Վիրահայոց համայնքում շարունակվում են սիրիահայերի օգնության նպատակով բարեգործական միջոցառումները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հունվարի 30, 2013 19:13

Թբիլիսիում շարունակվում են հայ համայնքային կառույցների նախաձեռնությամբ «Օգնենք Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի բնակիչներինե շարքից կազմակերպվող բարեգործական միջոցառումները: Հունվարի 29-ին Վանո Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի Փոքր դահլիճում կայացավ դասական երաժշտության համերգ, որին սիրով իրենց մասնակցությունն էին բերել տարբեր ազգության պատկանող երգ-երաժշտության վարպետ կատարողներ:
Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, համայնքային կառույցների պաշտոնեության և հասարակայնության ներկայացուցիչներ:
Համերգը սկսվեց մարտական գործողությունների հետևանքով ռմբակոծությունների ենթարկված Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական թաղամասի ներկա իրավիճակն արտացոլող կադրերի ցուցադրմամբ, որն ուղեկցվում էր կիթառի մելամաղձոտ նվագով:
Հանդիսատեսի բուռն ծափահարություններին արժանացան միջազգային մրցույթների հաղթող և «Գրան պրի ե մրցանակի դափնեկիրներ Նաթիա Մդինարաձեի, Ռեգինա և Քրիստինե Մեհրաբովաների, Լիզի Ռամիշվիլիի, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Եսայի Աբովյանի , Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի դերասանուհի Իրինա Թաբորիձեի,Վրաստանի ֆիլհարմոնիայի մեներգչուհի Սվետլանա Տատոևայի, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի, բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ Ինալ Ջիոևի, Անրի Մեհրաբովի և այլոց վարպետ կատարումները:
Բարեգործական համերգին մասնակցության համար միջոցառումների կազմկոմիտեն շնորհակալագրեր հանձնեց համերգի բոլոր մասնակիցներին: Տոմսերի վաճառքից մուտք գործած գումարը կփոխանցվի «Սիրիահայերի օգնության հիմնադրամե:
Վիրահայոց համայնքում շարունակվում է բարեգործական միջոցառումների շարքը:

Դիտվել է 2073 անգամ:

Leave a Reply