“Խաբեության դիմանկար”. ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն “լռում” Ադրբեջանի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 25, 2013 18:33

“Եվրոպական կայունության նախաձեռնությունը” (ESI) երեկ՝ հունվարի 22-ին, հրապարակել է իր “Խաբեության դիմանկար” փաստաթուղթը: Վերջինս ներկայացնում է վերլուծություն այսօր ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից ԵԽ պարտավորությունների ու հանձառությունների կատարման վերաբերյալ Պեդրո Ագրամունտի կազմած զեկույցի շուրջ: “Խաբեության դիմանկարում”՝ հղում կատարելով իր նախկին՝ “”Խավիարային դիվանագիտություն”. թե ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի Խորհուրդը” զեկույցին՝ ESI-ն կրկին անդրադառնում է ԵԽԽՎ պաշտոնատար անձնաց՝ Ադրբեջանի կողմից կաշառված լինելու փաստին՝ մանրամասն վերլուծության ենթարկելով մեծամասնությամբ Ագրամունտի կողմից մշակված զեկույցը:
“Եվրոպական կայունության նախաձեռնությունն” իր փաստաթղթում Ագրամունտի զեկույցը “գլուխգործոց” և վերջինիս էլ “Ադրբեջանի պաշտպան” անվանելով, գալիս է այն եզրահանգման, որ Ադրբեջանի պարտավորությունների և հանձնառությունների կատարման վերաբերյալ 40 էջանոց զեկույցը “իմաստուն
փորձ է թաքցնելու մի պարզ ճշմարտություն. Ադրբեջանը ձախողվել է ժողովրդավարության բոլոր բնագավառներում. Ազատ և արդար ընտրություններ, խոսքի ազատության իրավունք, հավաքների ազատության և հիմնարար քաղաքական և մարդու իրավունքներ, այդ թվում՝ անկախ դատական համակարգի միջոցով օրենքի գերակայությունը”: “Ադրբեջանում այս իրավիճակն արդեն իսկ մեկ տասնամյակ առաջ, սարսափելի էր, այսօր՝ առավել ևս”, նշում է ESI-ն:
Կազմակերպությունը փաստում է, որ 40 էջի սահմանում զեկուցողները ներկայացրել են Ադրբեջանի առաջխաղացման միայն 3 օրինակ:
2007-2012 ժամանակահատվածն ընդգրկող զեկույցը միևնույն ժամանակ անակնկալ է մատուցում՝ տեղեկացնելով, որ
• մատնանշված “առաջընթացը”, “կարեուր քայլ առաջը”՝ Ադրբեջանի կողմից նշված մարմինների ստեղծումն ու կոնվենցիաներին միացումը իրականացվել է շատ ավելի վաղ՝ համապատասխանաբար, 2005 և 2001-2004թթ.-երին,
• նշված բարեփոխումներից որևէ մեկը չի փոփոխել Ադրբեջանական վարչակարգի բռնատիրական բնույթը: Զեկույցը, գովաբանելով 2005-ին ստեղծված Դատաիրավական խորհուրդը, նշում է, որ վերջինս իրավասու չէ ապահովել երկրում դատական անկախությունը, և որ դա “նախագահի գործն է”՝ միևնույն ժամանակ հավաստելով, որ մեկ անձի կողմից այս պարտավորության ստանձնումը հղի է վտանգներով,
• Ադրբեջանում դատավորների նշանակման կարգին առնչվող նոր փաստաթղթերը չեն համապատասխանում ԵԽ չափանիշներին և պետք է վերանայվեն,
ESI-ն պնդում է, որ համազեկուցողները ԵԽ գերակայությունների շրջանակում չեն գտել ոլորտային առաջընթացի որևէ նշույլ ու օրինակ, հետևաբար հղվում են նախկին կատարված, փաստացի, նաև անարդյունավետ փոփոխություններին:
Կազմակերպության պնդմամբ, զեկույցն ամբողջությամբ կառուցված է “բառախաղի” վրա: Ավելին՝ ESI-ն նշում է, որ զեկուցողները “մտել են Ալիևի դրության մեջ”՝ փորձելով տարբեր հանձնառությունների իրականացման ձախողումը բացատրել “աշխարհաքաղաքական համատեքստով” կամ մեղադրելով հարևան երկրներին:
Ի վերջո, ESI-ն ծաղրում է զեկույցում “ԵԽ հետ Ադրբեջանի համագործակցության գովանաբանումը”` “գերազանց, կառուցողական համագործակցություն” բնութագրմամբ:
Եթե փորձենք հակիրճ ներկայացնել կազմակերպության հերթական ուսումնասիրության էությունը, ապա այն կառուցված է հետևյալ տրամաբանությամբ. ԵԽԽՎ հատուկ զեկուցողը կեղծ
բնութագրումների ներքո կազմել է Ադրբեջանի վերաբերյալ զեկույց՝ “փաստերի” մասամբ կամ ամբողջովին խեղաթյուրված ներկայացմամբ:
Հետևաբար, ESI-ն իր ուսումնասիրության վերջին հատվածում ներկայացնում է Ադրբեջանի կողմից ԵԽ չկատարած հանձառությունների հստակ աղյուսակ՝ պնդելով որ զեկույցը ձախողել է հավաստի տեղեկության տրամադրումը: Ապա կազմակերպությունը “Վերականգնելով ԵԽԽՎ արժանահավատությունը” ենթախորագրով ներկայացնում է Պեդրո Ագրամունտին՝ իբրև ԵԽԽՎ-ում ադրբեջանական լոբբիստների վառ ներկայացուցիչ, և իր հրապարակած փաստաթուղթը եզրափակում Ագրամունտի հրաժարականի պահանջով: “Ավելի լավ կլինի, որպեսզի Պեդրո Ագրամունտը հրաժարական տա ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով զեկուցողի իր պաշտոնից, քան մնա այս պաշտոնում մինչև 2015 թ.-ը”,- կոչ է անում ESI-ն: “Այդ քայլը թույլ կտա ԵԽԽՎ մոնիթորինգ իրականացնողների կրկին իմաստալից դեր ստանձնել Ադրբեջանում: Ադրբեջանը ավելի քան երբևէ կարիք ունի արժանահավատ մոնիթորինագային ընթացակարգի”:
Այսպիսով, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ևս մեկ կազմակերպություն բարձրաձայնեց Ադրբեջանում ստեղծված իրավիճակի (և այն կոծկելու փորձերի) անթույլատրելիությունն ու շուտափույթ անդրադարձի անհրաժեշտութունը: Փաստաթուղթը, բնականաբար, ԵԽԽՎ պաշտոնական շրջանառության մեջ դրվել չի կարող, բայց իր որոշակի արձագանքը կունենա՝ թեկուզ հենց ԵԽ գերակայությունների հարցում երկուստեք հետևողականության և պատասխանատվության համատեքստում:

“Արմեդիա” ՏՎԳ

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply