ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ 23 ՏԱՐԻ ԱՆՑ… Ի՞նչ ենք արել և ի՞նչ ենք անում

ԷՍՍԵ | | February 4, 2013 11:08

 Անկախության ճանապարհը «դժվարանցանելի» էր մեր պետության համար: Դժվարություններն ու խնդիրները շատ էին ու չեն պակասում: Եվ պատմությունը ցույց տվեց, որ դրանց լուծումներն այնքան էլ հաջող չէին…  Մեղմ ասած:  «Ինձնից հետո` թեկուզ ջրհեղեղ». մոտավորապես այս տրամաբանությամբ են առաջնորդվում անցյալի ու ներկայիս ղեկավար պաշտոնյաներից շատ շատերը:

 Հայաստանի կառավարության ղեկավար, վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշեց իր իշխանության տարիները հռչակել որպես կայուն տնտեսությունների տարիներ: Ընտրությունները, օրինակ, ապացուցում են տնտեսության հնարավոր բոլոր բացթողումներն ու առհասարակ արած-չարածը: Նախատոնական ու նախընտրական Հայաստանում տնտեսությունը «վերելք» ապրեց, ինչպես բոլոր մյուս դեպքերում ու հանգամանքներում:

Նորից ու նորից թանկացում նկատվեց պարենային ապրանքատեսակների շուկայում: Ամենապահանջված ապրանքները թանկացան 10-30 դրամով: Գործարար մենաշնորհները հայտարարեցին, թե գների սանդղակը որոշում է աշխարհը, իսկ մենք նայում ենք համաշխարհային գներին:

Ոչ ոք հաշվի չառավ մի փոքր կետ. նվազագույն եկամուտներ ունեցող եվրոպացին հաստատ 35.000 դրամ ամսական աշխատավարձ չի ստանում: Մեր համեմատ` նա հաստատ աղայի նման է ապրում:

Նախատոնական օրերին այցելեցի վարսավիրանոց: Վարսահարդարս ասաց, որ վերջին անգամ է նույն գներով «կտրում»: Ասացի` ի՞նչն է խնդիրը: Ասում է` ամեն ինչ թանկացնում են, բարձրացրել են նաև վարսավիրանոցների հարկերը:

– Մի խոսքով, չեն թողնում աշխատենք: Ամեն ինչ անում են, որ թողնենք ու գնանք էս երկրից,- ասում է վարսահարդարս ու շարունակում,- դե, մարդիկ գալիս են լավագույն դեպքում ամիսը մեկ անգամ, տրամաբանությունը էս ա նաև, որ ծառայությունների գները մի քիչ բարձրանում ա:

– Մի քիչ, ինչքա՞ն,- հետևեց իմ հարցը:

– Դե, 2000 դրամ,- ասաց նա:

– Մի քիչը փաստորեն կրկնակի՞ է:

– Դե, ես չեմ գները որոշել, որոշել են,- ասաց ընկեր-վարսահարդարս:

Գնացի օպտիկայի խանութ` ակնոցիս ապակիները «թարմացնելու»: Ընկերոջս օպտիկայի խանութն է, նա էլ ակնաբույժ է: Տեսնելով գները` հասկացա, որ «հուրախություն» ինձ այստեղ էլ են թանկացումներ նկատվում: Գները մոտավորապես 15%-ով  բարձրացել էին: Հարցնում եմ` ինչո՞ւ:

– Ես հլը էժան եմ դրել, եկամուտ չկա: Մյուս խանութները որ մտնես, կփոշմանես: Համարյա կրկնակի ա դարձել: Ես հաստատ մեղավոր չեմ: Եթե ուզում ես, քեզ իրա հին գներով կտամ, բայց….

– Ի՞նչ բայց,- հարցնում եմ:

– Բայցերը շատ են, ավելի լավ ա չասեմ, թե չէ արդեն համբերությանս բաժակը լցվել ա:

Չգիտեմ: Անկեղծ ասեմ` ուզում եմ փակեմ էս խանութը, պրծնեմ: Հավատա, էլ չեմ կարողանում դիմանալ: Աշխատողին չեմ կարողանում վճարել: Իսկ դու գոնե գիտես, որ իմ ապրանքը որակյալ ա,- ասում է ակնաբույժ ընկերս:

Հունվարի 8-ին գնում եմ աշխատանքի: Իհարկե, բարձր տրամադրությամբ, որովհետև ամեն դեպքում Ամանորը տրամադրություն հաղորդող տոն է: Ծխարանում ծխում եմ, ինձ մոտենում է գործընկերներիցս մեկը, ու վրդովված սկսում.

– Գիտես չէ՞, էս անտեր սիգարետի գներն էլ թանկացան: 50 դրամով ավելացրել են: Հո չեմ թարգելու, ստիպված պետք ա ծխեմ:

Նա ծխում է հայկական արտադրության ծխախոտ: Ճիշտ է` կառավարությունը որոշումն ընդունել էր դեռ անցած տարի, որ ծխախոտի ու ալկոհոլի գները կթանկանան 10 կամ  20 դրամով, բայց ոչ՝ 50:

Ծխախոտ արտադրող տեղական ընկերությունները գոնե պետք է հաշվի առնեին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատավարձերը, ու ծխախոտը անգամ 20 դրամ ավելացնելու պարագայում վաճառեին նույն հաստատագրված գնով: Բայց ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում ևս ամեն ինչի համար վճարում է սպառողը:

Տխուր է իրավիճակը նաև ստոմատոլոգիական կլինիկաներում, այստեղ ևս ծառայությունների գները վերելք են ապրել: Պատճառը կրկին  կառավարության «հանճարեղ» օրենսդրական նախաձեռնությունն է:

Այս հրապարակումը գրեթե պատրաստ էր, երբ մամուլի ասուլիսներով հանդես եկան տարբեր ստոմատոլոգիական ընկերությունների աշխատակիցներ ու ղեկավարներ: Նրանք ասացին, որ հարկերն ավելացել են, մի աթոռին բաժին է հասնում 80.000 դրամ: Բնականաբար, զարմանալի կլիներ, որ այստեղ էլ ծառայությունների գները չբարձրանային:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ  

Դիտվել է 1866 անգամ:
Print Friendly

Leave a Reply