Մեքսիկացիներն ապամոնտաժեցին Հեյդար Ալիևի արձանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 14:48

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի իշխանությունները հունվարի 25-ի լույս 26-ի գիշերն ապամոնտաժել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արձանը:

Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, արձանի ապամոնտաժմանն ու տեղափոխմանը մասնակցել է մոտ 200 ոստիկան: Փակվել է հարակից փողոցների երթեւեկությունը:

Հիշեցնենք, որ Ալիև-ավագի բրոնզաձույլ արձանը Մեխիկոյի Reforma զբոսայգում տեղադրվել էր ամիսներ առաջ. Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատունը համաձայնելով 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ վերանորոգման աշխատանքներ իրականացնել զբոսայգում` իրավունք էր ստացել այնտեղ տեղադրել Հեյդարի արձանը:

Ադրբեջանի 3-րդ նախագահի արձանն առաջացրել էր իրավապաշտպանների ու Մեխիկոյի բնակիչների զայրույթը. նրանք դժգոհ էին, որ մայրաքաղաքի կենտրոնում Մահաթմա Գանդիի (Հնդկաստանի քաղաքական, հոգեւոր առաջնորդ, 1869-1948թթ.), Միացյալ Նահանգների նախկին նախագահ Աբրահամ Լինկոլնի(1809-1865թթ.) արձանների կողքին խոյանում է բռնապետ Ալիեւի արձանը:

Քաղաքապետարանը որոշել էր հանձնաժողով ստեղծել` բողոքներն ու դժգոհությունները քննելու համար: Երեք գրողից ու մեկ վերլուծաբանից բաղկացած հանձնաժողովը նոյեմբերին քաղաքային իշխանություններին առաջարկել էր ապամոնտաժել արձանը` նշելով, որ իշխանությունները սխալ են գործել «գումարի դիմաց թույլ տալով, որ օտարերկրյա կառավարությունը որոշի, թե ում արձանը պետք է խոյանա մայրաքաղաքի կենտրոնում»:

Մեխիկոյի քաղաքապետ Մանսերան էլ այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ, հաշվի առնելով հանձնաժողովի եզրակացությունը ու բնակիչների և իրավապաշտպանների դժգոհությունները, իրենք վերջնականապես որոշել են ապամոնտաժել արձանն ու «այլ վայր» տեղափոխել:

Թե կոնկրետ որտեղ է շարունակելու «բազմել» Հեյդարը, հայտնի չէ: Ավելի վաղ, սակայն, Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանը «Ռիա նովոստի» գործակալության հետ զրույցում ասել էր, թե իրենք Մեխիկոյի իշխանությունների հետ ձեռք են բերել նախնական պայմանավորվածություն, որի համաձայն` քաղաքի ծայրամասում ադրբեջանական կողմին տրամադրվելու է շինություն` մշակույթի կենտրոն բացելու համար: Դեսպանը չէր բացառել, որ հենց այդ շինություն է տեղափոխվելու արձանը:

Հավելենք, որ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ արձանի ապամոնտաժման դեպքում խզելու է դիվանագիտական հարաբերությունները Մեքսիկայի հետ ու կասեցնելու է ներդրումային բոլոր ծրագրերը:

Թերթ.am

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply