ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑ. ԽՍՀՄ զինված ուժերի ավիացիայի մարշալ, ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 6, 2013 7:20

Նա անուրանալի ավանդ ունի Մոսկվայի պաշտպանության մարտերում, որի հակաօդային պաշտպանության ամբողջ պատասխանատվությունն ընկնում էր նրա ուսերին: Մոսկվայի պաշտպանության ժամանակ Արմենակ Խանփերյանցը մի շարք ռազմավարական նորամուծություններ արեց, որոնց արդյունավետությունը շատ արագ ապացուցվեց և կիրառվում է մինչ օրս:

Հայ ռազմական հանճարը փայլել է ամենուր` ցամաքում, ծովում և օդում: ԽՍՀՄ զինված ուժերի ավիացիայի մարշալ, ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ Արմենակ Արտեմի Խանփերյանցը (Սերգեյ  Ալեքսանդրի Խուդյակով)  հայ ռազմարվեստի պատմության փայլուն գործիչներից է:

Համաձայն մի տեսակետի` ռուսական անունը Արմենակ Խանփերյանցը վերցրեց իր կյանքի գնով իրեն պատանեկության տարիներին փրկած ռուս հրամանատարից:

Արմենակ Խանփերյանցը ծնվել է 1902 թ. հունվարի 7-ին Արցախի Հադրութի տարածաշրջանի Մեծ Թաղլար գյուղում` հողագործ շինականի ընտանիքում: ԽՍՀՄ ավիացիայի ապագա մարշալը նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի ծխական դպրոցում: Տակավին պատանի` 15 տարեկան հասակում, աշխատանք գտնելու ակնկալիքով նախ տեղափոխվում է Միջին Ասիա` Թուրքեստան, ապա հաստատվում է Բաքվում և շատ չանցած` գործի է մտնում նախ փայտամշակման ձեռնարկությունում որպես ատաղձագործ, ապա` ձկնամշակման արտադրությունում, ի վերջո, հայ մեծ բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցին պատկանող Բաքվի Բալախովյան նավթահանքերից մեկում` որպես բանվոր:

Այդ տարիներին Բաքուն հեղափոխական պայքարի հնոց էր, և Արմենակը շուտով, տոգորվելով հեղափոխական և բոլշևիկյան գաղափարներով, Ստեփան Շահումյանի գլխավորությամբ Բաքվի կոմունայի հաստատումից հետո կամավոր անդամագրվում է Կարմիր գվարդիային:

Բաքվի գվարդիան մեծ մասամբ բաղկացած էր հայերից, և Խանփերյանցի ջոկատի հրամանատարն էլ հայազգի Բագրատ Ավագյանն էր: 1918 թ. նա ակտիվորեն մասնակցեց Բաքվի կոմունայի պայքարին և թուրքական բանակի դեմ Բաքվի ինքնապաշտպանությանը: Բաքվի անկումից հետո Արմենակ Խանփերյանցն անցավ Ռուսաստան և մասնակցեց քաղաքացիական պատերազմին: Այստեղ էլ ընդունեց Սերգեյ Խուդյակով անունը: Սերգեյ Խուդյակովը ժամանակին փրկել էր Խանփերյանցի կյանքը, երբ անգլիական հածանավը խորտակել էր ռուս զինվորներ տեղափոխող նավը: Խուդյակովը լողալ չիմացող Խանփերյանցին ափ էր հանել:

Մարտերից մեկի ժամանակ ջոկատի հրամանատար Խուդյակովը մահացու վիրավորվեց: Մահից առաջ նա խնդրեց Խանփերյանցին, որ  նա հագնի իր կիտելն ու իր անունով շարունակի ղեկավարել մարտը, որպեսզի զորքը, իմանալով հրամանատարի մահը, չբարոյալքվի: Խանփերյանց-Խուդյակովը հաջողությամբ է կատարել խնդիրը և շրջապատումից հանել է ջոկատի մնացորդները: Այդ պահից նա ընդունեց Սերգեյ Խուդյակով անունն ու ամենուր ներկայացավ այդպես:

Կա այս պատմության մեկ այլ տարբերակ ևս, համաձայն որի` կարմիրբանակայինների նավը գերվում է թուրքերի կողմից, և թուրքերը, կարմիրբանակայինների մեջ հայերին առանձնացնելով, գնդակահարում են: Խանփերյանցը, որպեսզի փրկի սեփական կյանքը, ներկայանում է որպես ազգությամբ ռուս և որպես ապացույց ներկայացնում է Թուրքեստանում ինչ-որ կերպ ձեռք բերած փաստաթուղթը` Սերգեյ Խուդյակով անվամբ: Իսկ իր մաշկի թխությունը պատճառաբանում է նրանով, որ իբր մայրը վրացուհի է:

Ինչևէ, նրան հաջողվեց խույս տալ մահից ու Բաքվից անցնել քաղաքացիական պատերազմի բոցերում այրվող Ռուսաստան: Ամեն դեպքում, 1919-ից սկսած, նա հանդես է եկել Սերգեյ Խուդյակով անվամբ:

Քաղաքացիական պատերազմում Խանփերյանցն արագ աչքի ընկավ և կարիերա ապահովեց: Շուտով  Ցարիցինի մարտերում աչքի ընկնելու համար նա նշանակվեց հեծելազորային ջոկատի հրամանատար: 1920 թ. նա 11-րդ Կարմիր բանակի կազմում մասնակցեց Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի գրավմանն ու խորհրդայնացմանը:

Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, Խանփերյանցն ավարտեց Թիֆլիսի հրամանատարական կազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները: Հետագայում նա կանոնավոր ռազմական կրթություն ստացավ և 1936 թ. ավարտեց Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան: Դրանից ավարտելուց հետո Խանփերյանցը նշանակում ստացավ Բելառուսական ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի շտաբում: Նախապես մայորի զինվորական կոչումով ծառայել է որպես շտաբի օպերատիվ բաժնի պետ, ապա` որպես շտաբի պետ, Բելառուսական ռազմական օկրուգի Ռազմաօդային ուժերի թիկունքի պետ` արդեն գնդապետի կոչումով:

Մոլոտով-Ռոբենտրոպ համաձայնագրից հետո, երբ ԽՍՀՄ-ն ու Գերմանիան  իրար մեջ բաժանեցին ապագա նվաճումների սահմանները, Խանփերյանցը մասնակցեց Արևմտյան Ուկրաինայի գրավման մարտերին, ինչպես նաև` խորհրդա-ֆիննական պատերազմին:

Խամփերյանցի ռազմական հանճարը փայլատակեց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Պատերազմի սկզբնական փուլում նա գեներալ-մայորի զինվորական կոչումով Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբի պետն էր: 1942 թ. արդեն գեներալ-լեյտենանտ Խուդյակովը նշանակվեց որպես Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի հրամանատար, 1943 թ. գարնանը` գեներալ-գնդապետի կոչումով խորհրդային բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ: Նա անուրանալի ավանդ ունի Մոսկվայի պաշտպանության մարտերում, որի հակաօդային պաշտպանության ամբողջ պատասխանատվությունն ընկնում էր նրա ուսերին: Մոսկվայի պաշտպանության ժամանակ Արմենակ Խանփերյանցը մի շարք ռազմավարական նորամուծություններ արեց, որոնց արդյունավետությունը շատ արագ ապացուցվեց և կիրառվում է մինչ օրս:

Խամփերյանցը մեծ ներդրում ունեցավ հատկապես Կուրսկի ճակատամարտի օրերին, երբ հմուտ մարտավարությամբ չեզոքացրեց գերմանացիների թվային առավելությունը օդում: Նրա ռազմավարական հանճարը փայլեց նաև Դնեպրի գետանցման ծանր մարտերում: Խանփերյանցի մշակած գործողությունների արդյունքում, հակառակորդի ավիացիան ոչ միայն չկարողացավ էական հակազդեցություն ունենալ խորհրդային զորքի վրա, այլև հենց խորհրդային օդուժը ոչնչացրեց Դնեպրի ափին տեղակայված գերմանական ամրություններն ու հակառակորդին պատճառեց հսկայական մարդկային ու նյութական կորուստներ:

1944 թ. նա արժանացավ ԽՍՀՄ ավիացիայի մարշալի կոչման, իսկ 1945 թ. փետրվարին Խանփերյանցը որպես ԽՍՀՄ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Իոսիֆ Ստալինի խորհրդական` մասնակցեց Յալթայի կոնֆերանսին:

1945 թ. մայիսի 9-ին պատերազմն ավարտվեց, սակայն ոչ Խանփերյանցի համար: Նա մասնակցեց նաև Ճապոնիայի դեմ պատերազմին: Ճապոնիայի հանձնվելուց հետո, երբ Խանփերյանցն այլևս պետք չէր ստալինյան ռեժիմին, նրան նշանակեցին Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի ռազմաօդային ուժերի պետ: Դա փաստացի աքսոր էր Խամփերյանցի համար: 1945 թ. դեկտեմբերի 14-ին Խանփերյանցը ձերբակալվեց կեղծ մեղադրանքով: Նրան ձերբակալեց հատուկ այդ նպատակով Չիտա ժամանած Լավրենտի Բերիայի տեղակալը` Աբակումովը: Մարշալին նախ բանտարկեցին Չիտայի երկաթուղային կայարանի վագոնում, ապա ուղարկեցին Մոսկվա: Հինգ տարի բանտերում տանջաքննությունից հետո ,1950 թ. ապրիլի 18-ին նա գնդակահարվեց որպես ժողովրդի թշնամի:

1956 թ. Արմենակ Խամփերյանցը հետմահու արդարացվեց:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 5781 անգամ:
Print Friendly

Leave a Reply