Գյումրու տեխնոպարկ.անհրաժեշտությու՞ն, թե՞… Ի՞նչ խնդիրներ է այն լուծելու ՏՏ ոլորտում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | February 2, 2013 15:00

Արդեն դժվար է հիշել, թե երբվանից են ծայր առել Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու մասին խոսակցությունները: Թվում էր, թե այդ գաղափարը երբեք կյանքի չի կոչվի, քանի որ ծրագիրը իրական լինելուց բավական հեռու էր: Եվ ահա մայրաքաղաքի և մարզերի միջև անհամամասնությունների կրճատման և գործարար միջավայրի բարելավման, ինչպես նաև սոցիալ տնտեսական խնդիրների լուծման նպատակով  Գյումրիում արդեն  զարկ է  տրվել  տեխնոպարկի կառուցման գաղափարին:

Ի դեպ, Գյումրու տեխնոպարկի հիմնադրման գործընթացում փոխառնվել է Շենոնի տեխնոպարկի փորձը, Շենոնի տեխնոպարկի հիմնադիր Քեյվին Թոմսթոնն  անձամբ  ժամանել է Հայաստան և որպես խորհրդական  ներգրավվել կառույցի ստեղծման գործընթացներում:

Ի՞նչ բնույթ է ունենալու տեխնոպարկի  գործունեությունը. կրթական, հետազոտական և ձեռնարկատիրական կենտրոնների համացանց,  որում այս երեք ճյուղերը սերտորեն համագործակցելու և աջակցելու են միմյանց: Այն  տեխնոլոգիական ընկերությունների միջավայր է, որտեղ պատրաստվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ և առևտրայնացման նպատակով` մշակվում  նոր տեխնոլոգիաներ: Բացի կրթական նպատակաուղղվածությունից, լինելով բիզնես ինկուբատոր, տեխնոպարկը խթանելու է նաև սկսնակ ընկերությունների աճը:

Տեխնոպարկի ծրագիրն իրականացնում է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը:

Ինչո՞ւ տեխնոպարկի ստեղծման գաղափարը կենսագործվեց հենց Գյումրի քաղաքում: Մեզ հետ զրույցում իր տեսակետը հայտնեց Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի և տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնյանը. «Գյումրին  ԽՍՀՄ  տարիներին բավական  հարուստ է եղել արդյունաբերությամբ, ունեցել է մի շարք գործարաններ, սակայն ինչ-ինչ պատճառներով քաղաքի բոլոր հզորությունները փոշիացվել են, մնացել են դրանցից մի քանիսը, որոնք, սակայն, բավարար նախադրյալներ չէին կարող ստեղծել տարածաշրջանի զարգացման համար: Այդ պատճառով որոշում կայացվեց` ստեղծել տեխնոպարկ, որը կլուծի մի քանի խնդիր: Գյումրին տնտեսապես հզորացնելու համար այն լուրջ և իրատեսական խթան է: Արդեն ունենք բավականաչափ արդյունքներ: Տեխնոպարկն արդեն մասամբ գործում է, և ունենք մոտ 26 հոգանոց աշխատակազմ, որի կազմում ընդգրկված են դասախոսներ, լաբորատորիայի և անվտանգության համակարգի աշխատակիցներ: Արդեն իսկ 60-ից ավելի աշխատատեղ է ստեղծվել Գյումրիում: Այժմ ընթանում են ինտենսիվ գործընթացներ: Այս տարվա մայիսից սկսվել է շինարարությունը, արդեն կառուցման աշխատանքներն ավարտվել են, և արդեն ներքին հարդարման աշխատանքներ են տարվում: Տեխնոպարկը,  ըստ ժամանակացույցի, պետք է  նոյեմբերին շահագործման հանձնվի, սակայն հույս ունենք, որ աշխատանքներն ավելի շուտ կավարտվեն»:

Ե՛վ սկսնակ ընկերություններում, և՛ տեխնոպարկի ծրագրի շրջանակներում արդեն ներգրավված է մոտ 80 երիտասարդ: Քաղաքում գործում են տարբեր ուղղվածությամբ սկսնակ ընկերություններ թե՛  ոսկեգործության, թե՛  բարձր տեխնոլոգիական, թե՛ սարքաշինությամբ զբաղվող ավտոմատ կառավարման ոլորտներում:

«Այս գործընթացներով մի կերպ փորձում ենք մեղմել իրավիճակը: Մեր օրերում մասնագետի  կայացման համար միայն գրքային գիտելիքներն այլևս բավարար չեն, և պետք է համապատասխան միջավայր ստեղծել նրանց որակական աճի համար: Տեխնոպարկը միաժամանակ լուծում  է նաև երիտասարդների մասնագիտական աճի և կայացման խնդիրը»,- նշեց տեխնոպարկի տնօրենը:

Գյումրիում արդեն ՏՏ ոլորտում գործունեություն է սկսել 8 ընկերություն, որոնց տեխնոպարկը իր մարդկային ռեսուրսներով ապահովում է անհրաժեշտ խորհրդատվությամբ` թե՛ իրավաբանական ու հաշվապահական և թե՛ նեղ մասնագիտական ոլորտներում:

«Ունենք տեխնոլոգիական ուղղվածության փորձագետների մեծ թիմ: Մարդկային ռեսուրսների ուղղությամբ կատարված ցանկացած ներդրում միշտ արդարացվում է: ՏՏ ընկերությունների համար ամենաթույլ կողմը շուկայավարումն  ու վաճառքն է և ողջ կոմերցիայի իրականացումը: Մենք ունենք ինկուբատոր, որտեղ ընկերությունները ներմուծում և արտահանում են անհրաժեշտ պրոդուկտներ, սարքավորուներ կամ ծրագրային ապահովման փաթեթներ: Բացի այդ, արդեն սկսում ենք ապացուցել, որ ներդրումների համար Գյումրին այլևս ռիսկային գոտի չէ»,- հավաստիացնում է  զրուցակիցս:

Նրա տեղեկացմամբ, արդեն երեք խոշոր միջազգային կազմակերպություններ ներդրումներ են  կատարում Գյումրի քաղաքում: Նրանցից առաջինը «D LINK» ընկերությունն  է, որը գործում է  ՏՏ ոլորտում: Գ. Պարոնյանի խոսքով` այդ ընկերությունների Գյումրի մուտք գործելը պայմանավորված է  տեխնոպարկի գործունեությամբ: «Երբ բարձր տեխնոլոգիական ընկերությունները ցանկանում են տվյալ երկիր մուտք գործել, հաշվի են առնում մարդկային ռեսուրսների առկայությունը, որոնք պատրաստ կլինեն լուծելու նրանց բոլոր խնդիրները»:

Գյումրու տեխնոպարկը տեղակայված է քաղաքի կենտրոնում, և հիմնական շենքի վերանորոգումն իրականացվում է  Համաշխարհային բանկի «Էլ-Հասարակություն և տեխնոլոգիաներ մրցունակության համար» վարկային ծրագրի միջոցներով: Շինարարական աշխատանքների արդյունքում կստեղծվի անշարժ գույքի ամբողջական համալիր, որը կունենա մոտ 6500 քմ մակերես:

 

Լ.Ն

Դիտվել է 2419 անգամ:
Print Friendly

Leave a Reply