ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 28, 2013 13:11

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միլիոնավոր մարդիկ՝ հրեաներ, գնչուներ և սինտիներ, միասեռականներ, կոմունիստներ, հոգեպես անառողջ մարդիկ և այլք, ովքեր չէին համապատասխանում Ադոլֆ Հիտլերի` արիացիների գերազանցության այլասերված գաղափարախոսությանը, համակարգված կերպով հետապնդվում էին, ձերբակալվում և տեղափոխվում մահվան ճամբարներ: Ոմանք անմիջապես էին սպանվում, մյուսները մահվան էին հասցվում տաժանակիր աշխատանքով: Ամեն տարի Աուշվից-Բիրկենաուի ազատագրման տարեդարձին նշում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը, որպեսզի երբեք չմոռացվեն այս հանցագործությունները:
Այս տարվա թեման՝ «Փրկությունը Հոլոքոստի ժամանակ. հոգ տանելու քաջությունը», հարգանքի տուրք է նրանց, ովքեր վտանգեցին իրենց կյանքը և իրենց ընտանիքները՝ գրեթե անխուսափելի մահից փրկելով հրեաներին և նացիստական իշխանության այլ զոհերին: Փրկիչների պատմությունները տարբեր են: Ոմանք հնարավոր զոհերին ապաստան են տվել իրենց տներում, ուրիշները հետապնդվող այդ ընտանիքներն անվտանգ տեղ են փոխադրել կամ օգնել, որ նրանք ստանան փախչելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Բայց նրանց բոլորին միավորում է խիզախությունը, կարեկցանքն ու վեհանձնությունը:
Այս պատմություններից շատերը լեգենդներ են դարձել, ինչպես օրինակ Ռաուլ Վալենբերգի՝ շվեդ դիվանագետի պատմությունը, ով Բուդապեշտում օգնեց փրկվել տասնյակ հազարավոր հրեաների: Բայց փրկիչներից շատերի պատմությունները հայտնի են միայն նրանց, ովքեր փրկվել են նրանց քաջագործությունների արդյունքում: Այս տարի հիշատակի օրը նշում ենք՝ պատմական այս էջերի մասին ավելին իմանալու և այդ չգովերգված հերոսներին արժանին մատուցելու նպատակով:
«Հոլոքոստը և Միավորված ազգերի կազմակերպությունը» իրազեկման ծրագրի շրջանակներում ստեղծվել է կրթական փաթեթ կյանքեր փրկած մարդկանց վերաբերյալ: Թեպետ ցեղասպանության գործողությունները ցույց են տալիս, թե որքան ցած կարող են իջնել անհատներն ու հասարակությունները չարիքի խորխորատներում, խիզախ տղամարդկանց և կանանց օրինակներն էլ ցույց են տալիս մարդ արարածի՝ անգամ ամենամռայլ ժամանակներում բարիք գործելու կարողությունը:
Այս միջազգային օրը եկեք հիշենք բոլոր անմեղ մարդկանց, ովքեր զոհվեցին Հոլոքոստի ժամանակ: Եվ եկեք ոգեշնչվենք այն մարդկանց օրինակով, ովքեր այլ մարդկանց մասին հոգ տանելու խիզախություն ունեցան՝ սովորական մարդիկ, ովքեր արտասովոր քայլեր արեցին՝ պաշտպանելու մարդկային արժանապատվությունը: Նրանց օրինակը կարող է օգնել, որ այսօր կառուցենք ավելի լավ աշխարհ:

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply