Մարմարիսում 5 տարի առաջ զոհված հայ երիտասարդի մայրը արդարություն է պահանջում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 19:04

  Թուրքիայի Մուղլայի վիլայեթի Մարմարիս քաղաքում հինգ տարի առաջ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել էր ՀՀ քաղաքացի 25-ամյա Արթուր Դոքոյանը: Նրա վարած մոտոցիկլը բախվել էր ավտոճանապարհի հակառակ ուղղությամբ երթևեկող միկրոավտոբուսին։ Արթուրի մահից 19 օր անց դատարանը ազատ էր արձակել միկրոավտոբուսի վարորդին:

Ինչպես հաղորդում է «Ակօս»-ը`այսօր Մարմարիսի Յենիյոլ պողոտայում Արթուրի հարազատներն ու ընկերները դատավարության ձգձգման դեմ բողոքի ցույցի են դուրս եկել`պահանջելով արդար դատավճիռ: Զոհված տղայի մայրը`Սուսաննա Մարգարյանը լրագրողներին ասել է. «Այս երկար գործընթացը երկու տարի տևեց: Դատավորը, հաշվի չառնելով երիտասարդի կյանքը ու նրա մոր և եղբայրների ցավը, անխիղճ մի որոշում կայացրեց: Մեղավորին 18 հազար լիրա դրամական տույժի ենթարկեց: Դիմեցինք վճռաբեկ դատարան: Արդեն երեք տարի է մեր դատական գործը սպասում է վճռաբեկ դատարանում: Եթե օրենքի առաջ բոլորը հավասար են, ապա ես էլ որպես այս երկրի քաղաքացի ուզում եմ հավասարապես օգտվել օրենքներից»,-նշել է Մարգարյանը:

Արթուր Դոքոյանի մայրը պատմել է նաև, որ ինքը, շատ վշտացած լինելով դատարանի անարդար որոշման պատճառով, գնացել և երկու քար նետելով կոտրել էր որդու մահվան մեղավոր վարորդի ընտանիքին պատկանող գործատեղի երկու պատուհանը: Արդյունքում նրանք, չհարգելով իր ապրած ցավը, դատական գործ էին հարուցել իր դեմ, որի հետևանքով դատարանը նրան 100 օր շարունակ օրեկան 20 լիրա դրամական տույժի էր ենթարկել: «Ինչ արդարություն է սա: Ես պայքարելու եմ մինչև վերջին շունչս, ապրելուս միակ պատճառը սա է: Եթե պետք լինի, ամբողջ աշխարհում իմ ձայնը լսելի կդարձնեմ: Ուզում եմ, որ արդարություն հաստատվի»,-ասել է Արթուրի մայրը:

Սուսաննա Մարգարյանը վճռական է տրամադրված և կանգնած է իր արած գործի հետևում: Նա չի վճարելու դատարանի սահմանած դրամական տույժը և պատրաստ է բանտ գնալ:

Դիտվել է 741 անգամ:
Print Friendly

Leave a Reply