Դեսպան Համլետ Գասպարյանի հանդիպումը Ռումինիայի ազգային կրթության նախարար Ռեմուս Պրիկոպիեի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | January 25, 2013 16:45

Հունվարի 25-ին դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի ազգային կրթության նախարար Ռեմուս Պրիկոպիեի հետ (Remus Pricopie):

Հանդիպումն ուներ բաց եւ գործնական բնույթ եւ անցավ փոխըմբռնման մթնոլորտում: Քննարկվեցին երկու երկրների միջեւ կրթության ոլորտում համագործակցության առկա ծրագրերը եւ նախանշվեցին նոր ուղղություններով փոխգործակցության հեռանկարները: Կողմերը քննարկեցին «Հայաստանի եւ Ռումինիայի կառավարությունների միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում 2011-2015թթ. համագործակցության մասին ծրագրով» իրականացվող կետերը:

Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով համաձայնագրով նախատեսված ծրագրերի ընթացքի վերաբերյալ, կողմերը պայմանավորվեցին լրացուցիչ ջանքեր գործադրել դրանց ընդլայնման եւ փոխլրացման ուղղությամբ: Դեսպան Գասպարյանը, մասնավորապես կոչ արեց, փոխադարձության սկզբունքով առաջնորդվելով, խրախուսել ռումին ուսանողներին հայաստանյան կրթաթոշակներին մասնակցելու հարցում:

Անդրադարձ կատարվեց նաեւ գիտատեխնիկական ոլորտում համագործակցությանը, մասնավորապես 2011թ. ապրիլի 21-ին ՀՀ ԿԳ նախարարի Բուխարեստ կատարած այցի շրջանակներում երկու նախարարությունների միջեւ ստորագրված «Գիտական եւ տեխնոլոգիական համագործակցության համաձայնագրով» նախատեսված գործողություններին, ինչպես նաեւ Ռումինական Ակադեմիայի եւ ՀՀ գիտությունների ակադեմիայի միջեւ նախատեսվող համագործակցության համաձայնագրի ստորագրմանը: Զրուցակիցները խրախուսեցին նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ Բուխարեստի համալսարանի միջեւ համագործակցության հուշագիր ստորագրելու մտադրությունը:

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշվեց Բոլոնիայի գործընթացի շրջանակներում երկու երկրների միջեւ ձեւավորված ակտիվ կապերը, ուր նախարար Պրիկոպիեն վերահաստատեց Ռումինիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին: Դեսպան Գասպարյանը հույս հայտնեց, որ 2015 թ. Երեւանում անցկացվելիք Բոլոնիայի գործընթացի նախարարների համագումարին Ռումինիան, որպես նախորդ նախագահող, կլինի այդ միջոցառման պատվավոր հյուրերից:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply