Բռնության ենթարկված դուստրը և կինը. երկու կնոջ պատմություն

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | January 31, 2013 15:08

«Հայրս այնպես համբուրեց, որ քիչ մնաց շնչահեղձ լինեմ…»

«Տղամարդկանց հանդեպ հակակրանք եմ զգում: Այդ զգացումն առաջացել է շատ վաղուց: Մայրս քնքուշ կին էր: Գուցե գեղեցիկ չէր, բայց բարի սիրտ ուներ: Նա մեր ընտանիքի ամեն օրը կարող էր տոն դարձնել՝ հաճելի անակնկալներ պատրաստելով: Բոլորը նրան սիրում էին: Մայրս շատ հոգատար էր հորս նկատմամբ, հայրս էլ նրա հետ կոպիտ չէր վարվում. երբեք չեմ տեսել, որ ձեռք բարձրացնի նրա վրա: Սակայն մի բան կար, որ մորս շատ էր վշտացնում. հայրս կնամոլ էր: Սկզբում չէինք հասկանում մորս տխրության պատճառը, բայց երբ ականջներիս հասան հարևանների խոսակցությունները, մենք էլ սկսեցինք ամաչել հորս վարքի համար:

Նա չէր էլ թաքցնում կանանց նկատմամբ իր հետաքրքրությունը: Ավելին, սկսել էր նույնիսկ անվայել կատակներ անել իմ ընկերուհիների հետ: Նրա անբարո ակնարկներն այնքան ծայրահեղ դարձան, որ որ նույնիսկ սկսեցի խուսափել հորիցս: Այդ օտարացումը երևի վրդովեց նրան, սկսեց ինձ համար ավելի հաճախ նվերներ գնել: Երբ շուկա կամ խանութ էր գնում, ինձ անպայման վերցնում էր իր հետ: Ես փորձում էի հրաժարվել՝ պատճառաբանելով, թե դասերս պիտի սովորեմ, բայց նա համառում էր: Սկզբում մայրս էլ էր հորդորում, որ նրան ընկերակցեմ, երևի կարծում էր, որ այդպես հայրս ուրիշի փեշերի հետևից չի ընկնի: Հետո զգացի, որ այդ հետապնդումը մորս էլ է սկսել անհանգստացնել: Ես երկու կրակի մեջ էի: Նույնիսկ ուսման մեջ դժվարություններ առաջացան, քանի որ ամբողջ օրը լարված էի, որ իմ պատճառով ծնողներս չընդհարվեն:

Մի անգամ, դպրոցն ավարտելու կապակցությամբ ինձ շնորհավորելով, հայրս այնպես համբուրեց, որ քիչ մնաց շնչահեղձ լինեմ: Ես լաց եղա, իսկ նա խոստացավ, որ եթե իրեն լսեմ, ինձ համար ամենաշքեղ հագուստը կգնի:

Շատ էի ուզում ինստիտուտ ընդունվել, բայց հորս հետապնդումներից խուսափելու համար ընդունվեցի բուժքույրական ուսումնարան, որպեսզի տնից հեռու լինեմ: Սովորելու ընթացքում, նույնիսկ արձակուրդներին, խուսափում էի տուն գնալուց, որովհետև հայրս ինձ հետապնդելու առիթը բաց չէր թողնում, մի օր անգամ գրկեց ու կուրծքս շոյեց:

Մայրս հանկարծակի մահացավ: Ես այլևս չէի կարող տուն վերադառնալ: Ստիպված Կապանում ամուսնացա մի տղամարդու հետ, ում գրեթե չէի ճանաչում և բոլորովին չէի համակրում:

Երևի Աստված երես է թեքել ինձնից, քանի որ երեխա էլ չեմ ունենում: Բժիշկներն ասում են, որ ամուսինս պիտի բուժվի, իսկ նա այդ մասին լսել անգամ չի ուզում:

Հայրս մենակ է ապրում, և եթե նրանից չվախենայի, կտեղափոխվեի նրա մոտ, բայց ստիպված եմ համակերպվել այս վիճակին…»:

 Բարերարն ու բռնարարը

«Իմ պատմությունը լսողները զարմանում են: Ամուսնացել էիք, ունեինք երկու աղջիկ: Հիմա նրանցից զրկված եմ: Տասը տարի առաջ եմ տեսել ու մեկ էլ տեսա երեկ՝ դպրոցում: Այնտեղ էլ չգիտեին իմ գոյության մասին, քանի որ երեխաներին ներկայացրել էին՝ որպես երկկողմանի ծնողազուրկ: Հիմա նրանք ապրում են տատի ու պապի հետ, որոնք անընդհատ պատմել են, թե իբր ես լքել եմ իրենց և այնքան են երեխաներիս հոգին թունավորել, որ հիմա նրանք չեն էլ ուզում իմանալ ճշմարտությունը»:

Այստեղ զրուցակիցս խոսքն ընդհատեց և սենյակից դուրս եկավ: Վերադարձավ՝ ձեռքին մի հին թերթ: Ցույց տվեց դրա լուսանկարներից մեկը. «Ամուսինս է»,-ասաց՝ ցույց տալով մի հաղթանդամ, գեղեցիկ տղամարդու: Լուսանկարի վերևում խոշոր տառերով գրված էր. «Մեծ բարերարը»: Քաղաքի դպրոցներից մեկի տնօրենը հանրությանն էր ներկայացնում մեր հայրենակցին, որը Ռուսաստանում ապրելով՝ չէր մոռացել հարազատ դպրոցը և արդեն քանի տարի՝ օգնում էր սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ տրամադրելով հագուստ, սննդամթերք և գրենական պիտույքներ:

«Գիտեմ՝ անհամատեղելի են բարերան ու բռնարարը,-շարունակեց կինը,-ում ել պատմեմ՝ չի հավատա: Միայն ինձ ու իրեն է հայտնի, թե ինչ ինչ գնով է հանկարծ հարստացել: Նա դրա համար կյանքով փոխհատուցեց: Ինձ համար շատ դժվար էր դիմանալ այդ ամենին: Ասացի, որ հեռանում եմ, իսկ նա սպառնաց. «Կգնաս առանց երեխաների»:

Հաջորդ օրը նրա, այսպես կոչված տղաներն, ինձ ինքնաթիռ նստեցրին և ուղարկեցին Հայաստան: Դրանից հետո երեխաներիս չեմ տեսել, իսկ նրա սպանության մասին լսեցի այստեղ: Ամբողջ հոգով ձգտում էի երեխաներիս վերադարձնել, բայց ոչինչ չստացվեց: Այլևս ոչ մի հույս չունեմ, բոլոր դռները փակվել են: Կարծում էի, երբ երեխաներս մեծանան, կպատմեմ նրանց իրականությունը, ու նրանք ինձ կհասկանան: Բայց ես հաշվի չէի առել, որ նրանց կարող են թշնամացնել իմ դեմ: Հիմա էլ մտածում եմ՝ գուցե աղջիկներս ամուսնանան, մայր դառնան ու այդ ժամանակ ուզեն լսել իրենց մոր պատմությունը, գուցե այդ ժամանակ ինձ ընդունեն…»:

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

Դիտվել է 2862 անգամ:
Print Friendly

Leave a Reply