ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ քննչական խումբը մշակել է մի քանի վարկած Հայրիկյանի մահափորձի առնչությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 2, 2013 13:48

ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ եւ ՀՀ ոստիկանության համատեղ ստեղծված քննչական օպերատիվ խումբը, որը ղեկավարում է ՀՀ ԱԱԾ քնչական վարչության պետ, գնդապետ Մնացական Մարուքյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը, օպերատիվ քննչական խումբը մշակել է մի քանի աշխատանքային վարկած, որոնք ստուգվում են: Քրեական գործով կատարվում են օպերատիվ քննչական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, մատնադրոշմային, դատաձգաբանական եւ այլ փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Հունվարի 31-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա: Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:

Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ 2013թ. փետրվարի 1-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:

Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը գրավոր ցուցում է տվել ՀՀ ԿԱ ոստիկանության եւ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության փորձառու քննիչներին համատեղ քննչական խումբ կազմելու վերաբերյալ` նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում եւ անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի եւ լրիվ ծավալով արդյունավետ կիրականացվի քննչական խմբի միջոցով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը: Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրը քննչական  խմբի կողմից ստուգվում է։ Փորձաքննության է ներկայացվել դեպքի վայրից առգրավված 7,62 մմ տրամաչափի 1 գնդակը, ինչպես նաեւ՝ վիրահատության ընթացքում Պարույր Հայրիկյանի մարմնից հանված միևնույն տրամաչափի եւս 1 գնդակ։

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply