Րաֆֆի Հովհաննիսյան. «Պետությունը պետք է կանգնած լինի գյուղացու կողքին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 30, 2013 20:51

Հերթական մարզային այցելությամբ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Արմավիրում էր, որտեղ նրան ուղեկցում էին մի խումբ կամավորականներ եւ նախընտրական հանդիպումները լուսաբանելու առաքելություն իրականացնող լրագրողներ: Քարոզարշավի երթուղին այս անգամ ներառում էր մարզի գյուղական բնակավայրերերից Շենիկը, Բագրատաշենը, Հացիկը, Վանանդը, Երվանդաշատը եւ Բագարանը:

Հանդիպումների ժամանակ նախագահի թեկնածուն մանրամասն ներկայացնում էր գյուղական համայնքների զարգացման եւ դրանց տնտեսական արդյունավետության բարձրացման իր մոտեցումները:

«Այսօր գյուղի համար նպաստավոր պայմաններ են հարկավոր՝ առաջին հերթին ներդրումային ու վարկային արտոնյալ ծրագրեր իրականացնելու, ֆերմերային տնտեսություններին զարկ տալու, կոոպերացիայի տարբեր ձեւեր կիրառելու, մատչելի գյուղտեխնիկա եւ այլ կարգի սպասարկումներ ներդնելու, տեղական հիմքի վրա պարարտանյութերի արտադրություն կազմակերպելու, ինչպես նաեւ ոլորտը լավագույնս կարգավորող օրենսդրական խարիսխ ստեղծելու առումով: Մի խոսքով՝ պետությունը պետք է միշտ կանգնած լինի գյուղացու կողքին, քանզի գյուղը տալիս է ժողովրդի բնական աճի առյուծի բաժինը, գյուղը սահման է պահում եւ, վերջապես, սննդի վերամշակման հումք է մատակարարում»,- Շենիկում ասաց Հովհաննիսյանը:

Հավարտ իր ելույթի՝ թեկնածուն վստահություն հայտնեց, որ արմավիրցիները փետրվարի 18-ին ակտիվորեն կմասնակցեն նախագահական ընտրություններին եւ ազատ ու անկաշկանդ մթնոլորտում կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը:

Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց նաեւ Սարդարապատի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց Հայրենիքի ազատագրության համար մղված Մեծ հերոսամարտում նահատակված հայորդիների հիշատակին:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply