Սերժ Սարգսյանի հանդիպումները Կոտայքի մարզում և Սևան քաղաքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 31, 2013 22:14

«Մենք կառուցում ենք ապահով տուն մեր զավակների համար, որ նրանք չբռնեն օտարության ճամփան: Մենք կառուցում ենք ապահով հայրենական տուն, որ գնացածները վերադառնալու տեղ և ցանկություն ունենան: Ապահով հայրենի տուն, որտեղ մարդը լիարժեքորեն կարողանա վայելել հարազատ միջավայրում ապրելու և արարելու երջանկությունը»,-Կոտայքի մարզում ընտրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Նա իր ընտրարշավն այս մարզում սկսել է Եղվարդից, որտեղ ևս խոսել է հանրապետության բոլոր բնակավայրերում և առաջին հերթին սահմանամերձ գյուղական համայնքներում կյանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կարևորության ու այդ ուղղությամբ իր նախընտրական ծրագրով նախատեսված աշխատանքների մասին: «Այս օրերին ես շատ համայնքներում եմ լինում՝ գյուղերում ու քաղաքներում: Ամեն անգամ մեր բնակավայրերով անցնելուց հետո երկու զգացում եմ ունենում. հպարտության և խորը տխրության: Մեր գյուղերում, հատկապես սահմանամերձ գյուղերում տների դարպասների վրա հաճախ հանդիպող մեծ ու ժանգոտած՝ գոցված փականներն ամենածանր տպավորությունն են թողնում: Անկեղծ ասեմ՝ դատարկվող գյուղի այդ պատկերը միակ բանն է, որ ինձ կարող է հունից հանել: Անասելի դժվար է հիշել մեր ընկերներին, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր Հայրենիքի անվտանգության համար ու սառնասիրտ նայել այդ դատարկվող գյուղերին: Շատ դժվար է: Բայց, բոլոր դեպքերում, դա էլ մեր պրոբլեմն է, մեր ցավն է, և մենք պետք է կարողանանք այստեղ էլ լուծում գտնել: Նման գյուղերում ես մի այսպիսի պայմանավորվածություն եմ առաջարկում առաջին հերթին տարեց մարդկանց. ասում եմ՝ մենք խոստանում ենք ամեն ինչ անել, որ գյուղում կյանքը լինի ավելի հեշտ, ավելի լավ, իսկ իրենք, որպեսզի պարտավորվեն նախ այստեղ մնացած իրենց զավակներին համոզել, որ ուրիշ տեղ բախտ փնտրելն այդքան էլ լավ չի և միշտ չէ, որ հաջողություն է բերում, և մյուս կողմից՝ կանչեն իրենց հարազատներին, բարեկամներին, որպեսզի մեր Հայրենիքի հզորության համար աշխատեն, այլ ոչ թե այլ երկրների»,-Եղվարդում ասել է Սերժ Սարգսյանը: Այս համայնքում նա խոսել է նաև մեր երկրում զգալի ներուժ ունեցող գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման և դրան զուգահեռ՝ գյուղերում հարմարավետ պայմանների ստեղծման մասին՝ ընդգծելով, որ չի կարող լինել զարգացած գյուղատնտեսություն առանց հարմարավետ գյուղի: «Ապահով Հայաստան՝ նշանակում է ապահովված գյուղ և արդյունավետ գյուղատնտեսություն»,-նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի թեկնածուի հավաստմամբ, շարունակվելու են ենթակառուցվածքների կատարելագործման և ընդլայնման ուղղությամբ աշխատանքները, ջրագծերի ու նոր ջրամբարների կառուցումը, հակակարկտային կայանների տեղադրումն ավելի շատ բնակավայրերում, գյուղկոոպերացիայի նոր ձևեր մշակելու և ներդնելու, ինչպես նաև Հայաստանի բանկային ոլորտին գյուղատնտեսական վարկավորման արդյունավետ, ճկուն ու մատչելի նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ ջանքերը:

Կոտայքի քաղաքային բնակավայրերից Չարենցավանում, Աբովյանում Սերժ Սարգսյանը հանդիպման եկած ընտրողների հետ խոսել է նախկին արդյունաբերական այդ քաղաքների բնակչության համար աշխատանքի ու արժանապատիվ վաստակի հնարավորություններ ստեղծելու իր նախընտրական ծրագրի և արդեն իրականացվող աշխատանքների մասին: «Մենք ձևավորում ենք նոր որակի արդյունաբերություն: Հայաստանի տնտեսական զարգացումը առաջնորդվելու է բարձր արտադրողականության և տեխնոլոգիական նոր որակ կրող արդյունաբերության կայացմամբ: Մեր արդյունաբերական քաղաքականությունն արդեն մտնում է ակտիվ իրագործման փուլ: Արդյունաբերական համակարգի առանցքը կազմելու են մրցունակ տեխնոլոգիաներ կիրառող և նորարարական արդյունք ստեղծող ոլորտները: Արտաքին շուկաներում տեղական արտադրողի և արտահանողի համար երաշխավորելու ենք բարենպաստ ռեժիմներ: Մենք վարում ենք և վարելու ենք գործարար միջավայրի բարելավման և արտաքին ներդրումների ներգրավման քաղաքականություն», -ընդգծել է ՀՀ նախագահի թեկնածուն:

Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ապահով ընտանիքի և արդեն իրականացվող քաղաքականությամբ առաջնահերթություն համարվող՝ ապահովված ծերության գաղափարը ևս, որը կարևորված է իր նախընտրական ծրագրի նպատակադրումներում:

Կոտայքիից Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպման է մեկնել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք: Սևանցիներին ՀՀ նախագահի թեկնածուն ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, մի շարք ուղղություններով վերջին տարիներին իրականացված աշխատանքներն ու խոսել նաև այդ տարածաշրջանի բնակչությանը հետաքրքրող հարցերի մասին: Նա մասնավորապես անդրադարձել է Սևանա լճի վերականգնման, պահպանման ու զարգացման, ձկնաբուծության այն փորձնական ծրագրին, որը մի քանի օր առաջ մասնագետները Շորժայում ներկայացրել են իրեն՝ հավաստիացնելով, որ բնապահպանական փորձաքննությունը հաջողությամբ անցնելուց հետո իրագործվելու դեպքում, այն մեծ թվով աշխատատեղերի բացման հիմք կդառնա: «Սիրելի՛ սևանցիներ, դուք վկան եք այն արդյունքների, որոնք մենք գրանցել ենք Սևանա լճին առնչվող մեր որդեգրած քաղաքականության շնորհիվ: Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ Սևանի և նրա հետ կապված խնդիրների լուծումը մեզ համար ունի կենսական նշանակություն: Այն ուղղակիորեն կամ միջնորդավորված կապված է բազմաթիվ ոլորտների հետ` բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի, ձկնարդյունաբերության, խմելու ջրի և այլն: Մենք շարունակելու ենք Սևանի ջրի մակարդակը բարձրացնելու քաղաքականությունը»,-վստահեցրել է Սերժ Սարգսյանը:

Քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածուն այցելել է նաև Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս» ընկերության ջերմատուն, ծանոթացել ընկերության ընթացիկ աշխատանքներին, զարգացման ծրագրերին և դրա շրջանակներում իրականացվող ջերմոցային նոր տնտեսության շինարարությանը: Սերժ Սարգսյանը Չարենցավանում այցելել է ամրանների արտադրությամբ զբաղվող «Ասկե գրուպ» ընկերություն, որտեղ նրան ներկայացրել են ընկերության ներդրումային ծրագրերը, իրականացված աշխատանքներն ու վերազինումից հետո ակնկալվող արտադրական հզորությունները: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Սևանի թիվ 4 հիմնովին վերանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը:

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply