Համակարգիչ 1-ին դասարանցիներին, ՀՆԱ-ի 1-3 %` գիտությանը, բարձր աշխատավարձ` ուսուցիչներին Նախագահի թեկնածուների խոստումները կրթության և գիտության ոլորտում

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 1, 2013 7:28

ՀՀ նախագահի ութ թեկնածուները, ամեն մեկը յուրովի, շարունակում են  քարոզարշավը` ընտրողներին հատվածաբար ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրերը և ապագայի Հայաստանի տեսլականը:

«Անկախը» կներկայացնի, թե նախագահի թեկնածուներից ամեն մեկն ինչպիսին է պատկերացնում ապագայի Հայաստանի գիտակրթական ոլորտը:

ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն աչքի է ընկնում բյուրեղացված վիճակով. լավ մշակված է, անտեղի որևէ միտք կամ բառ չկա:

«XXI դարում մրցունակ պետություն նշանակում է մրցունակ կրթական համակարգ, որը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու, գիտելիք ստեղծելու ունակությունը»,- ասված է ծրագրում:

Այնուհետև կետ առ կետ շարադրված են խոստումները, ըստ որոնց` անցում կկատարվի երաշխավորված 12-ամյա կրթության,  ամեն 1-ին դասարանցու կհատկացվի համակարգիչ, մարզերում կկառուցվեն մանկապարտեզներ, սոցիալապես անապահով խավի համար կապահովվի անվճար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, կհեշտացվի բուհական ընդունելությունը:

Նախընտրական ծրագրով նախատեսվում է բուհերում ուժեղացնել գիտահետազոտական բաղադրիչը, ներդրվելու են գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ,  առաջնային ուշադրություն կհատկացվի հայագիտությանը:

«Բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության հենքը՝ միավորելով գիտությունը, դասավանդումը և նորարարական արտադրությունը: Հետևողականորեն աջակցելու ենք վերջին տարիներին մեր գիտնականների գրանցած հաջողությունների հետագա խորացմանը»,- ամրագրված է ծրագրում:

Վերընտրվելու դեպքում  Սարգսյանը խոստանում է նաև իրավական ամուր հիմք  ստեղծել ակադեմիական գիտության զարգացման համար, աշխատանքներ տանել գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ:

«Շարունակելու ենք տարեցտարի ավելացնել գիտությանը պետական բյուջեով հատկացվող միջոցները: Գիտական հիմնարկները ստանալու են գործունեության առավել մեծ ազատություն: Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները: Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ գիտական հիմնարկների և մասնավոր հատվածի առավել սերտ ու փոխշահավետ համագործակցության համար»:

Նախընտրական այս դրույթերն առաջին հայացքից գրավիչ են, իրագործման դեպքում կարծես թե խնդիրներ էլ չենք ունենա: Բայց… Ծրագրում չկան «ինչպե՞ս» և «ե՞րբ» հարցերի  պատասխանները, չկան թվերով ու հստակ ժամկետներով արտահայտված խոստումներ ու ծրագրեր: Օրինակ` նվազագույնը քանի՞ համայնք է նոր նախակրթարան ունենալու, ի՞նչ պետք է հասկանալ «գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ» ասելով, գուցե ներկայիս մեթո՞դն էլ է ժամանակակից: «Շարունակելու ենք տարեցտարի ավելացնել գիտությանը պետական բյուջեով հատկացվող միջոցները» արտահայտությունը ևս պաթետիկ է, երբ չկա նշված կոնկրետ թիվ: Այլ բան է, եթե  նշվեր, որ այսքան տարի հետո  գիտությանը կհատկացվի, օրինակ, ՀՆԱ-ի 1%-ը:

2013-ին, նախորդ տարվա համեմատությամբ, գիտությանը հատկացվող ֆինանսավորումն ավելացվեց, ամեն տեղ բարձրաձայնվեց այդ մասին, բայց չնշվեց, որ դա օրենքի պահանջն էր և գիտությանը օրենքով սահմանված նվազագույնից մեկ լումա ավելի անգամ չի հատկացվել: Նույնը կարող է կրկնվել: Թվերի ու ժամանակացույցի բացակայությունը ծրագրում կարծես ապահովագրում է ՀՀԿ-ին, որպեսզի հնարավոր չլինի հետագայում ինչ-ինչ դրույթներ չկատարելու մեղադրանքներ հնչեցնել:

Ավելի պրակտիկ է Հրանտ Բագրատյանի ծրագիրն այս ոլորտում. նա  հարյուր քայլերից հինգը հատկացրել է կրթությանը և գիտությանը:

Նա նախատեսում է կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացում մինչև ՀՆԱ-ի 3,2%-ի չափով ներկայիս 2,8-ի փոխարեն, ինչպես նաև բարձրագույն կրթությանը հատկացվող ֆինանսական միջոցների ավելացում ՀՆԱ-ի 0,8%-ի չափով:

Նախատեսվում է նաև իրականացնել կրթության հավաստագրային ֆինանսավորում. այսինքն` աշակերտի կրթության համար գումարը հատկացվում է ոչ թե դպրոցին, այլ ծնողին, իսկ վերջինս էլ որոշում է, թե որ դպրոց ուղարկի իր երեխային:

Իսկ գիտությանը Բագրատյանը խոստանում է հատկացնել ՀՆԱ-ի 1%-ը ներկայիս 0.24%-ի փոխարեն. «Գիտությունն ամբողջությամբ պետք է տեղափոխել համալսարաններ. գիտությամբ պետք է զբաղվել ուսանողական տարիներից։ Բյուջեի միջոցների հաշվին պետք է ստեղծվի գիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման պետական գրանտային համակարգ` թեմատիկ ֆինանսավորման հիմքերով: … Թեմաների ընտրությունը կարվի անկախ տեղական և արտասահմանյան փորձաքննության, հիմնադրամների, պետության կողմից ֆինանսավորվող գիտական խորհուրդների միջոցով»։

Թեկնածուների գիտակրթական ոլորտի ծրագրերից ամենածավալունը Րաֆֆի Հովհաննիսյանինն է. գիտությանը և կրթությանն առանձին-առանձին է անդրադարձ կատարվում: Նա ոչ միայն թվերով ներկայացնում է ներկա իրավիճակը, այլև նշում, թե որոշակի ժամանակ հետո ինչպիսին է ինքը տեսնում ոլորտը և ինչ քայլեր է նախատեսում իրականացնել:

«Համաձայն միջազգային հեղինակավոր հետազոտությունների` ցանկացած երկրի զարգացման համար անհրաժեշտ է, որ այնտեղ գիտությանը հատկացվի ՀՆԱ-ի 2-3%-ը: ՀՆԱ-ի 1%-ն այն շեմն է, որն անհրաժեշտ է, որպեսզի գոնե պահպանվի առկա մակարդակը, դրանից ցածր ֆինանսավորում ունենալու դեպքում երկրին անխուսափելի հետընթաց է սպասում: Գիտությունը պետության ամենաարդյունավետ ռազմավարական ներդրումն է, որը թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ կտրվածքով իր նպաստն է բերում մյուս բոլոր ճյուղերի առաջընթացին ու ներդաշնակ զարգացմանը: Հայաստանում գիտության ֆինանսավորման ներկայիս մակարդակն անընդունելի է: Այն սպառնում է մեր երկրի երբեմնի հզոր գիտական ներուժի ոչնչացմանը, բազմաթիվ փայլուն գիտնականների արտագաղթին` «ուղեղների արտահոսքին»,- ասված է ծրագրում:

Հովհաննիսյանը նախատեսում է.  «Արմատական բարեփոխումներ իրականացնել ՀՀ գիտության կառավարման ու համակարգման բնագավառում և գիտության ֆինանսավորումը հասցնել գիտության դերը կարևորող երկրների մակարդակին` ՀՆԱ-ի 3%-ին: Այն իրականացնել հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` 2014 թ. պետական բյուջեում ապահովելով ֆինանսական հատկացումներ` ՀՆԱ-ի 1%-ի չափով, իսկ մինչև 2020-ը գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում պետական բյուջեի և տնտեսության մասնավոր հատվածի հաշվին աստիճանաբար հասցնել 3%-ի: Որպես գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանման միջոց` կիրառել գիտությունում կատարված ներդրումների կրկնապատիկի չափով շահութահարկի նվազեցում»:

Հովհաննիսյանը խոստանում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությամբ ազատել գիտական նշանակություն ունեցող ներկրվող սարքավորումները բոլոր տեսակի հարկերից ու մաքսերից, ապահովել 2000 թ. ընդունված «Թոշակի անցած գիտաշխատողների հավելավճարների մասին» օրենքի կիրառումը, ընդունել անկախ գիտական փորձաքննության մասին օրենք, խթանել գիտություն-արտադրություն կապը և այլն:

Նա նաև խոստանում է գրահրատարակչության ոլորտը լիովին ազատել ավելացված արժեքի հարկից և շահութահարկից, ինչպես նաև բուհերից երիտասարդ, տաղանդավոր կադրերի արտահոսքը կանխելու, պրոֆեսորադասախոսական, գիտական անձնակազմի երիտասարդացման նպատակներով երիտասարդ գիտնականների համար ստեղծել լրացուցիչ հաստիքներ` բարձր աշխատավարձով:

Կրթության ոլորտում անհրաժեշտ քայլեր է համարում արդի պահանջները բավարարող մանկավարժական կազմի ձևավորումը, կրթական մասնագիտությունների ցանկի և  կրթության որակի մակարդակի համապատասխանեցումը շուկայական տնտեսության ժամանակակից պահանջներին, հանրակրթական դպրոցներում մասնագիտական կողմնորոշմանը միտված կրթության նոր մեխանիզմների ներդրումը, դպրոցների կառավարման համակարգի շարունակական բարեփոխումը, հաշմանդամ և անապահով ընտանիքների երեխաների կրթական ծախսերի հատուցումը, բոլոր մակարդակներում կոռուպցիոն երևույթներ ծնող պատճառների դեմ պայքարը և այլն:

Մատնանշված քայլերն իրականացնելու համար, ըստ ծրագրի, հարկավոր է ՀՀ պետական բյուջեում կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 5,5%-ի: Ներդնել մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածության 18-ժամյա չափանիշը, որն ուսուցչին հնարավորություն կտա զբաղվելու ինքնակրթությամբ, ինչպես նաև բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, ինչպես նաև մանկավարժական բուհերում բարեփոխել կրթության որակն ու մակարդակը` դպրոցը որակյալ ուսուցիչներով ապահովելու համար:

Նախատեսվում է նաև պակասեցնել կրթության ոլորտում հարկային բեռը` միաժամանակ խստացնելով բոլոր բուհերի  նկատմամբ կիրառվող այն չափորոշիչները, որոնք վերաբերում են արդիական նյութատեխնիկական բազայով ապահովվածությանը, նորագույն արտասահմանյան գիտակրթական մեթոդաբանության ձեռքբերմանն ու ներդրմանը, դասախոսների վերապատրաստմանը, կրթության որակի ապահովմանն ուղղված այլ ցուցանիշներին:

Հովհաննիսյանը նախատեսում է նաև մի շարք օրենսդրական փոփոխություններ:

Մյուս թեկնածուների ծրագրերում կրթությանը և գիտությանը կա՛մ անդրադարձ չկա, կա՛մ մեկ-երկու տող է հատկացված:

Այսպես, առայժմ հրապարակված է Պարույր Հայրիկյանի նախընտրական ծրագրի հենքը, որտեղ նշված ոլորտների մասին ոչինչ չի ասվում:

Արման Մելիքյանի նախընտրական ծրագրի նպատակներից է «ապահովել գիտակրթական ոլորտի նպատակային ու հետևողական զարգացումը պետության կողմից ընդունված չափանիշներին համապատասխան»:

Անդրեաս Ղուկասյանը նախատեսում է մշակել ու իրականացնել «2014-2020 թթ. ազգային զարգացման յոթնամյա ծրագիր», որի նպատակներից կլինի նաև «երաշխավորել բարձրագույն կրթության հասանելիությունը,  ստեղծել գիտատեխնիկական բազա ազգային նորարարական տնտեսության  զարգացման համար»:

Վարդան Սեդրակյանի` էպոսի վրա  հիմնված ծրագիրը դեռևս ամբողջական տեսքով հասանելի չէ. թեկնածուն ակտիվ քարոզարշավը կսկսի փետրվարի 1-ից:  Արամ Հարությունյանն էլ, որ նախատեսում է դուրս գալ ընտրապայքարից,  ծրագիր չի հրապարակել:

Դիտվել է 3548 անգամ:
Print Friendly

Leave a Reply