«Ես կուրորեն վստահում եմ մարդկանց». Նարեկ Հարթունյան: Դատարանում ցուցմունք տվեց սփյուռքահայ բարերարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 1, 2013 10:44

Շենգավիթի դատարանում Հարթունյան ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության հարկային պարտավորությունների գործով,  ցուցմունք տվեց «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանը:

Սփյուռքահայ բարերարը պատմեց, թե ինչպես է իր ողորմած հայրը՝ Կարապետ Հարությունյանը, ի հիշատակ մոր՝ Քելբաջարում կառուցել Քնարավան գյուղը: «Հայրս բոլոր հույսը դրել էր Սևակ Արծրունու /Արզարանու/ վրա, ով «Երկիր» կազմակերպության նախագահն էր ու շինարարություն էին անում ազատագրված տարածքներում: Հայրս նրան վստահում էր ամեն հարցում: Սևակին տրվել էին անսահմանափակ հնարավորություններով լիազորագրեր»,-պատմեց Նարեկ Հարթունյանը: Կարապետ Հարթունյանի հիմնադրած «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» /ռուսական «Ցար» ապրանքանիշ մակարոնեղենի ներկրմամբ զբաղվող/ ընկերության  ամբողջական կառավարումը նույնպես Սևակն է կատարել:

Դատախազ Պետրոսյանի այն հարցերին, որոնք վերաբերում էին ընկերության հաշվապահությանը, հաշիվների հետ կապված թղթաբանությանը, Նարեկ Հարթունյանը հստակորեն պատասխանում էր որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ընտանիքից որևէ մեկը երբեք չի զբաղվել խնդրո առարկա բիզնեսով՝ ամեն բան լիովին հանձնելով ու վստահելով Սևակ Արծրունուն:

«Իմ կյանքում մեծ թերություններից մեկն այն է, որ ես կուրորեն վստահում եմ մարդկանց, տվյալ դեպքում՝ Սևակին»,- եզրափակեց սփյուռքահայ բարերար Նարեկ Հարթունյանը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին:

 

Հարթունյան ընտանիքի մամլո բաժին

 

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply