Դարձյալ Հայաստանի 10 լավագույն մարզիկներին որոշելու հարցի շուրջը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 5, 2013 7:00

2012-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկների քվեարկությունից հետո բավական ժամանակ է անցել, սակայն շարունակում են տարբեր կարծիքներ հայտնվել: Ոմանք ամեն ինչ օբյկտիվ են համարում, կան նաև չհամաձայնվողներ: Ի դեպ, տեսակետ են հայտնում նաև սպորտից, քվեարկության անցկացման կարգից անտեղյակ մարդիկ, լրատվամիջոցներ, հեռուստաընկերություններ, նաև քաղաքական գործիչներ:

Օրինակ` օրերս հեռուստաընկերություններից մեկի լրատվական ծառայության աշխատակիցը, որը սպորտ չի լուսաբանում, նշել էր, որ հարցումն իրականացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում գրանցված Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան: Մինչդեռ, նման բան լինել չի կարող: Կազմակերպությունը միավորում է տարբեր լրատվամիջոցների աշխատողների, որոնք պարզապես լավագույններին որոշելու համար, իրարից անկախ, քվեաթերթիկներ են լրացնում: Իսկ սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տարեվերջին  միայն պագևներ են շնորհում լավագույն տասնյակի ներկայացուցիչներին, առհասարակ մրցաշրջանի ընթացքում աչքի ընկած մարզիկներին և մարզիչներին:

Եվ քանի որ սպորտի նախարարության, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչների հասցեին տարաբնույթ դժգոհություններ են հայտնվում, շահագրգիռ անձինք փորձում են այնպես անել, որ հետագայում դրանք բացառվեն:

Թերևս այդ նպատակով Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացվեց քննարկում, որին մասնակցեցին Հայաստանի մարզական  լրագրողների ֆեդերացիայի ներկայացուցիչներ, մարզական լրագրողներ, ոչ մարզական լրագրողներ, ՀՀ սպորտի և եիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը որն անվայել արտահայտություններ էր արել երկարամյա պատմություն ունեցող ՀՄԼՖ-ի հասցեին, նույնպես հրավիրվել էր մասնակցելու քննարկմանը, սակայն չէր եկել: Ռոստոմյանը չթաքցրեց, որ փոխնախարար Արսեն Քարամյանն անձամբ զրուցել է և հրավիրել Ֆարմանյանին: Ընդ որում, վերջինս էլ իր հերթին, առանց ամաչելու, համացանցում հետո տարածել է, որ տեղեկատվական ոչ մի միջոցով ինքն այդ մասին չի տեղեկացել: Հետաքրքիրն այն է, որ քննարկման մասին մի քանի օր շարունակ հայտարություն կար նաև նախարարության կայքում:

Ինչևէ, նախարարը խնդրեց, որ վրդովված մարզական լրագրողները հեռու մնան Ֆարմանյանի հայտնած հակասական մտքերին անդրադառնալուց և նրա հասցեին սուր խոսքեր ուղղելուց: Այդուհանդերձ, գրչի մշակների կողմից հարց բարձրացվեց, որ Ֆարմանյանը հրապարակավ ներողություն խնդրի մարզական լրագրողներից: Առաջարկվեց, որ ՀՄԼՖ-ի ղեկավարությունը դիմի ՀՀ ԱԺ Էթիկայի հանձնաժողովին, որպեսզի քննարկի պատգամավորի վարքագիծը:

Ռոստոմյանը նշեց, որ Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչները 2012-ի լավագույն  մարզիկների տասնյակը օրինաչափ են համարում: Ելույթ ունեցավ նաև ՀՄԼՖ-ի նախագահ Յուրի Ալեքսանյանը, որ տեղեկացրեց, թե ինչ է արվել, որ ամեն  ինչ թափանցիկ կատարվի, և քվեարկությունից հետո հարցեր չառաջանան: Ընդ որում, ևս մեկ անգամ հայտնվեց, որ քվեարկողների լրացրած հարցաթերթիկների տվյալները տպագրվում են մամուլում:

Նախարարը հայտնեց, որ մտադրություն չունի միջամտելու  հասարակական կազմակերպության աշխատանքին: Նա  միայն երեք առաջարկ արեց, որի շնորհիվ քվեարկությունը կարող է էլ ավելի թափանցիկ դառնալ և, առավել ևս, ոչ մի կասկածի տեղիք չտալ:

Ռոստոմյանը կարծում է, որ մինչև 2013-ի մարտ ամիսը  ՀՄԼՖ-ն պետք է վերահավատարմագրում անցկացնի և հնարավորություն տա  անդամագրվելու մարզական լրագրության ոլորտում առնվազն 3 տարի աշխատած և տարեկան 20-25 հոդված գրած լրագրողներին, որպեսզի նրանք ևս քվեարկությանը մասնակցեն: ՀՄԼՖ-ն իր հերթին պետք է կայք ստեղծի, որում  հրապարակվի  քվեարկության գործող կանոնակարգը, այսինքն` ներկայացվեն  չափորոշիչները, որոնցով կատարվում է քվեարկությունը: Խնդիր դրվեց նաև, որ քվեարկությունը կատարվի որևէ հեռուստաընկերության ուղիղ եթերով:

Ինչ խոսք,  խրախուսելի է, որ նախարարը  սրտացավ է և իր տեսակետներն է հայտնել: Այդուհանդերձ, որոշ վերապահում կա: Նախ, ՀՄԼՖ-ն բաց կառույց է և նրա սահմանած կանոնադրությամբ կարող է քվեարկությանը մասնակցել 3 տարի մամուլում աշխատած մարզական լրագրողը. հավատարմագրվելու խնդիր չկա: Կայք ստեղծելու անհարաժեշտություն նույնպես չկա, առավել ևս, որ դրա համար պետք է ֆինանսներ տրամադրի նախարարությունը: ՀՄԼՖ-ն անկախ կառույց է և որևէ կազմակերպությունից փող չի խնդրում: Հարց է նաև, թե ով պետք է գործարկի այդ կայքը: Չմոռանանք, որ մարզական լրագրողների մեծ մասը նաև լրատվական կայքերի հետ գործ ունի, և դրանց միջոցով կարելի է ցանկացած քննարկում կազմակերպել, նաև ծանոթանալ հասարակական կարծիքին: Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ ցուցադրելուն, ապա դա կարող է ՀՄԼՖ-ն անել կոմերցիոն հիմունքներով, եթե որևէ հեռուստաալիք ցանկանա  քվեարկությունից հետո շոու ներկայացնել: Այնպես որ ՀՄԼՖ-ն պետք է որոշի, թե ինչքանով է նպատակահարմար կենսագործել նախարարի առաջարկները:

Դիտվել է 1733 անգամ:
Print Friendly

Leave a Reply