‹‹Սթար Դիվայդ››-ին կես միլիոն տուգանել են

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 25, 2013 12:09
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 2012թ. նոյեմբերին խախտումներ է հայտնաբերել նույնիսկ ‹‹Սթար Դիվայդ›› ՓԲԸ-ի կողմից շահագործվող ‹‹Սթար›› սուպերմարկետների ցանցում:
Վերոնշյալ ցանցի երևանյան 9 սուպերմարկետում, Կոտայքի մարզի Բյուրեղավանի և Հրազդան քաղաքի սուպերմարկետներում վերահսկելով ոչ պարենային ապրանքների, մասնավորապես` լվացող, մաքրող միջոցների, խաղալիքների, հիգիենայի և գեղահարդարման միջոցների, թղթյա հիգիենայի պարագաների իրացումը, հիշյալ տեսչությունն արձանագրել է, որ որոշ ապրանքատեսակներ իրացվում են առանց հայերեն լեզվով մակնշման: Թույլ տրված խախտման համար տեսչությունը ‹‹Սթար Դիվայդ›› ընկերության նկատմամբ կիրառել է 500 000 դրամի վարչական տուգանք:
Ընդհանրապես, հայերենով պարտադիր մակնշումը, բացի օրենսդրությամբ ամրագրված պահանջ լինելուց, բացի մայրենիի նկատմամբ տարրական հարգանքի արտահայտություն լինելուց, բխում է սպառողներիս, մեր բոլորի առողջությունը, ֆինանսները չվտանգելու հրամայականից:
Պատկերացրեք, որ այդ նույն լվացող, մաքրող միջոցների մակնշման մեջ կարող է գրված լինել ալերգիայից կամ թունավորումից խուսափելու համար այն պարտադիր ռետինե ձեռնոցներով օգտագործելու մասին: Սակայն մեր մայրերը, քույրերը, կանայք և աղջիկները, օրինակ,  չինարեն, արաբերեն, պարսկերեն կամ այլ օտար լեզու չիմանալու պատճառով, չեն կարողանա կարդալ-հասկանալ այդ ապրանքի վրա միայն օտար լեզվով կատարված մակնշումը և, բնականաբար, կվտանգեն իրենց առողջությունը: Այսպիսի բազմաթիվ այլ օրինակներ կարելի է բերել, բայց հասկացողը, կարծում ենք, այս օրինակով էլ հասկացավ:
Աշխարհում դժվար թե գտնվի որևէ քաղաքակիրթ երկիր, որտեղ պարենային և ոչ պարենային ապրանքների մակնշման մեջ մայրենիով մակնշումը բացակայի: Հայաստանում, ցավոք, այս առումով խախտումները զանգվածային բնույթ ունեն, և ‹‹Սթար›› սուպերմարկետների ցանցում վաճառահանված այդպիսի ապրանքները բացառություն չեն: Առաջիկայում մենք կանդրադառնանք նաև այլ խախտումների` նպատակ ունենալով դրանց լուսաբանմամբ ու քննադատությամբ շտկել իրավիճակը առևտրի ցանցում, քանզի միայն տուգանքը բավարար չէ:
Հեղինակ:
Արթուր Հովհաննիսյան
 Pastinfo.am
Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply