Վրաստանում օտարերկրյա ներդրումները կտրուկ նվազել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 19, 2009 17:01

dollar2009 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում կատարված ուղղակի օտարերկրյա ներդրումները կրճատվել են մինչև 124,7 մլն դոլար` անցած տարվա նույն ժամանակաշրջանի 537,6 մլն դոլարի դիմաց:

«Կապիտալի ամենամեծ արտահոսքը գրանցվել է տրանսպորտի և հաղորդակցուղիների ոլորտում, ինչպես նաև բանկային հատվածում` համապատասխանաբար 22,7 մլն դոլար և 5,5 մլն դոլար ծավալով»,- ասել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարության վիճակագրության դեպարտամենտից: Անցյալ տարվա առաջին եռամսյակում տրանսպորտի և հաղորդակցուղիների ոլորտներn ընդգրկել էին 416,6 մլն դոլար, իսկ բանկային հատվածը` 136,9 մլն դոլար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2009 թ.-ի հունվար-մարտ ամիսներին էներգետիկայի հատվածում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 26,2 մլն դոլար այն դեպքում, երբ 2008 թվականի նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը կազմել է 362,5 մլն դոլար: Անշարժ գույքի բնագավառում ներդրվել է 23,6 մլն դոլար` նախորդ տարվա 104,2 մլն դոլարի դիմաց, ձեռնարկատիրության հատվածում` 18,3 մլն դոլար (398,2 մլն դոլար), շինարարության բնագավառում` 6,2 մլն դոլար (171,8 մլն դոլար):

Այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանի էկոնոմիկայում խոշորագույն ներդրողները եղել Է Արաբական Միացյալ Ամիրայությունները` 50,1 մլն դոլար, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան` 24,8 մլն դոլար, Չեխիայի Հանրապետությունը` 23,7 մլն դոլար, Թուրքիան` 21 մլն դոլար, Նիդեռլանդների Թագավորությունը` 19,9 մլն դոլար, Ճապոնիան` 12,2 մլն դոլար: 2008 թվականին Վրաստանում կատարված ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 1,564 մլրդ դոլար` 2007 թվականի 2,014 մլրդ դոլարի դիմաց:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply