ՀԿԵ-ն կատարո՞ւմ է իր պայմանագրային պարտավորությունները

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | February 6, 2013 13:41

Ինչպես շատ ոլորտներ և օբյեկտներ, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացի տնտեսվարողներին է հանձնված նաև մեր երկաթուղային համակարգը: Այն կոնցեսիոն պայմանագրով փոխանցվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸի կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸին, որը կնքվել է 2008 թ. փետրվարի 13-ին:

 Թե ինչ պետք է անեն կոնցեսիոն պայմանագրով

Ըստ այդ պայմանագրի` կոնցենդենտը, որը տվյալ դեպքում ՀՀ-ն է, պարտավորվում է կոնցեսիոներին, որը ՀԿԵ-ն է, փոխանցել կոնցեսիոն ակտիվների տիրապետման, օգտագործման, կառավարման, շահագործման, սպասարկման, վերանորոգման և անհրաժեշտ բարելավման իրավունքը, որոնց սեփականատերն է հանդիսանում կոնցեդենտը, իսկ կոնցեսիոները պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով իրականացնել կոնցեսիոն ակտիվների տիրապետումը, օգտագործումը, կառավարումը, շահագործումը, սպասարկումը, վերանորոգումը և  անհրաժեշտ բարելավումը: Ինչպես նաև ՀԿԵ-ն  պարտավորվում է իրականացնել  ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է կոնցեսիոն կառավարման համար անցկացված մրցույթում:

Համաձայն պայմանագրի` կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` 20 տարվա աշխատանքից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ 10 տարի երկարաձգման իրավունքով: Տենդերի պայմաններին համապատասխան` Հայաստանի երկաթուղու աշխատողները (4300 աշխատող), բացառությամբ թոշակի տարիքի հասած անձանց, տեղափոխվել են «ՀԿԵ» ՓԲԸ-ի հաստիքացուցակ` մինչև 20% աշխատավարձի բարձրացմամբ:

ՀԿԵ ՓԲԸ-ի խնդիրների մեջ մտնում են ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության, ներհանրապետական և միջազգային ուղևորային և բեռնափոխադրումների հաղորդակցությունների զարգացումը: Ընկերության կողմից իրականացվող ներդրումների չափը կազմում է 572 մլն դոլար, որից 220 մլն-ը ծրագրված է ներդնել 5 տարվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունը, ըստ պայմանագրի, երաշխավորում է տրամադրել կոնցեսիոներին տիրապետման և օգտագործման իրավունք կոնցեսիոն ակտիվների նկատմամբ կոնցեսիոն գործունեության ամբողջ ժամկետի ընթացքում և վաճառել կոնցեսիոներին շարժակազմը: Կոնցեսիոն ակտիվները և շարժակազմը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, կարող են  փոխանցվել կոնցեդենտից կոնցեսիոներին և զերծ են որևէ պարտավորությունից կամ երրորդ անձանց իրավունքներից:

Ըստ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու վարչության կողմից 2012 թ. 4-րդ եռամսյակում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության` 2012 թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ երկաթուղու համակարգի անշարժ գույքի 387 միավորներից  378-ը գրանցվել են որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, և դրանց տիրապետման ու օգտագործման իրավունքները նոտարական վավերացմամբ փոխանցվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին (որոնցից 13-ը` չորրորդ եռամսյակում):  Մնացած 9 անշարժ գույքի 2 միավորը գրանցվել է որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն  (Երևանի լոկոմոտիվային և վագոնային դեպոներ), սակայն  բնակեցված լինելու պատճառով  չի փոխանցվել, մնացած և միավոր չգրանցված անշարժ գույքի գրանցման աշխատանքները ընթացքի մեջ են:

Փաստաթղթերը մի բան են ասում, մեր աղբյուրները` այլ բան

Ինչ վերaբերում է ՀԿԵ-ի կողմից ներդրումային պարտավորությունների կատարմանը, ապա ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության կողմից 2012 թվականի 4-րդ եռամսյակում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության համաձայն` վարչությունը եկել է այն եզրակացության, որ հաշվետու ժամանակաշրջանում ներդրումային ծրագրով նախատեսված  4 481.22 մլն դրամի փոխարեն փաստացի կատարվել են 5 958.05 մլն դրամի ներդրումային ծախսեր, ինչը կազմում է 133 տոկոս: Ասել է թե` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ոչ թե կատարել, այլ գերակատարել է իր ներդրումային պարտավորությունները:

Ամենևին էլ ցանկություն չունենք կասկածելու այս ուղղությամբ իրականացված աուդիտորական գործունեությանը, բայց ՀԿԵ-ն, մեր աղբյուրների պնդմամբ, ներդրումային պարտավորությունների անվան տակ, որով պետք է Հայաստան բերի նոր էլեկտրաքարշեր, վագոններ և այլն, բերում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հին և արդեն կիրառությունից դուրս եկած շարժակազմերը, որոնք ընդամենը վերանորոգվել են: Իսկ նոր շարժակազմեր Հայաստան չեն բերվել:

Ինչ վերաբերում է կոնցեսիոն պայմանագրի պարտավորությունների այն մասին, որ կոնցեսիոներին հանձնված գույքը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, և դրա վաճառքն իրականացվում է կոնցենդենտի թույլտվությամբ, ապա նույն աղբյուրը նշում է, որ ՀԿԵ-ի որոշ պաշտոնյաների կողմից երկաթգծի մի հատված քանդվել ու վաճառվել է, իսկ դրանից ստացված եկամուտները չեն ներդրվել երկաթուղու ենթակառուցվածքների զարգացման գործում:

Հարց է ծագում` ի՞նչ հնարքով է երկաթուղու վարչությունը հաշվետվություններում նշում, թե ամեն ինչ նորմալ է:

Դիտվել է 1947 անգամ:
Print Friendly

Leave a Reply