, սիրիական պաշտոնական աղբյուրները շարունակում էին հայտարարել, որ հարված է հասցվել գիտահետազոտական կենտրոնին, Թել Ավիւը հայտնում էր, որ հարվածել է Դամասկոսից Լիբանան տեղափոխվող զինամթերքին։
Թիրախի այս հակասական մեկնաբանությունը մի պահ կարող է երկրորդական թվալ։ Ի վերջո իսրայելյան օդուժը բռնաբարել է Սիրիայի օդային տարածքը, դիմել է զինվորական գործողության եւ հարվածել սիրիական տարածքին։
Թէեւ Սիրիայի ընդդիմադիր շրջանակներն իրենց վրա վերցրեցին օդային հարձակման պատասխանատվությունը, սակայն Դամասկոսի ամբաստանած կողմը պարզ էր։ Դամասկոսը հայտարարում էր, որ ընդունակ է համարժեք պատասխան տալու Թել Ավիւին։
Մինչ այս բոլորը, Թել Ավիւի համեմատական կրաւորականությունը քաղաքական որոշ բացատրություն ուներ. ներսիրիական պատերազմը չպետք է տեղափոխվեր արաբ-իսրայելյան պատերազմի հարթություն. աւելի ճիշտ՝ պետք է շարունակվեր միջսիրիական բախումներով երկիրը քանդելու եւ մաշման առաջնորդելու զարգացման ընթացքը։ Այժմ, Թել Ավիւը ի՛նքն էր շեղում այս ընթացքը։
Վերադառնանք ընթացքից կատարված այս շեղման պատճառականությանը. մտաբերենք, որ Դամասկոսին նեցուկ կանգնելու ուղղությամբ ռուս-իրանական դիրքափոխումների երեւույթը մտածել էր տալիս երկու պետությունների առնչվածության առաջին գծերը գրաւելու հերթափոխության մասին։ Ճգնաժամի սկիզբը պաշտոնական Թեհրանն իր բանբերի միջոցով հայտնում էր, որ Սիրիայի դեմ պարտադրված պատերազմի նպատակը Ռուսաստան-Իրան-Սիրիա դիմադրության առանցքի քանդումն է։ Ապա, Իրանը զորակցության իր առաջնակարգ դիրքը երեւութապես զիջում էր Մոսկվային։
Թվում է, որ այժմ հերթափոխություն է արվել այս առումով։ Չմոռանանք, որ Իրանի մատնանշած դիմադրությունը ձգվում է մինչեւ Լիբանան եւ այս դեպքում այդ առանցքային դիմադրությունը հիմնական սպառնալիք է Սիրիայի դեմ զինվորական գործողություն իրականացրած Իսրայելին։ Թել Ավիւը պարզորոշ հայտարարում էր, որ հարվածել է Սիրիայից Լիբանան տեղափոխվող զինամաթերքին։
Զինվորական գործողությամբ թատերաբեմում հայտնված Իսրայելի դիմաց Դամասկոսի նկատմամբ հայտնված զորակցության երկրորդ դիրքից առաջին դիրք կգար Թեհրանը, որը Դամասկոսին կոչ էր անում համարժեք պատասխան տալու պատահարին։
Աւելի՛ն. Իրանի արտգործնախարարը զգուշացնում էր միջազգային ընտանիքին զինվորական միջամտություն կատարելուց Սիրիայում՝ անկանխատեսելի համարելով նման միջամտության հետեւանքները։ Ուղերձը պարզ էր. Իրան չէր կարող ձեռնածալ մնալ առանցքային դիմադրությունը քանդելու միտված զինվորական ծրագրերի իրականացման փորձերի դիմաց։
Թել Ավիւի գործողության դիմաց Թեհրանը առաջին դիրք էր գրաւել. իսկ Մոսկվան, երկրորդ կարգի դիրքերից իր արտգործնախարարի ճամփով խոսում էր Սիրիայի ընդդիմադրության հետ պարբերական հանդիպումներ եւ բանակցություններ ունենալու հնարաւորություններին մասին։
Այս ամենում Անկարայի սկզբնական լռությունը մտածելու տեղիք է տալիս։ Հակաիսրայելյան բեմականացումներ ցուցադրելով արաբական ընկալելիություն ապահովող Անկարան, Թել Ավիւի ներգրաւվածության զարգացման դեպքում, դիրքորոշվելու նեղ ընտրանքների առջեւ կարող է կանգնել։ Հաւանաբար, այս պատճառով էլ Թուրքիայի արտգործնախարարը այս բոլոր թոհուբոհում նախընտրել է խոսել մարդասիրական թեմայի մասին եւ կենտրոնացել՝ Թուրքիա ապաստանած բազմաթիւ սիրիացի փախստականների հարցի վրա, աւելացնելով, որ Թուրքիան մեծ գումարներ է ծախսում մարդասիրական նպատակների համար։ Նկատելի ուշացումով Թուրքիայի վարչապետը դատապարտեց Իսրայելի հարձակումը՝ ասելով որ Թել Ավիւի հիմնաւորումը պատրվակ է նման գործողություն իրականցնելու համար։
Սիրիայի հարցը ընդհանրապես կարող է շատ թանկ արժենալ Թուրքիային. ոչ միայն գումարային իմաստով։

Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply