Բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ արժանացել են ՀՀ պետական բարձր պարգևների

Պաշտոնական, Օրվա լուր | | January 25, 2013 15:07

Բանակի օրվա առթիվ, բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար, Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով ու շքանշանով, շնորհվել են կոչումներ:

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին, հանձնել պետական բարձր պարգևները:
***

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգևատրվածներին

Հարգելի՛ պարգևատրվածներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա և Հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:

Ձեր ծառայությունը բարձր է գնահատվում մեր ժողովրդի կողմից: Ձեր արձանագրած հաջողությունները և՛ նման են մյուս ոլորտներում մեր լավագույն մասնագետների արձանագրած հաջողություններին, և՛ սկզբունքորեն տարբեր են: Նման են, որովհետև հայոց հողի վրա մի քայլով առաջ են տանում մեր երկիրն ու հասարակությունը: Տարբեր են, որովհետև զինվորականի ու բանակի առաքելությունը խիստ առանձնահատուկ է. մանավանդ՝ այն աշխարհաքաղաքական պայմաններում, որտեղ մենք ապրում և աշխատում ենք:

Խաղաղության և անվտանգության պահպանման առաջին գծում եք դուք, և պատվով ու մասնագիտական բարձր ունակություններով իրականացնում եք ձեր առաքելությունը: Շնորհակալ եմ ձեզ դրա համար, նաև այն ինքնավստահության համար, որ ձեր գործով ու կեցվածքով ներշնչում եք մեզ, մեր ողջ հասարակությանն ու համայն հայությանը:

Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն և երջանկություն: Ձեզ և ձեր գործընկերներին մաղթում եմ նոր հաջողություններ՝ ձեր հայրենանվեր ծառայության մեջ: Համոզված եղեք, որ բոլորիս համար դուք ունեք բացառիկ կարևորություն:

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply