Մահացել է օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 1, 2013 13:00

2013թ. փետրվարի 1-ի առավոտյան Լոս Անջելեսում 81 տարեկանում մահացել է Մելբուրնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Լեգենդար բռնցքամարտիկը ծնվել էր 1932թ. ապրիլի 24-ին Երևանում: 1959թ. հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995-ը, երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:

Վլադիմիր Ենգիբարյանն արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի և վաստակավոր գործչի, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանի:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը 2009-ին Վլադիմիր Ենգիբարյանին շնորհել են Հայաստանի և Արցախի բարձրագույն պարգևներ:

2012-ին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևան հրավիրվեց կաշվե ձեռնոցի փառահեղ վարպետը: Նրա 80-ամյակին նվիրված տոնական արարողությունը շուքով նշվեց: Բացի այդ, բռնցքամարտի դպրոցն անվանակոչվեց հիմնադիրի՝ Վլադիմիր Ենգիբարյանի անունով:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3-ին՝ ժամը 14:00-ին, հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը նախատեսված է ԱՄՆ-ում:

ՀԱՕԿ – ի լրատվության բաժին

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply