ՀՀ գլխավոր դատախազն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ զրուցել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 1, 2013 19:12

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ զրուցել ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։ Գլխավոր դատախազը զրուցել է նախ գլխավոր բժշկի հետ եւ հետաքրքրվել Պ.Հայրիկյանի առողջական վիճակով, նրան պատճառված վնասվածքի բնույթով, ապա՝ Պ.Հայրիկյանի հետ, որի ժամանակ վերջինս գլխավոր դատախազին նկարագրել է նաեւ դեպքի մանրամասները։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Պարույր Հայրիկյանին ապօրիանաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 2013թ. փետրվարի 1-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:
Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը գրավոր ցուցում է տվել ՀՀ ԿԱ ոստիկանության եւ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության փորձառու քննիչներին համատեղ քննչական խումբ կազմելու վերաբերյալ` նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում եւ անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի եւ լրիվ ծավալով արդյունավետ կիրականացվի քննչական խմբի միջոցով:
Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությանը: Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրը քննչական խմբի կողմից ստուգվում է։

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաև՝ դատաձգաբանական, դատամանրաթելային և դատաքիմիական համալիր փորձաքննություններ։ Փորձաքննության է ներկայացվել դեպքի վայրից առգրավված 7,62 մմ տրամաչափի 1 գնդակը, ինչպես նաեւ՝ վիրահատության ընթացքում Պարույր Հայրիկյանի մարմնից հանված միևնույն տրամաչափի եւս 1 գնդակ։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply