Պարույր Հայրիկյանի վիճակը կայուն է. նա կարողանում է քայլել, անգամ դուրս է եկել հիվանդասենյակից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 2, 2013 13:45

Մահափորձի ենթարկված և վիրահատված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակը կայուն է: Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մինասյանը: Բժշկի խոսքով, վիրահատության երկրորդ օրն է, և վիճակը կայուն է: «Այն աստիճանի կայուն, որ ակտիվ քայլում է, ջերմություն չունի, արյան ճնշումը, հեմոդինամիկան կայուն է»- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մինասյանը՝ հավելելով,  որ հենց նոր վիրակապը փոխվեց, որևէ արտադրություն չկա: Փոխտնօրենը նշեց, որ Հայրիկյանի վիրահատութթան կարերը պետք է քանդվեն 6-7-րդ օրերին: Հայրիկյանը լավ տրամադրություն  ունի, իսկ սննդակարգի որևէ սահմանափակում չկա:

Հայրիկյնանն այսօր անգամ վերակենդանացման բաժանմունքից ինքնուրույն դուրս է եկել, ողջունել դրսում հավաքվածներին, զրուցել նրանց հետ։ Թեեւ բժիշկները հորդորել են չքայլել, բայց նա պնդել է` ամեն մարդ ինքն է իր բժիշկը եւ ինքը քայլում է, լավ է, կարող է նույնիսկ տուն գնալ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայրիկյանի քրոջ որդի Վարուժան Տեր-Տրիբունյանը, ՀՀ նախագահի թեկնածուն նշել է, որ իր ինքնազգացողությունը լավ է, գիշերը նորմալ է անցել, ցավեր չի ունեցել։

Հունվարի 31-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա: Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:

Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ): Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որը ղեկավարում է ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը. ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծաայության աշխատակիցներ: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Հայրիկյանին վիրահատել են փետրվարի 1-ին եւ մարմնից հանել են գնդակը:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply