Թեկնածուական մրցասպարէզ՝ պահպանողականների ճամբարում…

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 26, 2013 20:31

ԻՐԱՆ
Քաղաքական շաբաթւայ տեսութիւն
Իրանական ներքաղաքական անցուդարձերն անցնող երկու շաբաթներում այնպէս էլ յստակութիւն չմտցրեցին գալիք՝ գարնանային նախագահական ընտրութիւններում թեկնածուական «մրցասպարէզում»…, այնպէս որ՝ շրջանառւող լուրերում հիմնականում խօսքերը գնում են կառավարող խմբիշխանութեան՝ պահպանողական թեւից առաջադրւող հաւանական թեկնածուներից մէկի նախագահական ինստիտուտը ղեկավարելու վարկածի մասին, այն տարբերութեամբ, սակայն, որ ընտրւող պահպանողական նախագահը չի լինելու այն պահպանողական ճամբարից, որի ներկայացուցիչը հանդիսացաւ վերջին 8 տարիներին գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որն ըստ իր իսկ երբեմնի ճամբարակիցների՝ նախագահութեան երկրորդ քառամեայում շեղւելով համընդհանուր ուղուց՝ որդեգրեց աւելիով սանձարձակ քաղաքականութիւն:
Վերոգրեալ իրողութեան լոյսի ներքոյ, անցնող օրերում ընդդիմադիր բարեկարգչականները հակւած չէին արդարացնել այսպէս ասած՝ չափաւոր պահպանողականներին իրենց հակաահմադինեժադ կեցւածքների համար եւ աւելին՝ մեղադրում էին միեւնոյն ճամբարին, որն ոգի ի բռին հովանաւորել ու երկրորդ շրջանի համար կրկին գործի գլուխ բերել արմատական-պահպանողական նախագահին՝ պաշտպանելով վերջնիս քաղաքական-տնտեսական ձախորդ կուրսը, որի մասին հէնց ժամանակին ահազանգել էին իրենք՝ բարեկարգչականները: Սոյն երեւոյթը, սակայն, որոշ փորձագէտներ մեկնաբանում են՝ ելնելով մէկ այլ դիտանկիւնից: Այսպէս՝ բարեկարգչականները, որոնց կողմից եւս հաւանական թեկնածուների անուններ են շրջանառւում, գալիք նախագահական ընտրութիւններում միանգամայն հնարաւոր են համարում իրենց իսկ յաղթանակը, քանզի ժողովրդի կողմից շրջադարձը դէպի բարեկարգչական ճամբար տրամաբանական են գտնում: Ըստ նրանց՝ ժողովուրդը եւս ոչ միայն Ահմադինեժադին է մեղադրում երկրի ներկայ անմխիթար իրավիճակի համար, այլեւ վերջնիս քաղաքական թիկունքը հանդիսացած ողջ պահպանողական հոսանքի ատեաններին ու ներկայացուցիչներին, թէեւ դրանցում այժմ առաջացած լինեն կոտորակումներ՝ նախագահամէտ-հականախագահ ձեւաչափերում…:
Յատկանշական երեւոյթ էր, օրինակ, նշեալ կոտորակումներին իբր հետեւանք՝ դասական-աւանդական պահպանողականների հեղինակաւոր կուսակցութեան՝ «Մոըթալեֆէի» (կոալիցիա) երկարամեայ ղեկավար Ասկեարօլադիի նկատմամբ նոյն խմբակցութեան ծայրայեղ թեւերի անհանդուրժող վերաբերմունքը: Այսպէս՝ երիցագոյն «կոալիցիստը» անցնող շաբաթասկզբում խօսելով 2009-ի նախագահական ընտրութիւնների եւ դրանցում բարեկարգչական ընդդիմադիր թեկնածուների մասին, թւարկել էր իր ասութեամբ՝ մի շարք անձնական տեսակէտներ, բայցեւայնպէս՝ այդ անձնականն էլ դժգոհանքի դուռ էր բացել որոշ կուսակիցների մօտ, որոնք նոյնիսկ աւագ կուսակցի հեռացումն էին պահանջել «մոըթալեֆէից»…: Ասկեարօլադին եւս իր հերթին յայտարարել էր. «Եթէ անձնական կարծիքս դուր չի եկել կուսակիցներիս, պատրաստ եմ դուրս գալ կուսակցութիւնից…»:
Այսպէս թէ այնպէս՝ հեղինակաւոր կուսակցականը վայելում է այնքան համբաւ ու ժողովրդականութիւն, որպէսզի մի քանի ծայրայեղականների առջեւ ծունկի չգայ ու հարցականի տակ տանի սեփական 60-ամեայ յեղափոխական անցեալը, որն ակունք է առել դեռեւս այաթ. Խոմէյնիի շահական ռեժիմի դէմ շարժման սկզբնական օրերին….
Ինչեւէ, անցնող երկու շաբաթների ընթացքում ուրբաթօրեայ աղօթապետեր՝ Ջաննաթին եւ Խաթամին յստակ արտայայտութիւններով կանխարգելեցին բարեկարգչական համարւող այն հաւանական թեկնածուների մուտքը՝ ընտրապայքար, որոնք ըստ յիշեալների՝ 2009-ի ընտրութիւններին ուղղակի թէ անուղղակի կերպով հովանաւորել, աջակցել կամ չեն դատապարտել երկրի ու համակարգի դէմ ընդվզող այն անձանց, որոնք դաւեր են նիւթել Իսլ. Հանրապետութեան ու հոգեւոր առաջնորդութեան (վելայաթէ ֆաղիհ) դէմ:
* * *
Արտաքին քաղաքական ասպարէզում Իրանի Իսլ. Հանրապետութեան համապատասխան գերատեսչութիւնները շարունակում են պահել իրենց անդրդւելի ու անտեղիտալի դիւանագիտութիւնը՝ թէ՛ ատոմական տեխնոլոգիայի չարչրկւող թղթածրարի առնչութեամբ կայացած ու կայանալիք բանակցութիւնների շրջագծում, եւ թէ՛ առաւել եւս տարածաշրջանային եւ մասնաւորապէս սիրիական տագնապի վերաբերեալ:
Կասպից ծովի այսպէս ասած «իրաւական կարգավիճակի» յստակեցման մասին եւս ազգային համախմբման անւամբ սեմինարի ընթացքում նոյնինքն արտգործնախարար Սալեհին յայտարարեց. «Իրանի Իսլ. Հանրապետութեան հիմնական շահերից է բխում Կասպիցում մեր ազգային նպատակների կենսագործումը՝ արժանապատւութեան, նպատակայարմարութեան եւ խելամտութեան սկզբունքային առանցքների շրջագծում…: Հէնց այնպէս որ 8-ամեայ պարտադրեալ պատերազմի ժամանակ թոյլ չտւեցինք դոյզն իսկ մեր հողերից թշնամու ձեռքն անցնի, այսօր էլ անդրդւելի ենք մեր ազգային-պետական շահերի ապահովման ու անվտանգութեան հարցում…»,- ամփոփել է իր խօսքերը՝ արտաքին գերատեսչութեան ղեկավարը:
Յատկանշական է, սակայն, որ այս խօսքերը հնչել են այն ժամանակ, երբ հէնց օրերս Կասպիցի ծովափնեայ Ադրբեջանը հերթական բարբաջանքներ է թոյլ տւել սահմանային պատկանելութեան ինչպէս միշտ խեղաթիւրումներով…:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply