Տեղի է ունեցել անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | February 4, 2013 10:55

Փետրվարի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը:

Խորհուրդը քննարկեց եւ ի գիտություն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի “Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն” եւ “Հայանտառ” ՊՈԱԿ-ների 2012թ. հաշվետվությունները, ինչպես նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության եւ ՀՀ ոստիկանության տեղեկանքները` 2012թ. ընթացքում արձանագրված ապօրինի ծառահատումների եւ ապօրինի անտառահատումների ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Ըստ գերատեսչությունների ներկայացրած տեղեկատվության` 2012թ. ընթացքում ընդհանուր առմամբ ապօրինի հատումների քանակը կազմել է 1860` 2011թ. 3081-ի դիմաց: Նշվեց, որ ապօրինի հատման դեպքերի նվազմանը նպաստել են անտառտնտեսություններում հսկողության խստացումը, իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումները, ինչպես նաեւ բնակչությանն անվճար թափուկի տրամադրումը:

“Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն” ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվեցին նաեւ անտառների պահպանության միջոցների արդյունավետության բարձրացման, ապօրինի հատումների, հրդեհների կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ: Փոխվարչապետը հանձնարարեց առաջարկները ներկայացնել շահագրգիռ մարմինների քննարկմանը:

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն` 2012թ. ապօրինի հատումների վերաբերյալ հարուցվել է 22 քրեական գործ` 2011թ. 16-ի փոխարեն: Ընդհանուր առմամբ 2012թ-ի ընթացքում պետությանը պատճառվել է շուրջ 31 մլն դրամի վնաս, որից հատուցվել է մոտ 17 մլն դրամը: Ներկայացվեցին նաեւ արձանագրված վարչական իրավախախտումների վերաբերյալ տվյալները` ըստ մարզերի: Փոխվարչապետը դրական համարեց 2012թ. Լոռու մարզում իրավախախտումների դեպքերի նվազումը` միաժամանակ մտահոգություն հայտնելով Տավուշի մարզի ցուցանիշների վերաբերյալ: Նա պատասխանատուներին հանձնարարեց անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաեւ անտառների պահպանության, իրավախախտումների դեպքերը կանխարգելելու նպատակով վերահսկողության արդյունավետության բարձրացման եւ այլ հացեր: Առաջարկ եղավ նաեւ ուսումնասիրություն կատարել անտառային ֆոնդի հողերի ծավալների եւ դրանց օգտագործման վերաբերյալ: Փոխվարչապետը բարձրացված խնդրի հետ կապված կարեւորեց իրավասու մյուս մարմնիների հետ համատեղ աշխատանքը` նշելով, որ հարցը կքննարկվի խորհրդի հետագա նիստերում:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply