Հայաստանի և Թուրքիայի ուսանողական միությունները երկկողմ համագործակցության մասին արձանագրություն են նախաստորագրել,լուսանկարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 24, 2013 22:55

Սույն թվականի հունվարի 22-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի`հետայսու`ՀՈՒԱԱ-ի, և Թուրքիայի ուսանողական խորհուրդի`հետայսու ԹՈՒԽ-ի միջև նախաստորագրվեց երեք կետից բաղկացած արձանագրություն երկու երկրների ուսանողական միությունների հետագա համագործակցության վերաբերյալ: «Անկախ»-ի լրագրողը, ով միևնույն ժամանակ հանդիսանում է ՀՈՒԱԱ-ում Հայ-թուրքական ուսանողական նախաձեռնություն նախագծի հայաստանյան կողմի պատասխանատու համակարգողը, անմիջական մասնակցություն ունենալով այս ծրագրում, հաղորդում է հայաստանյան պատվիրակության Ստամբուլ կատարած այցի բացառիկ մանրամասները:

ՀՈՒԱԱ-ն կամավոր, անկախ, նյութական շահեր չհետապնդող հովանոց հասարակական կազմակերպություն է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի, ինչպես նաև արտասահմանյան պետական և ոչ պետական բուհերի ՀՀ մասնաճյուղերի ուսանողական ինքնակառավարման մարմինների համար: 2012 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Մալթայում տեղի ունեցած Եվրոպական ուսանողական միության`հետայսու ԵՈՒՄ Կառավարման խորհրդի 63-րդ նիստի ժամանակ ՀՈՒԱԱ-ն դարձավ ԵՈՒՄ-ի անդամ, իսկ ԹՈՒԽ-ն`անդամության թեկնածու երկիր: Այդ ժամանակ էլ երկու երկրների ուսանողական պատվիարկությունները առաջին անգամ ծանոթացել և շփվել են: Պետք է նշել, որ մինչ Մալթայում տեղի ունեցած հանդիպումը ՀՈՒԱԱ-ն ԹՈՒԽ-ին հրավիրել էր 2012 թվականի նոյեմբերի 20-ից 21-ը տեղի ունեցած իր 6-րդ ընդհանուր ժողովին, սակայն թուրքական կողմը չէր կարողացել գալ:

Այսպես Մալթայում ՀՈՒԱԱ-ի հետ շփում ունենալուց հետո ԹՈՒԽ-ը Երևան գալու ցանկություն է հայտնում, իսկ ՀՈՒԱԱ-ն նրանց ընդունելու պատրաստակամություն է հայտնում: 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ԹՈՒԽ-ի երեք հոգուց բաղկացած պատվիրակությունը եռօրյա այցով գալիս են Երևան: ՀՈՒԱԱ-ն բարձր մակարդակով կազմակերպում է նրանց ընդունելությունը և ուսանողական միությունների միջև համագործակցության շուրջ բանակցություններ սկսում: ԹՈՒԽ-ն իր երևանյան այցի ժամանակ ՀՈՒԱԱ-ին հրավիրում է Ստամբուլ`մասնակցելու Հրանտ Դինքի մահվան 6-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության շուրջ քննարկումների: ՀՈՒԱԱ-ն, լինելով անկախ և բաց կազմակերպություն, որպես Եվորպական ուսանողական միության անդամ երկիր ընդունեց ԹՈՒԽ-ի հրավերը:

Սույն թվականի հունվարի 18-ից 22-ը ՀՈՒԱԱ-ի հինգ հոգուց բաղկացած պատվիրակությունը գտնվում էր Ստամբուլ քաղաքում: Հունվարի 19-ին նրանք ԹՈՒԽ-ի անդամների հետ միասին մասնակցեցին Ստամբուլի Շիշլի թաղամասի հրապարակից մինչև «Ակօս» թերթի խմբագրատան շենք ընթացող մոտ հինգ ժամ տևած քայլերթին և Հրանտ Դինքի մահվան 6-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը: Այնուհետև ՀՈՒԱԱ-ի պատվիրակությունը հանդիպես «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի, ինչպես նաև Հրանտ Դինքի այրու Ռաքել Դինքի հետ`հայտնելով նրան իրենց խորհին ցավակցությունները: Այցի շրջանակներում հունվարի 20-ին հանդիպեցին երկու երկրների ուսանողական միությունների նախագահությունները`ՀՈՒԱԱ-ի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը և ԹՈՒԽ-ի նախագահ Նիհաթ Բուղրա Աղաօղլուն: Հանդիպման ժամանակ քննարկվեց երկու երկրների ուսանողանան միությունների միջև համագործակցության մասին արձանագրության նախաստորագրումը և արձանագրության պարունակած կետերը:

Հունվարի 21-ին Գալաթասարայի համալսարանի դահլիճում տեղի ունեցավ «Արդար հիշողության համար պատվավոր մի երկխոսություն» անունը կրող ֆորումը, որի առաջին մասում քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների ապագան: Խոսքով հանդես եկան ֆորումին հրավիրված Յշլմազ Էնսարօղլուն`Քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների հիմնադրամի մարդու իրավունքների հարցերով զբաղվող տնօրենը, «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի Հարավային Կովկասի մասնագետ, դոկտոր Բուրջու Գյուլթեքին Պունսմանը, թուրքական «Yeni şafak» թերթի սյունակագիր Հիլալ Քափլանը և Երևանի տարածաշրջանային և գլոբալ համագործակցության կենտրոնից Գևորգ Գալոշյանը: Հրավիրյալները խոսեցին հայ-թուրքական հարաբերությունների պատմության, անցած ուղու և ապագայի մասին:

Ֆորումի երկրորդ մասում նույն թեման քննարկվեց արդեն ուսանողական համագործակցության համատեքստում: ՀՈՒԱԱ-ի կառուցվածքի, խնդիրների և նպատակների մասին պատմեց ՀՈՒԱԱ-ի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Քոչարյանը, իսկ ԹՈՒԽ-ը ներկայացրեց Էգեմեն Աքթանը: Խոսքով հանդես եկան ՀՈՒԱԱ-ի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը, ՀՈՒԱԱ-ի հասարակայնության հետ կապերի և մամուլի հանձնաժողովի անդամ, Հայ-թուրքական ուսանողական նախաձեռնություն նախագծի հայաստանյան կողմի պատասխանատու համակարգող Տաթևիկ Սարգսյանը, ԹՈՒԽ-ից նախագծի համակարգող Սաիդ Չեշիթչիօղլուն և Թուրքիայի միջազգային հարաբերությունների աշխատանքների ակադեմիայի գլխավոր համակարգող Բուրաք Յալըմը, քննարկումը վարում էր 4-րդ սերնդի մտածելակերպի հետազոտության կենտրոնի գլխավոր քարտուղար Ջանսու Ունալը: Քննարկմանը ներկա էին նաև Ստամբուլի Կեդրոնական վարժարանի աշակերտները: Հրապարակվեց նույն օրը նախաստորագրվելիք արձանագրության բովանդակությունը, հնչեցին դրական կարծիքներ, շնորհավորանքներ:

Հունվարի 22-ի երեկոյան Գալաթասարայի կղզում տեղի ունեցավ պաշտոնական ընթրիք, որին հրավիրված էին նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Երեկոյի ընթացքում ՀՈՒԱԱ-ի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը և ԹՈՒԽ-ի միջազգային կապերի հանձնաժողովի նախագահ Թայգուն Օնգյորենը նախաստորագրեցին երեք կետից բաղկացած հայ-թուրքական ուսանողական համագործակցության մասին արձանագրություն, որը կվավերացվի միայն երկու երկրների ուսանողական միությունների ընդհանուր ժողովների ժամանակ քննարկվելուց և հաստատվելուց հետո:

Ըստ նախաստորագրված արձանագրության` ՀՈՒԱԱ-ն և ԹՈՒԽ համագործակցելու են Բոլոնիայի գործընթացի շրջանակներում կրթության որակի բարձրացման և ուսանողներին հուզող խնդիրների լուծման ուղղությամբ: Այս համատեքստում արձանագրության վավերացումից հետո նախատեսվում է մշակույթային, կրթական, սպորտային համատեղ միջոցառումների իրականացում: Համաձայն արձանագրության 3-րդ կետի` երկու երկրների ուսանողական ներկայացուցչական մարմինները, հավատարիմ մնալով իրենց կազմակերպութըունների կանոնադրություններին, հաստատում են, որ իրենց համագործակցության մեջ անկախ են լինելու որևէ երրորդ ուժից:

Պետք է նշել, որ ՀՈՒԱԱ-ի և ԹՈՒԽ-ի համատեղ նախաձեռնությունը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում և ներկայացվել է որպես դրական քայլ երկու երկրների ուսանողների միջև շփում ստեղծելու համար: Այս նախագծին անդրադարձել են թուրքական այնպիսի առաջատար լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Ակօս»-ը, «Radikal»-ը, «Zaman»-ը, «Hürriyet»-ը, «CNN Türk»-ը և այլն:

ՀՈՒԱԱ-ն հույս է հայտնում, որ հայ և թուրք ուսանողների հետագա համագործակցությունը կնպաստի երկու երկրներում էլ ուսանողների կրթության մակարդակի բարելավմանը`որպես Եվրոպական ուսանողական ընտանիքի անդամներ:


Հայ-թուրքական
ուսանողական նախաձեռնություն
նախագծի հայաստանյան կողմի
պատասխանատու համակարգող
Տաթևիկ Սարգսյան

Դիտվել է 2711 անգամ:
Print Friendly

Leave a Reply