Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 1, 2013 16:09

Փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց եւ ԱԺ գարնանային, ինչպես նաեւ՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց մի շարք օրինագծերի:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ մի խումբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է համապատասխանեցնել ՀՀ քրեական, քաղաքացիական ու վարչական օրենսգրքերի որոշ հոդվածներ եւ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ միայն քրեական եւ քաղաքացիական, այլ նաեւ՝ վարչական գործով ապացույցները կեղծելու համար: Առաջարկվում է նաեւ համապատասխանեցնել հիշյալ օրենսգրքերում օգտագործվող հասկացությունները եւ վերացնել բազմազանությունը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Արդարադատության ակադեմիայի մասին» օրինագիծը եւ կից օրենսդրական փաթեթը, նշելով, որ 2500 քմ մակերեսով նորաստեղծ ակադեմիան նախատեսվում է շահագործման հանձնել աշնանը: Նախարարի խոսքով՝ մեկ կառույցում դատավորների եւ դատախազների համար կազմակերպվող ուսումնառությունը կնպաստի ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, դատական եւ դատախազական համակարգերի մասնագիտական մերձեցմանը:

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկման ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նա տեղեկացրեց, որ մինչ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը՝ ընդունվել եւ մինչ այժմ գործում են բազմաթիվ իրավական ակտեր, որոնցում կիրառվում է «սոցիալական ապահովության քարտ» հասկացությունը: Քննարկվող օրինագծի համապատասխան դրույթով նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար պահանջվում է սոցիալական ապահովության քարտի կիրառություն, քաղաքացին կարող է ներկայացնել իր հանրային ծառայությունների համարանիշը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քննարկման ներկայացրեց նաեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը, որոնցում նախատեսվող փոփոխությունները վերաբերում են նշված համակարգերում համազգեստ կրելու պարտադիր լինելուն: Մասնավորապես՝ առաջարկվում է համազգեստի կրումը պարտադիր դարձնել ոչ միայն կենտրոնական դատախազությունում եւ կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների, ինչպես ներկայում է, այլ նաեւ բոլոր դատախազների ու հատուկ քննչական ծառայության ծառայողների համար:

Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:

 

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply