ԿԸՀ-ն հերքում է Արման Մելիքյանի մեղադրանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 25, 2013 11:23

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի 15.01.2013թ. դիմումի հիման վրա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2013թ. հունվարի 18-ին կայացրել է թիվ 32-Ա որոշումը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ. հունվարի 18-ի 15.00-ի հերթական նիստում նախատեսված էր Արման Մելիքյանի դիմումի քննարկումը, սակայն, իր իսկ խնդրանքով, հարցի քննարկումը տեղափոխվել է նույն օրը 18.00-ի արտահերթ նիստ:

Դիմումի քննության օրվան հաջորդող առաջին իսկ աշխատանքային օրը` 21.01.2013թ.-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Նշված որոշումը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ստացվել է 22.01.2013թ.-ին, իսկ 23.01.2013թ.-ին ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանին են ուղարկվել համապատասխան տեղեկությունները:

Նշվածից ակնհայտ է, որ ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դատողությունններն առ այն, որ «երեկվա դրությամբ (խմբ. նկատի ունի 23.01.2013թ.) դիմումը դեռ տեղ չէր հասել», մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:

Վերոգրյալ փաստական հանգամանքներով պայմանավորված` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհիմն ու անընդունելի է համարում ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի գնահատականները` իբր իր դիմումի պատասխանի «հատուկ ձգձգման» վերաբերյալ:

Նշենք, որ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարել էր, որ դեռ չի ստացել ՀՀ անկախացումից ի վեր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, սակայն մշտապես արտերկրում բնակվող երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիների թվաքանակի հրապարակմանը վերաբերող իր դիմումի պատասխանը։

 

 

 

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply