Չինական համալսարանում հայոց լեզու կսովորե՞ն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 30, 2010 14:19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է  ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունին: Նախարարն ասել է,  որ կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն ունի խոր արմատներ և համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանի պաշտոնավարման օրոք այն ավելի կզարգանա:

Արմեն  Աշոտյանը նշել է, որ միջպետական համաձայնագրերի շրջանակում Չինաստանի բուհերում սովորելու համար հայ դիմորդների շրջանում նկատվել է մեծ ակտիվություն: Նախարարը դեսպանին առաջարկել է  հաջորդ տարի վերանայել Հայաստանին տրամադրվող կրթաթոշակների թիվը: «Չինական համալսարանները վերջին տարիներին մեծ թռիչք են արձանագրել. որոշ բուհեր համալրում են աշխարհի լավագույն համալսարանների ցանկը: Այս համատեքստում մենք ակնկալում ենք բարձրագույն կրթության ոլորտում չինական փորձի փոխանակում: Չինական լավագույն մոդելներից է կրթության և տնտեսության կապը. որակյալ կրթական համակարգը տնտեսության հզորացման երաշխիքն է»,-ասել է նախարարը` հավելելով, որ հայկական կողմն ակնկալում է համագործակցություն նաև գիտական ոլորտում, առավել ևս, որ հայ գիտական ներուժը հայտնի է նաև ՀՀ տարածքից դուրս, և առկա է հնարավոր համագործակցություն, մասնավորապես, աստղագիտության և աստղաֆիզիկայի բնագավառներում:

Դեսպանի խոսքով՝ կրթության նպատակը որակյալ մասնագետների պատրաստումն է, առանց որոնց անհնար է երկրի տնտեսության զարգացումը: Չանչունին Աշոտյանին  տեղեկացրել է, որ Չինաստանի օտար լեզուների համալսարանում ուսուցանվում են շուրջ 100 լեզուներ, որոնց թվում բացակայում է հայերենը: Համապատասխան մասնագետի առկայության դեպքում դեսպանը պատրաստակամություն է  հայտնել տվյալ բուհում իրականացնել նաև հայերեն լեզվի ուսուցում: Դեսպանը նաև նշել է, որ դիպլոմների փոխճանաչման վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրման անհրաժեշտություն է առաջացել: Նրա խոսքով՝  չինական կողմը միշտ ողջունում է գիտական փորձի փոխանակմանը միտված քայլերի խթանումը:
Աշոտյանն ասել է,  որ մի շարք երկրների բուհերում առկա է հայերենի ուսուցման փորձ, և եթե չինական կողմից նման շահագրգռվածություն լինի, նախարարությունը պատրաստ է համապատասխան մասնագետներ տրամադրել:

Նախարարը  ուսանողների շարժունության համատեքստում ներկայացրել է Հայաստանի փորձը և պատրաստակամություն հայտնել աջակցել չին ուսանողների կրթությանը ՀՀ-ում այնպիսի մասնագիտություններով, որոնք կարող են մրցունակ լինել ՉԺՀ-ում:

Դիտվել է 2004 անգամ:
Print Friendly

Leave a Reply