Փոխարժեքի ցուցատախտակներն այսուհետ բոլորովին չեն երևա
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 19, 2009 16:50
Արդեն մի քանի օր է` մայրաքաղաքի խանութների ու փոխանակման կետերի ցուցափեղկերից անհետացել են տարադրամի փոխարժեքի վերաբերյալ տեղեկությունները:
Որոշումը կայացրել է ՀՀ Կենտրոնական բանկը, ինչը դժգոհելու առիթ է տվել քաղաքացիներին: Բանն այն է, որ մարդիկ առաջ հնարավորություն ունեին, առանց երկար ժամանակ վատնելու, աչքի անցկացնել տվյալ օրվա փոխարժեքը, իսկ այժմ ստիպված են մեկ-մեկ մտնել խանութները կամ փոխանակման կետերը, տեղեկանալ տվյալ օրվա տարադրամի փոխարժեքին` շահեկան գործարք կատարելու նպատակով:
Դեռ անցյալ տարի Կենտրոնական բանկը որոշում էր կայացրել մայթեզրերին գտնվող ցուցափեղկերը հանելու և ապակիների ետնամաս տեղափոխելու մասին: Այս նոր որոշմամբ, փաստորեն, ընդհանրապես վերացավ փոխարժույթի վերաբերյալ տեսանելի դաշտում տեղեկատվություն ստանալու քաղաքացիների հնարավորությունը:
Տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները դժվարացան պարզաբանել որոշումը:
ԿԲ-ից չհերքեցին որոշման վերաբերյալ ժողովրդի դժգոհության փաստը, սակայն փորձեցին բացատրել, որ նպատակն առավել քաղաքակիրթ գործարքների կատարումն է, ինչպես նաև տարադրամի շուկայում սպեկուլյացիաների վերացումը:
Այս որոշումից առավել դժգոհ են վարորդ քաղաքացիները. «Օդից գործ սարքեցին,-այսպես արտահայտվեց մի վարորդ,-եթե առաջ մեքենայով անցնելիս արագ աչքի էինք անցկացնում, տեսնում էինք` որտեղ է կուրսն ավելի հարմար և գործարք էինք կատարում, հիմա պիտի մտածենք, թե մեքենան որտեղ կանգնեցնենք, էլ չեմ ասում ամեն ավտոկանգառի համար փող պոկող հսկիչների մասին»:
Պարզ տրամաբանությամբ երևում է, որ այս կերպ կշահեն փոխանակման կետերը, քանի որ նրանք հնարավորություն կունենան արտարժույթը 2-3 դրամով ավել վաճառելու` այն հույսով, որ մարդիկ այդքան ժամանակ ու նյարդեր չեն ծախսի` մեկ-մեկ մտնելու փոխանակման կետերը և գտնելու իրենց համար շահեկան փոխարժեքը:
Անի Գասպարյան






Facebook
Tweet This
Email This Post
