«Ռուսական արջուկ 2012» միջազգային մրցույթի արդյունքներն ամփոփված են

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 1, 2013 10:51

2012թ.-ի նոյեմբերի 15-ին Հայաստանում արդեն երրորդ տարին պաշտոնապես անցկացվեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը՝ «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով։ Մրցույթին մասնակցեց Հայաստանի բոլոր մարզերի 295 և Ստեփանակերտի 13 դպրոցների 2-12-րդ դասարանների 7794 աշակերտ: Մրցույթի արդյունքներն ամփոփված են. «Ռուսական արջուկն» այս տարի Հայաստանում ունի 452 մրցանակակիր, որոնցից  73-ն արձանագրել են լավագույն արդյունք:

Նշենք, որ «Ռուսական արջուկին» Հայաստանի և Արցախի աշակերտները մասնակցում են մեծ սիրով ու հետաքրքրությամբ: Դրա մասին փաստում են մասնակիցների ակտիվության ցուցանիշները և մրցանակակիրների քանակը, ինչը տարեցտարի աճում է: Երեխաների այսպիսի ակտիվությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ հայ դպրոցականներն ամեն տարի սիրով ու ոգևորությամբ են մասնակցում աշխարհում տարբեր առարկաներից անցկացվող ամենազանգվածային մրցույթներին։

Փետրվարի 4-ից 8-ը «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները շրջելու են Հայաստանի քաղաքներով, ինչպես նաև լինելու են Ստեփանակերտում, որպեսզի անձամբ հանձնեն երեխաներին իրենց հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները:

Բոլոր 7794 աշակերտները, անկախ վաստակած միավորներից, ինչպես նաև բոլոր մասնակից 308 դպրոցները կստանան մասնակցության հավաստագրեր: Այս տարի «Այբ»-ը կրկին սահմանել է լրացուցիչ խրախուսական մրցանակներ այն դպրոցների համար, որոնցում չկան «լավագույնի» շեմը հաղթահարած երեխաներ: Այսպիսով, ամեն դպրոց կունենա առնվազն մեկ մրցանակակիր:

«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթը «Կենգուրու. մաթեմատիկա բոլորի համար» միջազգային հանրաճանաչ ու սիրված մրցույթի «կրտսեր եղբայրն» է: Մրցույթի գլխավոր նպատակն է՝ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցուցադրելով ռուսաց լեզվի ողջ հմայքը և հարստությունը: Այն առաջին անգամ անցկացվել է 2000 թվականին Ռուսաստանում՝ 64000 դպրոցականների մասնակցությամբ: Արդեն 2011 թ.-ին «Ռուսական արջուկին» մասնակցեց 2,8 միլիոնից ավելի երեխա Ղազախստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Իսրայելից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և մի շարք այլ երկրներից։ Մրցույթը բոլոր երկրներում անցկացվում է նույն օրը՝ նոյեմբերի երկրորդ հինգշաբթի։

 2009թ.-ի նոյեմբերին «Այբ» կրթական հիմնադրամը Երևանի 4 դպրոցներում անցկացրեց «Ռուսական արջուկ» փորձնական մրցույթը, որին մասնակցեց 262 երեխա։ 2010թ.-ին մրցույթը Հայաստանում պաշտոնապես անցկացվեց առաջին անգամ՝ Երևանի և Գյումրու 41 դպրոցներից 2130 աշակերտների մասնակցությամբ։ 2011թ.-ին մրցույթին մասնացեց 9192 աշակերտ, Հայաստանի և Արցախի 325 դպրոցներից։ 2012թ.-ին «Ռուսական արջուկին» մասնակցեց 7794 աշակերտ, Հայաստանի և Արցախի 308 դպրոցներից։

Դիտվել է 1716 անգամ:
Print Friendly

Leave a Reply