ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկել են դասագրքերի, հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների հարցերը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2013 11:39

Հունվարի 25-ին տեղի ունեցավ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերի քննարկումներով: Ինչպես տեղեկանում ենք Հանրային խորհրդի պաշտոնական կայքից, հարցերից մեկը վերաբերում էր դասագրքերին, որը ներկայացրեց ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը: Նա կարևորեց դասագրքերի ստեղծման առավել երկարատև, լուրջ և մասնագիտական ընթացքը` առաջարկելով, որպեսզի Հանրային խորհուրդն, իր շուրջ համախմբելով ոլորտի մասնագետներին, ստեղծի և համակարգի այդ խնդրով զբաղվող աշխատանքային խումբ և հանդես գա համապատասխան առաջարկներով:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկեց սկսել բնագիտական դասագրքերից և առանձին աշխատանքային խումբ ստեղծել հենց այդ նպատակով, ապա անցնել մյուս ոլորտներին` համապատասխան աշխատանքային խմբերով:

Արտուշ Ղուկասյանի առաջարկը կքննարկվի ՀԽ համապատասխան հանձնաժողովում, ապա կորոշվեն գործընթացը կազմակերպելու եղանակները:

ՀԽ փոքր խորհրդի նիստում բուռն քննարկում ծավալվեց հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների շուրջ: Հարցը բարձրացրեց ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը` նշելով, որ այդ փոփոխությունները լուրջ դժգոհություններ են առաջացրել մի շարք ոլորտներում` մասնավորապես ստոմատոլոգների, անշարժ գույքի գործակալների շրջանում: Ինչո՞ւ այդ փոփոխությունները չեն դրվել քննարկման, ինչու՞ մարդիկ տեղյակ չեն եղել նախապես. այս հարցերը նույնպես կարևոր են, որոնք, հաշվի չեն առնվել: Նա ներկայացրեց օրենքում առկա մի շարք դրույթներ, որոնք հակասություն են առաջացրել հիմնական օրենքի և տնտեսական ներկա իրավիճակի հետ: Նրա խոսքով` հարկային ողջ օրենսդրությունը բարեփոխման կարիք ունի, քանի որ ստեղծվել է իննսունականներին, երբ տնտեսական իրավիճակը լրիվ այլ էր:

Փոքր խորհրդի նիստի հաջորդ հարցը վերաբերում էր ՀՀ քաղավիացիային: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ ՀԽ Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի ավիացիայի հարցերի ենթահանձնաժողովում մշակվել է փաստաթուղթ, որտեղ ներկայացված են քաղավիացիայի շուրջ ստեղծված խնդրահարույց իրավիճակը, հակամարտության պատճառները, արտասահմանյան փորձը, ինչպես նաև առաջարկված են իրավիճակից դուրս գալու որոշակի ելքեր:

Փաստաթուղթը ներկայացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմ` հաշվի առնելով այն, որ քաղավիացիայի խնդիրների վերաբերյալ նախատեսվում են քննարկումներ պետական բարձր օղակներում:

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply