Հայրիկյանը Վազգեն Մանուկյանին պատմել է, որ…

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2013 20:48

Այսօր ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին: Վերջինս Մանուկյանին պատմել է, որ ուշ երեկոյան վերադառնալով տուն` նախ հանգիստ բարձրացել է վերև, ապա հիշելով, որ մեքենայի մեջ է մոռացել թղթապանակը` իջել է այն վերցնելու: Այդ ժամանակ շքամուտքի մոտ նկատել է մի անծանոթի, որը դեպի իրեն է ուղղել զենքը: Հայրիկյանն, անգամ, փորձել է պաշտպանվել և ձեռքով խանգարել: Անծանոթը կրակել է, սակայն գնդակը չի դիպչել նրան, Հայրիկյանը բարձր բղավել է, ապա հնչել է երկրորդ կրակոցը, որի ժամանակ գնդակն արդեն դիպել է` բարեբախտաբար լուրջ վնասվածք չհասցնելով: Հայրիկյանը, օգնություն կանչելով, մի կերպ մուտքից ներս է մտել և մի քանի աստիճան բարձրանալով` կորցրել ինքնատիրապետումը: Առաջին օգնությունը ցույց են տվել հարևանները:

Վազգեն Մանուկյանը Հայրիկյանին մաղթել է արագ ապաքինում` հայտնելով, որ նա ամուր մարդ է և կկարողանա հաղթահարել այս փորձությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին` կեսգիշերին մոտ, Երևանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, անհայտ անձինք կրակ են արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, որից հետո վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Այսօր Հայրիկյանին վիրահատել են` մարմնից հեռացնելով փամփուշտը: Նրա վիճակն այս պահին գնահատվում է բավարար:

Նշենք նաև, որ «Անկախ»-ի հետ զրույցում մեկնաբանելով միջադեպը` ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասել էր, որ քաղաքական տեսանկյունից դա խփում է ընտրություններին և Հայաստանի իմիջին: «Ես կարծում եմ, որ քաղաքականապես դա Հայրիկյանի դեմ ուղղված չէր, այլ ուղղված էր ընտրությունների դեմ, Հայաստանի դեմ»,-նշել էր նա:

“Անկախին” հայտնի դարձավ, որ Պարույր Հայրիկյանը մտադիր է դիմել սահմանադրական դատարան`ընտրությունները 15օրով հետաձգելու խնդրանքով:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply