ՀԲ պատվիրակության հետ քննարկվեցին ոռոգման համակարգում համագործակցության հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2013 13:19

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ “Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՀ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:

Քննարկվեցին ոռոգման համակարգում համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ ոռոգման համակարգի զարգացման խնդիրները շարունակում են առաջնային լինել ՀՀ կառավարության համար, առաջիկա տարիներին նաեւ մեծ ուշադրություն է դարձվելու ջրամբարաշինության ոլորտին: Նա շնորհակալություն հայտնեց համակարգի զարգացման եւ վերականգնման գործում ՀԲ օժանդակության համար` միաժամանակ ընդգծելով ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Կողմերը քննարկեցին նաեւ ոռոգման համակարգում իրականացվելիք նոր ծրագրի կառուցվածքին, բաղադրիչներին առնչվող հարցեր: Մասնավորապես նշվեց, որ այս ծրագրի հիմնական բաղադրիչը եւս լինելու է ենթակառուցվածքների զարգացումը:

Անդրադարձ եղավ նաեւ առաջիկա ամիսների ընթացքում ջրային ռեսուրսների կառավարմանը նվիրված համատեղ խորհրդաժողովի կազմակերպման հնարավորությանը:

Դիտվել է 637 անգամ:
Print Friendly

Leave a Reply