Վանիկ Զաքարյանը գնում է Բաքու

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 3, 2013 7:03

Վերջերս Հայաստանում շախմատի երեք կարևոր իրադարձություններ կատարվեցին: Ծաղկաձորում կայացած  ՖԻԴԵի նախագահության նիստում, Երևանում կազմակերպված Եվրոպայի շախմատի միության նախագահության նիստւմ մի շարք ուշագրավ որոշումներ ընդունվեցին, իսկ Երևանում անցկացված  շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններում հայտնի դարձան այն մարզիկի  և մարզուհու անունները, որոնք համալրելու են մեր երկրի այս մարզաձևի ընտրանիները: Այդ մասին ահա թե ինչ ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը:

– Առաջին անգամ էր Հայաստանում անցկացվում  ՖԻԴԵ-ի նախագահության նիստ, և դա պատվաբեր էր: Այդուհանդերձ, պետք է հիշել, որ 1996-ին Երևանում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին ՖԻԴԵ-ի ավելի խոշորամասշտաբ իրադարձություն էր կայացել: Օլիմպիադային զուգահեռ անցկացվել է ՖԻԴԵ-ի համաժողով, որին մասնակցել են այդ կազմակերպությանն անդամագրված բոլոր երկրների ներկայացուցիչները, կարևոր հարցեր են քննարկվել: Այդուհանդերձ,  ՖԻԴԵ-ն մի շարք անհապաղ լուծում պահանջող խնդիրներ ունի, որոնք էլ քննարկվեցին կազմակերպության նախագահության երևանյան նիստում: Նիստերն անցկացվում են  երեք ամիսը մեկ անգամ և դրանց ընթացքում կարգավորում այն հարցերը, որոնք մինչև համաժողովի կազմակերպումը հետաձգվել չեն կարող:

 Հայաստան էին ժամանել  սոսկ երկու տասնյակ երկրների ներկայացուցիչներ: Դա  քիչ չէ՞ր:

– Տրամաբանական է և  ձգտումն այն է, որ նախագահության կազմում շատ երկրների ներկայացուցիչներ ընդգրկվեն: Բայց նախագահության կազմում հիմնականում ՖԻԴԵ-ի ղեկավարներ են, տարբեր հանձնաժողովների անդամներ, այնպես որ դա նորմալ է: Նիստում շատ հարցեր քննարկվեցին, կոչումներ շնորհվեցին, կանոնակարգեր հաստատվեցին: Հստակեցվեց ՖԻԴԵ-ի առաջիկա միջոցառումների օրացույցը: Մի շարք երկրներից առաջարկներ էին եղել ՖԻԴԵ-ի միջոցառումներ անցկացնելու համար, և ներկայացվեց, թե ինչ են պատրաստվում կատարել ու ինչպես, ինչ պայմաններ են ի վիճակի տրամադրելու մասնակիցներին, որ ժամկետներում է նպատակահարմար անցկացնել այդ միջոցառումները և այլն:

Վիճահարույց հարցեր էլ քննարկվեցին: Մասնավորապես, Եվրոպայի շախմատի միությունը բողոքել է, որ 2016-ի  Շախմատի համաշխարհային օլիմպիադան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում է կազմակերպվելու: Նույնիսկ բողոք է ներկայացվել  արբիտրաժային դատարան, որ ՖԻԴԵ-ի այդ որոշումը հակօրինական է: Ընդ որում, ՖիԴԵ-ի ներկայացուցիչները շահել են դատը, բացահայտվել է, որ անօրինական որևէ բան չի կատարվել: Հայաստանի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերից մեկն էլ այն էր, թե մեր երկրի շախմատիստները  2016-ին պե՞տք է պատվիրակներ ուղարկեն Ադրբեջան, թե՞ ոչ: Ի դեպ, միչև այդ էլ` 2014-ին Հայաստանում է անցկացվելու Եվրոպայի առաջնությունը, որին ադրբեջանցիների մասնակցության խնդիրն է: 2015-ին է Ադրբեջանում կազմակերպվելու է աշխարհի գավաթի խաղարկությունը, որն ընտրական է  և որոշելու է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներին: ՖԻԴԵ-ն այդ հարցերին միանշանակ է մոտենում: Բանն այն է, որ ցանկանում է մտնել օլիմպիական ընտանիք: Իսկ ՄՕԿ-ի գլխավոր պահանջն այն է, որ ոչ մի քաղաքական հարց չխանգարի մարզական համագործակցությանը: Ինչ խոսք, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները որոշ խնդիրներ տեսնում են, քանի որ ներքաղաքական իրավիճակն այնքան էլ հարթ չէ: ՖԻԴԵ-ն իր հերթին ձգտելու է քայլեր ձեռնարկել, որպեսզի  դրանք լուծվեն, և երկու երկրների ներկայացուցիչներն էլ մասնակցեն մարզական իրադարձություններին: Առաջին քայլն այն կլինի, որ փետրվարին ՖԻԴԵ-ի ղեկավարությունը կայցելի Ադրբեջան, որպեսզի հարցերը քննարկի այդ երկրի ներկայացուցիչների հետ, Հայաստանի շախմատիստների համար անվտանգության երաշխիքներ ստանա: Պատվիրակության կազմում որպես ՖԻԴԵ-ի ներկայացուցիչ ընդգրկվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը:

 Հետաքրքիր է, ինչո՞ւ Հայաստանը չի միանում Եվրոպայի  շախմատի միության պայքարին, որպեսզի Ադրբեջանում օլիմպիադան չկայանա:

– Եվրոպայի շախմատի միության նախագահը բուլղարացի Սիլվիո Դանայիլովն է, որը Հայաստանում էր, և Ծաղկաձորում կայացած նիստից հետո նրա ղեկավարությամբ Երևանում անցկացվեց Եվրոպայի շախմատի միության նախագահության նիստը: Բանն այն է, որ Բուլղարիայի շախմատի ֆեդերացիան հայտ էր ներկայացրել, որ հյուրընկալի 2016-ի օլիմպիադայի մասնակիցներին: Դժգոհությունն այն է, որ հանիրավի Բուլղարիայի ներկայացուցիչներին չի տրվել այդ իրավունքը, և կայացված որոշումը հակասական է համարվում:

 Կիրսան Իլյումժինովի լրագրողների հետ հանդիպման ժամանակ արած այն հայտարարությունը, որ Ստամբուլում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներն իրենց փայլուն խաղով ապացուցեցին, որ ոչ միայն խելոք են թուրքերից, այլև մոլորակի մյուս  ազգերից,  և կարող են Բաքվում էլ նույնը կրկնել, սայթաքո՞ւմ պետք է համարել:

– Այդ մասին նախ խոսել է Իլյումժինովի առաջին տեղակալ, հույն Ջորջիո Մակրուպոլոսը: Նա Հայաստանի պատմությանը քաջատեղյակ է և մեր հանդիպումների ժամանակ քանիցս անդրադարձել է  ցեղասպանությանը, մեր ժողովրդին բաժին հասած այլ անարդարություններին, Արցախի հակամարտությանը: Ասվել է, որ Ստամբուլում Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են, բարձրացրել են եռագույնը և այժմ հնարավոր է, որ նույն բանը կրկնվի Բաքվում: Իլյումժինովն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշ մտքեր կրկնեց, քանի որ այդ մասին նաև քանիցս խոսվել էր նախագահության անդամների մտքերի փոխանակության ժամանակ: Կարևորն այն է, որ Իլյումժինովը պաշտոնապես հայտարարեց, որ հնարավորն անելու է, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչների համար Բաքվում անկաշկանդ խաղալու երաշխիքներ տրվեն և համապատասխան պայմաններ ստեղծվեն: Ավելին, Ծաղկաձորում նախագահության նիստը լուսաբանող բոլոր լրագրողներին նա խոստացավ Բաքվում ապահովել աշխատանքային բոլոր պայմանները նրանց համար, հոգալ ճանպարհածախսերը, նաև տեղեր տրամադրել հինգաստղանի հյուրանոցում: Պահանջը միայն այն է, որ նրանք ներկայացնեն, թե իրականում ինչպիսի պայմաններում են Հայաստանի շախմատիստները խաղացել օլիմպիադայում:

 Անդրադառնանք Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններին: Դրանք առանց անակնկալների՞ ընթացան:

– Երկու մրցաշարերում էր լարված պայքար էր և մինչև վերջին տուրի ավարտն էլ պարզ չէր, թե ովքեր են չեմպիոն դառնալու: Ընդհանրություն էր նաև այն, որ երկու մրցաշարերի արդյունքով էլ չփոխվեցին Հայաստանի հավաքականի անդամները: Այդ պատվին էին արժանանալու առաջին տեղերը գրավողները: Այսինքն` չեմպիոն դարձան այն խաղացողները, որոնք 2012-ին նույնպես խաղացել էին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներում. Տիգրան Պետրոսյանը և Աննա Հայրապետյանը: Այդուհանդերձ, երկու մրցաշարերը շատ տարբեր էին: Տղամարդկանց մրցաշարը գերհզոր էր, ընդամենը երկու կետ չբավականացրեց, որպեսզի այն միջազգային դասակարգման սանդղակով դասվեր 14-րդ կարգի: Աշխարհում մի քանի երկիր կարող է այդ մակարդակի ազգային առաջնություն անցկացնել: Ընդ որում, բացակայում էին մեր երկրի ուժեղագույն 4 շախմատիստները: Մինչդեռ կանանց մրցաշարը 2-րդ կարգի էր:

Տղամարդկանց մրցաշարի սկզբում Պետրոսյանը 4 հաղթանակ տարավ, սակայն վերջում դժվարությամբ պահպանեց առաջատարի դիրքը: Բանն այն է, որ վերջին տուրում նա խաղաց իր հիմնական մրցակցի` Ավետիք Գրիգորյանի հետ, որը հանդես էր գալիս սպիտակներով և հաղթելու դեպքում կդառնար չեմպիոն: Գրիգորյանը երեք տարի առաջ Հայաստանի չեմպիոն է եղել, խաղացել է մեր երկրի հավաքականի կազմում և այս անգամ բավարարվեց 2-րդ տեղով: Իրեն լավագույնս դրսևորեց  նաև 3-րդ մրցանակակիրը` Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 2 տարի առաջ էր Հայաստանի չեմպիոն դարձել:

Կանանց մրցաշարը, որին չէին մասնակցում մեր ուժեղագույնները, տխուր տպավորություն թողեց: Ընդ որում, ոչ մի մարզուհի զերծ չմնաց սայթաքումներից: Թերևս Հայրապետյանն էր ամենից շատ չեմպիոնուհու կոչմանն արժանանալու, և այդպես էլ եղավ: Անակնկալ էր Արմինե Բաբայանը, որ պատանեկան շախմատում հաջողությունների հասնելուց հետո տևական ժամանակ սովորում էր, հեռացել էր շախմատից: Նրա վերադարձը  շախմատ նշանավորեց հաջողությամբ: 23-ամյա մարզուհին, նախ, լավ խաղաց առաջին խմբում, ապա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում և դարձավ 2-րդ մրցանակակիր: 3-րդ մրցանակին տիրացած Նարինե Գասպարյանն էլ երիտասարդ տարիքում դարձել էր միջազգային վարպետ, սակայն նրա մարզիչը Հայաստանից հեռացել էր, և մարզուհին միջին արդյունքներ էր ցույց տալիս: Բայց այս մրցաշարում նա առաջին տեղի հավակնորդ էր համարվում, աղյուսակն էր գլխավորւմ: Նրա նոր հաջողությունն ուրախացնում է, սակայն ցավալի է, որ չունենք նոր անուններ:

Դիտվել է 1672 անգամ:
Print Friendly

Leave a Reply