Լույս աշխարհ եկող չորրորդ երեխայի համար՝ 430 000 դրամ կառավարությունը սահմանել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 4, 2013 7:05

ՄՈՐ ԱՉՔԵՐՈՎ

Մեր հերոս Լուսինե Կիրակոսյանը (անուն-ազգանունը փոխված է իր խնդրանքով) ապրում ու աշխատում է Երևանում: Արդեն 8 տարի է, ինչ ամուսնացած է: Ընտանեկան համատեղ կյանքի մասին նուրբ ժպիտով է խոսում, ասում է՝ ես ու ամուսինս ամուսնացել ենք սիրով ու բոլոր դժվարությունները հաղթահարել ենք միասին՝ իրար օգնելով: Լուսինեն երկու զավակի մայր է:

– Բառեր ուղղակի չեմ գտնում ասելու, թե ինձ համար իրականում ինչ է մայրանալը: Երևի կնոջ համար աշխարհում ամենահաճելի ու սպասված պարգևն է: Առաջին երեխաս ծնվեց 2000-ին: Ես ու ամուսինս աշխատում ենք, ու պահում երեխային: Առաջնեկս՝ աղջիկ է: Ամուսինս անընդհատ ասում էր, թե տղա երեխա էլ եմ ուզում,- ասում է Լուսինեն ու շարունակում,- չորս տարի անց` 2004-ին ծվեց երկրորդս՝ տղա: Բոլորս ուրախացանք:

Լուսինեի ու իր ամուսնու, հարազատների ու բարեկամների ուրախությանը չափ ու սահման չկար: …Բայց տարիներն անցնում էին ու դժվար դարձնում երեխաներին մեծացնելը:

– Ես հիմա չեմ դժգոհում, ոչ էլ ասում եմ՝ պետությունը, իշխանությունները պարտավոր են իմ երեխաներին լավ «նայել»: Չէ՛, պարզապես, Եվրոպայում, այլ երկրներում ամեն ծնված երեխայի համար պետությունը նպաստներ ու պարգևներ է սահմանում, դա այսօր մեր երկրում չկա, կամ կա՝ «չեղածի» հաշիվ ա,- ասում է Լուսինեն ու շարունակում,- գիտես, ամեն երեխայի ծնունդը մեր պետությունը գնահատում է 50 000 ՀՀ դրամ, կոպիտ բան եմ ասում, բայց չեմ կարող չասել. դա «իսկի» երեխայի մի ամսվա «փամփերսի» փողը չի անում, ուր մնաց ասեմ կերերի ու մի շարք դեղերի մասին,- ասում է Լուսինեն:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄՈՐ ԵՐԱԶԱՆՔԸ      

– Ամուսնուս հետ հաճախ ենք խոսում, երբեն նեղվում ենք, որ հազիվ-հազիվ ենք հասցնում ապրել, երկուսս էլ աշխատելով: Դեռ չեմ ասում, որ մեր ծնողներն էլ են մեզ օգնում: Ամուսնուս ծնողները Եվրոպայում են մշտական բնակության անցել, իմ ծնողները՝ Լոս Անջելեսում, բայց էլի մեկ է՝ շատ բաներ չենք էլ հասցնում: Տարրական բաներ կան, չէ՞, երբեմն, չենք կարողանում հասցնել,- նշում է Լուսինեն:

«ԱՆԿԱԽ»-ի այն հարցին, թե՝ չե՞ք ցանկանում երրորդ երեխան էլ ունենալ, ժպիտով է նշում.

– Ոնց չենք ուզում, պարզապես պատրաստ չենք: Ուղղակի այս պահին չենք կարող: Գուցե այն ժամանակ երբ երեխաներն ավելի մեծանան, մտածենք այդ մասին, բայց հիմա հաստատ չէ:

– Անգամ Կառավարության ընդունած նոր նպաստի չափերը չե՞ն ոգևորում,- հետևեց մեր տրամաբանական հարցը:

– Մենք ի վերջո երեխա ենք ունենում մեզ համար, մեր ուրախության համար: Նաև ինչ-որ չափով սերունդ ենք մեծացնում, չէ՞: Բայց դա իսկապես չի գնահատվում այսօր: Իմ ընկերների շրջապատում էլ շատ շատերը երկրորդ երեխայից ավելի չեն ցանկանում ունենալ. պատճառը միայն մեկն է՝ փողը,- նշում է զրուցակիցս:

ԲԺՇԿԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ

Բժիշկ-գինեկոլոգ Միհրան Ղուկասյանն ասում է, որ այսօր, համեմատած նախորդ, ասենք` հինգ տարիների հետ, ծնելիությունը նկատելի աճ է ունեցել:

– Հաճախ արդեն ամուսինները ցանկանում են երկրորդ երեխան ունենալ, իսկ դա հուսադրող է: Պատկերացրեք՝ սրանից մի հինգ կամ տասը տարի առաջ շատ ամուսիններ անգամ վախենում էին առաջին երեխան ունենալ, երբ հաշվարկում էին, թե դա ինչ ծախսերի հետ է կապված,- ասում է Միհրան Ղուկասյանը,- այսօր հուրախություն ինձ ու բոլորիս, այդ աճը զգալի է, ու եթե պետությունն էլ մի քիչ թիկունք լինի երիտասարդ ընտանիքներին, ամեն ընտանիք գոնե միջինը երեք երեխա կցանկանա ունենալ:

Մեր այն դիտարկմանը, թե երեխաներ ավելի քիչ են ունենում մայրաքաղաքում, քան գյուղերում, բժիշկ-գինեկոլոգը պատասխանում է.

– Իհարկե, դա այդպես է: Գյուղերում սովոր են 6-7 երեխա ունենալ, դա նրանց համար բնականոն է, նրանք չեն նեղվում, քանի որ երեխաները մեծանում են առանց որևէ խնդիրների, ծախսեր շատ քիչ են անում: Մայրաքաղաքում պատկերը հակառակն է. ամուսինները շատ են ծախս անում: Գյուղերում, օրինակ, «փամփերսներն» ու նման բաները, կերերը, ընդունված չեն, իսկ դրանց գումարները զգալի են, բոլորը կարող են փաստել: Մի գաղտնիք ասեմ. փորձը ցույց է տալիս, որ մարզերի գյուղերում մեծացած երեխաները շատ ավելի առողջ են, քան մայրաքաղաքի երեխաները, որոնց առողջության վրա ծնողները հսկայական գումարներ են ծախսում:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ  

Ի դեպ, ՀՀ կառավարությունը սահմանել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50 000 դրամ, իսկ ընտանիքում ծնված 3-րդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 000 ՀՀ դրամ: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18 000 դրամ է:

Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում միանվագ դրամական օգնության չափերն են`

ա) երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,

բ) երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,

գ) ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ:

Հրատապ օգնության չափը ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում 16000 դրամ է:

Հավելենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար պետությունը ծախսում է 4 մլրդ 561 մլն 930 հազար դրամ (43883 երեխա, այդ թվում` առաջին և երկրորդ 37652 երեխա` 50000 դրամ, իսկ երրորդ և հաջորդ` 6231 երեխա` 430000 դրամ), իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար` 2 մլրդ 376 մլն դրամ (11000 երեխա` ամսական 18000 դրամ):

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply