Աշխարհահռչակ «Կարֆո՞ւր»-ը, թե՞ հայաստանյան օլիգարխիկ շնաձկները. ո՞վ կհաղթի պայքարում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | January 30, 2013 19:02

Հայաստանում ֆրանսիական աշխարհահռչակ «Կարֆուր» սուպերմերկետների ցանցի բացումը կբացեր նաև հայաստանյան տնտեսության հիվանդ շնչառությունը` մաքրելով այն տասնամյակներ առաջ ախտահարած և տնտեսության մեջ ներծծված մենաշնորհային թույնից: Թվում է` դա արդեն իրատեսական էր և ողջունելի նաև  Հայաստանի իշխանությունների կողմից: Հիշենք, որ ամենաբարձր մակարդակով մշտապես խոսվում է երկիրն այդ ախտից օր առաջ ազատելու անհրաժեշտության մասին, և «Կարֆուրի» մուտքը Հայաստան խոսքը գործ դարձնելու հիանալի հնարավորություն էր, բայց…պարզվում է` մեր իրականության մեջ խոսքը գործ դարձնելն այնքան էլ հեշտ բան չէ: Հայաստանյան սուպերմարկետների օլիգարխ-սեփականատերերն ամեն ինչ անում են` «Կարֆուրի» մուտքը խոչընդոտելու համար:

Նոյեմբերին կեսերին, ըստ «Դալմա գարդըն մոլ» առևտրային տարածքի ղեկավարության հետ կնքած պայմանագրի, «Կարֆուրին» պետք է հանձնված լիներ 10 000 քառակուսի մետրանոց տարածք:  Ընկերությունն այստեղ արդեն 6 աշխատող ուներ և շարունակում էր աշխատողների հավաքագրման գործընթացը, սակայն պայմանագրով նախատեսված ժամկետը նախ ձգվում է մեկ ամսով` մինչև դեկտեմբերի կեսը, ապա կրկին հետաձգվում է մինչև 2013-ի հունվարի 15-ը: «Կարֆուրի» ղեկավարութանը փորձում են համոզել, որ հետաձգումների պատճառը տեխնիկական է:

«Դալմա մոլ»-ում մինչ օրս փակցված են սուպերմարկետի գովազդային պաստառները (ինչը ֆիքսեց նաև մեր ֆոտոխցիկը)` «Թարմություն ամեն օր», «Միշտ ցածր գներ», «Տնական սնունդ» և այլ կարգախոսերով: «Կարֆուր»-ի դեպքում այս խոսքերը զուտ գովազդ չեն. Սուպերմարկետների ցանցն աշխարհում հայտնի է ու հաջողակ հենց իր որակի և ցածր գների շնորհիվ: Դա էլ լրջորեն անհանգստացնում է «Կարֆուրի» հիմնական մրցակից` «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին, որն համենայնդեպս, այնքան խելք ունի հասկանալու համար, թե «Կարֆուրի» բացվելու դեպքում ինչ վնասներ կարող է կրել իր մենաշնորհային բիզնեսը: Գնից ու որակից բացի, «Կարֆուրն» ինքն է ներմուծում ապրանքների զգալի մասը, բնականաբար, մի շարք ոլորտներում ներմուծման մենաշնորհ ունեցող գործարար-պատգամավորին դա նույնպես ձեռնտու չէ: Բացի այդ, «Կարֆուրը» Հայաստանում կզբաղվեր նաև որոշակի ապրանքների արտադրությամբ և արտահանմամբ, ինչը նույնպես կխփի մենաշնորհին:

Եվ այս ամենը հաշվի առնելով` հայաստանյան մոնոպոլիաների հայրերը չէին կարող ձեռքները ծալած նստել ու տեսնել, թե ինչպես է կործանվում իրենց կառուցած բուրգը: Ըստ «Անկախ»-ին մոտ կանգնած աղբյուրի, Սամվել Ալեքսանյանն ամեն ինչ արել է, որպեսզի «Դալմա»-ի ղեկավարությունը խոստանա իրեն տրամադրել «Կարֆուրին» խոստացված 10 000 քմ տարածքից 6000-ը «Երևան Սիթի» բացելու նպատակով: Ըստ նույն աղբյուրի, դրանից հետո տարածքի հանձնումը հետաձգելու պատճառների մասին հերթական հարցմանն ի պատասխան, «Դալմա»-ի տնօրինությունը «Կարֆուրին» ասել է, որ միգուցե չկարողանա 10 000 քմ տարածք տրամադրել` փոխարենն առաջարկելով 4000 քմ: «Կարֆուրը» չի համաձայնել` պնդելով, որ միայն 10 000-ի դեպքում կարող է աշխատել:

Պայմանավորվածությունը դեռևս ուժի մեջ` «Դալմա»-ի տնօրինությունն արդեն 6000-ը խոստացել էր Ալեքսանյանին, իսկ 4000 քմ-ը հանել վարձակալության: Ի վերջո հասկանալով, որ ինչ որ բան այն չէ, Կարֆուրի» ղեկավար ներկայացուցիչներն այցելում են Հայաստան` պարզելու, թե ինչ է կատարվում: Հունվարի 15-18-ը նրանք անցկացնում են Հայաստանում, հանդիպում «Դալմա»-ի ղեկավարության հետ: Ըստ Անկախ-ի աղբյուրի, այդ հանդիպումից հետո պարզ է դառնում, որ համենայնդեպս «Դալմայում» «Կարֆուր» չի բացվելու:

Լրատվամիջոցներից մեկն էլ գրել էր, որ «Կարֆուր»-ի ներկայացուցիչներն ամեն կերպ փորձել են հանդիպել Հայաստանի ղեկավար մարմինների հետ` նրանցից պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն հանդիպումը չի կայացել այն պատճառաբանությանմբ, թե ընտրություններ են, և բոլորը զբաղված են:

Մենք փորձեցինք այս ամենի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ «Դալմա» առևտրի կենտրոնի փոխտնօրեն Վահագն Գևորգյանից, որը, սակայն, չցանկացավ խոսել: Լուրերը մեկնաբանել չցանկացավ նաև «Կարֆուր»-ի հայաստանյան կենտրոնի տնօրեն Վաչե Արսենը, ով ի դեպ, սփյուռքահայ է և հենց այդ աշխատանքի համար է ընտանիքով տեղափոխվել Հայաստան: Հասկանալի է, որ եթե լուրերը չհամապատասխանեին իրականությանը, նրանք գոնե կժխտեին:

Հունվարի 29-ին, այնուամենայնիվ, հուսադրող լուր տարածեց «Սիվիլնեթ» լրատվական կայքը, ըստ որի «Կարֆուր»-ը մտադիր է հայկական շուկա դուրս գալ առաջիկա 12 ամիսների ընթացքում և հիպերմարկետներ բացել ոչ միայն «Դալմա մոլ»-ում, այլև Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, և Ավանում՝ Երևան-Սևան ճանապարհին: Ընկերության մամուլի ծառայությունից «Մեդիամաքս» գործակալությանն էլ հաղորդել են, որ հետաձգման պատճառն այն է, որ «Կարֆուր»-ը շարունակում է վերլուծել հայկական շուկան: Հարց է ծագում` եթե արդեն իսկ վերլուծած չլիներ և իր ցանցը Հայաստանում բացելու որոշում կայացրած չլիներ, արդյո՞ք աշխարհահռչակ ընկերությունը «Դալմա մոլ»-ում կփակցներ իր գովազդային պաստառները` վրան էլ գրված. «Բացումը` շուտով»: Հազիվ թե… Կարելի է ենթադրել, որ «Կարֆուր»-ում նույնպես չեն ցանկանում իրականությունը բացահայտել, իսկ դա կարող է լինել այն դեպքում, երբ հետդարձի կամուրջներն ամբողջությամբ այրված չեն, և ընկերությունը դեռևս հույս ունի շտկել իրավիճակը:

Հուսանք` առաջիկայում «Կարֆուր»-ի շուրջ ստեղծված թնջուկը կհանգուցալուծվի, քանի որ ընկերության անհաջողությունը լուրջ վնաս կհասցնի Հայաստանի իմիջին` ազդելով մեր երկրում ներդրումներ անելու մտադրություն ունեցող արտասահմանյան այլ կազմակերպությունների որոշման վրա: Եվ հակառակը` «Կարֆուր»-ի հաջողությունը էապես կնպաստի արտասահմանյան ներդրումների ավելացմանը: Իսկ որ ամենակարևորն է` Հայաստանում մենաշնորհի վերացման լուրջ հիմք կստեղծվի:

Նշենք, որ գործունեության ավելի քան 40 տարիների ընթացքում «Կարֆուր»-ը դարձել է աշխարհի առաջատար ցանցային ընկերություններից մեկը. այն աշխարհի երկրորդ ամենախոշոր սուպերմարկետների ցանցն է ամերիկյան Wal-Mart-ից հետո և երրորդը` ստացած շահույթով: Եվրոպայում այն ամենախոշորն է: Ընկերությունը ներկայումս ունի շուրջ 9994 խանութ՝ աշխարհի 32 երկրներում`4635` Ֆրանսիայում, 4314՝ Եվրոպայում, 675՝ Լատինական Ամերիկայում, 370՝ Ասիայում: «Կարֆուր»-ում աշխատում է շուրջ 450 հազար մարդ: Տարեկան շրջանառությունը 150 միլիարդ եվրոյից ավելի է: Ի դեպ, նախորդ տարվա սեպտեմբերից «Կարֆուր»-ը գործում է նաև Վրաստանում:

Դիտվել է 2487 անգամ:
Print Friendly

Leave a Reply